Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավորներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավորները ՀՀ-ի հետ միջխորհրդարանական կապերի խմբի ղեկավար Արտյոմ Դմիտրուկի գլխավորությամբ ՀՀ ԱԺ Հայաստան-Ուկրաինա բարեկամական խմբի ղեկավար Հրաչյա Հակոբյանի և խմբի անդամների ուղեկցությամբ նոյեմբերի 15-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Հյուրերը մեր երկրում են Ուկրաինայի հայերի միության հիմնադրման 20-ամյակին նվիրված աշխատանքային համաժողովին մասնակցելու նպատակով:
Նրանք ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը:
«Հայաստանը և Ուկրաինան եղբայրական երկրներ են: Հայերի ցեղասպանությունը մարդկության պատմության այն փաստն է, որը չպետք է կրկնվի: Նման իրողություններն անթույլատրելի են»,- ասել է Արտյոմ Դմիտրուկը:
Ըստ պատգամավորի՝ Ուկրաինան և Հայաստանը շատ ընդհանրություններ ունեն. ինչպես ուկրաինացիները, այնպես էլ հայերը տարբեր ժամանակներում ստացել են ցավոտ հարվածներ: «Մենք պետք է բարեկամ լինենք, անհրաժեշտ պահերին օգնության ձեռք մեկնենք միմյանց»,- ընդգծել է ուկրաինացի պատգամավորը:
Araratnews.am