Մոսկվան եւ Անկարան քննարկել են «3+3» մեխանիզմի գործարկումը
Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն եւ նրա թուրք գործընկեր Սեդաթ Օնալը քննարկել են «3+3» մեխանիզմի գործարկումը։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի ԱԳ նախարարությունը։
Ըստ հաղորդման, Բաքվի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների նորմալացման կոնտեքստում նշվել է կարեւորությունը՝ հետեւողականորեն իրականացնելու Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունները։
Ընդգծվել է առաջիկայում Հարավային Կովկասի ռեգիոնալ խորհրդատվական «3+3» մեխանիզմի գործարկման արդիականությունը։ Առարկայական մտքերի փոխանակություն է տեղի ունեցել Կենտրոնական Ասիայում տիրող իրավիճակի, այդ թվում նաեւ՝ Աֆղանստանում վերջին շրջանում տեղի ունեցած զարգացումների շուրջ։
Մի շարք այլ կարեւոր հարցերի շուրջ կողմերը դիվանագիտական լեզվով ասած՝ իրականացրել են «ժամացույցների համապատասխանեցում», որոնք կապված են ԱՊՀ տարածքում իրադրության եւ Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ։ Արձանագրվել է ռուս-թուրքական հարաբերությունների շեշտակի զարգացումը։
Hraparak.am