Մեծ Բրիտանիայի զինված ուժերի հեռացող ղեկավարն ասել է, որ Արևելյան Եվրոպայում վերջին լարվածությունից հետո բանակը պետք է պատրաստ լինի Ռուսաստանի հետ պատերազմի, թեպետ նա չի հավատում, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իսկապես ցանկանում է Արևմուտքի հետ «թեժ պատերազմ»:

Գեներալ Նիք Քարթերն ասել է, որ Ռուսաստանն այժմ ավելի մեծ սպառնալիք է Արևելյան Եվրոպայի համար, քան ութ տարի առաջ, երբ ինքը նոր էր սկսել պաշտոնավարել, գրում է The Guardian-ը՝ մանրամասնելով, որ Մեծ Բրիտանիայի ԶՈՒ ղեկավարը մի շարք հարցազրույցներ է տվել մինչև ամսվա վերջ պաշտոնից իր հեռանալը:

Նա ասել է, որ «հստակ հույս ունի, որ Ռուսաստանի հետ պատերազմ չի լինի, և ինքը չի հավատում, որ երկիրը ցանկանում է ֆիզիկական պատերազմ, բայց ՆԱՏՕ-ն պետք է պատրաստ լինի»:

Բարձրաստիճան զինվորականը նման հայտարարությամբ է հանդես եկել Լեհաստանի և Ռուսաստանի դաշնակից Բելառուսի միջև սահմանին լարվածության և ճամբարներում փախստականների կուտակման ֆոնին, ինչպես նաև նշանների, որ ռուսական զորքերը կարող են կուտակվել Ուկրաինայի հետ սահմանի երկայնքով:

Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը Պուտինին հորդորել էր միջամտել սահմանին ծավալվող «փախստականների ճգնաժամին»: Արևմտյան երկրները մեղադրում են Բելառուսին ԵՄ մտնել ցանկացող մարդկանց դեպի սահման ուղղորդելու համար, մինչդեռ Լեհաստանը մերժում է նրանց մուտքի ջանքերը:

«Ռուսաստանը, հավանաբար, գլոբալ ռազմավարական համատեքստը դիտարկում է որպես շարունակական պայքար, որտեղ, կարծում եմ, նրանք կկիրառեն ազգային ուժի բոլոր գործիքները՝ իրենց նպատակներին հասնելու համար։ Բայց դրանով ռուսները չեն ցանկանում թեժ պատերազմ սկսել: Հարցն, իհարկե, այն է, թե ինչպես եք դուք սահմանում պատերազմը, և ես, որպես զինվոր, հակված կլինեմ սահմանել պատերազմը որպես իրական մարտական գործողություն և կռիվ, և ես չեմ կարծում, որ նրանք դա ուզում են: Կարծում եմ՝ նրանք ցանկանում են փորձել և հասնել իրենց նպատակին ավելի նուրբ ձևերով»։

Ավելի ուշ նա BBC One-ին ասել է, որ Ռուսաստանը հետևում է «հիբրիդային սցենարին, որում ապատեղեկատվությունն ասոցացվում է ապակայունացման հետ, և փախստականներին դեպի Եվրամիության սահմաններ մղելու գաղափարն այս տեսակի դասական օրինակ է»,- ասվում է հոդվածում։

Հարցին, թե դա կարո՞ղ է վերածվել կրակոցներով պատերազմի, Քարթերն ասել է. «Ես չգիտեմ: Կարծում եմ, որ մենք պետք է զգոն լինենք և համոզվենք, որ զսպողությունը գերակայում է, և մենք պետք է համոզվենք, որ ՆԱՏՕ-ի դաշինքում միասնություն կա, և մենք թույլ չենք տա, որ որևէ բացեր առաջանան մեր հավաքական դիրքերում»:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն