Որևէ բան մեզ չի կաշկանդում մանդատները վայր դնել։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

«Մենք մանդատներն օգտագործելու ենք բոլոր հնարավոր ելքերով, այդ թվում՝ բացահայտելով այս իշխանությունների ապօրինությունները, ազգադավ լինելը, իրականացնելու ենք այն բոլոր գործողությունները, որոնց հնարավորությունը տալիս է մանդատը՝ ՍԴ դիմել, ԱԺ-ում հարցեր պարտադրել և բազմաթիվ այլ բաներ։ Այո՛, նաև մանդատները դնելու հարցը մեր օրակարգից դուրս չի եկել, բայց դա կլինի այն ժամանակ, երբ մենք կտեսնենք, որ դրանով կհասնենք մեր վերջնական նպատակին՝ փոխել կապիտուլացված իշխանությանը, երկրում վերականգնել ազգային իշխանություն և ձևավորել սահմանադրական կարգ»,-հայտարարեց պատգամավորը։

Մինասյանը վստահեցրեց՝ «Հայաստան» խմբակցության 29 պատգամավորները, որոնցից 3-ը գտնվում են, իր խոսքով, ապօրինի կալանքի տակ, կաշկանդված չեն որևէ մանդատի կամ կարգավիճակի առկայությամբ։

Անդրադառնալով ԱԺ խորհրդի նիստի չկայանալուն՝ ընդդիմադիր խմբակցության ղեկավարը հայտարարեց․ «Այն, ինչ երեկ արեց ԱԺ ղեկավարությունը, ակնհայտ ապօրինություն է, որը ևս մեկ անգամ բացահայտում է այս իշխանության հակաօրինական, հակասահմանադրական, հակաազգային, հակապետական գործունեությունը»։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն