Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների հայտնվելուն պես մեծ պատերազմն Ադրբեջանի և Հայաստանի միջև տրոհվել է փոքր հակամարտություների: Կրակում են և՛խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում, և՛ հայ-ադրբեջանական սահմանին: Այս մասին գրում է «Կոմերսանտ»-ը՝ անդրադառնալով նոյեմբերի 14-15-ին հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում տեղի ունեցած միջադեպերին:

Հոդվածագիրն ընդգծում է, որ միկրոպատերազմները չեն դադարի, քանի դեռ իրական խաղաղության պայմանագիր չի հայտնվել, իսկ կողմերը չեն լուծել սահմանազատման հարցերը:

Պարբերականը նշում է, որ ադրբեջանական կողմից հայտնել են Քարվաճառի շրջանի Փիփ (Զեյլիկ) և Ելիջա համայնքների շրջանում տեղի ունեցած կրակոցների մասին: «Հայկական կողմից թեև բնակավայրերի տեղանուններ չեն նշվել, խոսքն, ամենայն հավանականությամբ, սահմանի նույն հատվածի մասին է»,- նկատում է աղբյուրը՝ հավելելով, որ նման տեղեկություններ ստացվում էին նաև անցյալ տարվա ղարաբաղյան պատերազմի մեկնարկից առաջ: Դրանք շարունակում են հաղորդվել նաև պատերազմի ավարտից և այնտեղ ռուս խաղաղապահների տեղակայումից մեկ տարի անց:

«Հայ-ադրբեջանական սահմանի խնդիրները պայմանավորված են այն հանգամանքով, որ այն դեռևս սահմանազատված չէ: Այնտեղ խնդիրների հսկայական կույտ կա: Կան անկլավներ, կան գյուղեր, որոնք համարվում են օկուպացված»,- պարբերականի հետ զրույցում նշել է ռուսական պետական կառույցների ներկայացուցիչը, որը զբաղվում է տարածաշրջանի հարցերով: Վերջինս որպես օրինակ բերել է Դավիթ Բեկ-Գորիս ճանապարհը, որը տեղ-տեղ հայտնվում է Ադրբեջանի տարածքում:

Ըստ ռուս պաշտոնյայի՝ Մոսկվան պատրաստ է օգնել կողմերին քանդել այդ հանգույցները, սակայն գործընթացը հեշտ չի ընթանում: Առայժմ միայն խորհրդակցություններ են տեղի ունեցել սահմանազատման հարցով, սակայն համապատասխան հանձնաժողով ստեղծելու մասին չի հայտարարվել: «Կոմերսանտ»-ի տեղեկություններով՝ դա կարող է տեղի ունենալ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպման ժանանակ, որի անցկացման ամսաթիվը դեռևս վերջնականապես չի համաձայնեցվել:

«Եթե հաջողվի սկսել սահմանազատման գործընթաց, կողմերը, ամենայն հավանականությամբ, պետք է տարածքների փոխանակում անեն: Իսկ դրան պետք է պատրաստ լինի հասարակական կարծիքը և՛ Ադրբեջանում, և՛ Հայաստանում: Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը ԱՊՀ խորհրդի նիստում նոյեմբերի 12-ին հայտարարել էր, որ Ադրբեջանը պատրաստ է սահմանազատման գործընթաց սկսել: Երևանում իշխանություններին ավելի բարդ է համաձայնել դրան: Նիկոլ Փաշինյանը ոչ առանց ջանքերի կարողացավ մնալ իշխանության գլխին 2020 թվականին պատերամզում պարտվելուց հետո: Եթե պարզվի, որ Երևանը զիջել է կամ պատրաստվում է ինչ-որ բան զիջել Բաքվին, վարչապետի համար նոր խնդիրները երաշխավորված կլինեն»,- նկատում է աղբյուրը:

Անդրադառնալով Արցախի տարածքում կողմերի միջև տեղի ունեցող բախումներին և հատկապես նոյեմբերի 8-ին Շուշիի մոտակայքում ջրատարների վերանորոգման աշխատանքներին մասնակցող 22-ամյա Մարտիկ Երեմյանի սպանությանը, աղբյուրը մեջբերում է ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար գեներալ-լեյտենանտ Գենադի Անաշկինին. «Քրտնաջան և պատասխանատու աշխատանքը, որն անում են խաղաղապահները, կանխում է հակամարտությունները պատերազմող կողմերի միջև»:

Խաղաղ անվանել նման իրավիճակը դժվար կլինի: Այս մասին գրելով աղբյուրը մեջբերում է ԼՂՀ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանին, որի խոսքով՝ «մեզ համար ոչինչ չի ավարտվել»: «Մեզ համար անընդունելի է ցանկացած կարգավիճակ Ադրբեջանի կազմում: Դա անհնար է: Մենք երբեք չենք հրաժարվի Շուշիից, Հադրութից, Շահումյանից: Դրանք մեր հողերն են»,- ասել է Բաբայանը:

Ռուս խաղաղապահներն այստեղ կմնան ևս 4 տարի: Կերկարաձգվի նրանց տեղակայումը՝ հարց է: Այն բանից հետո, երբ ԼՂՀ-ն չափսերով սեղմվել է պատերազմի արդյունքներով, տեղի բնակիչները մշտապես ադրբեջանցի զինվորականների են տեղնում: Դա չի ուրախացնում կողմերից և ոչ մեկին:

«Այս կայուն անկայունությունը կամ անկայուն կայունությունը շարունակվելու է նաև հետագայում: Պատերազմն ավարտվե՞լ է: Եթե կարճ՝ ոչ, չի ավարտվել: Ինչպե՞ս է այն շարունակվելու: Կան հնարավոր տարբերակներ»,- ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի ղեկավար Ալեքսանդր Մարգարովը:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն