ԵՄ-ն Բաքվին և Երևանին անհապաղ ապաէսկալացիայի և սահմանին ամբողջական հրադադարի կոչ է արել
ԵՄ-ն Բաքվին և Երևանին կոչ է անում անհապաղ ապաէսկալացնել իրավիճակը և սահմանին ամբողջական հրադադար հաստատել: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությւոնը, այս մասին ասել է Եվրոպայի խորհրդի ղեկավար Շառլ Միշելը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին, ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։ Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների՝ հայկական դիրքերի վրա նախաձեռնած հարձակման հետևանքով սկսված մարտերի արդյունքում հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ:
Ժամը 17։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում, ուր այսօր հարձակում էին նախաձեռնել Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, շարունակում է ծայրահեղ լարված մնալ։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն:
Մարտերի ինտենսիվությունը չի թուլացել։ Հակառակորդը շարունակում է կիրառել հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդն ունի անձնակազմի մեծաթիվ կորուստներ, զրահատեխնիկայի շուրջ մեկ տասնյակ միավոր ոչնչացվել կամ շարքից դուրս է բերվել։ Հայկական կողմը նույնպես կորուստներ ունի։ Տվյալները ճշտվում են։ ՀՀ ԶՈՒ 12 զինծառայող՝ 7 պայմանագրային և 5 ժամկետային գերեվարվել են։ Պաշտպանության նախարարությունը կշարունակի պարբերաբար հանդես գալ իրադրության վերաբերյալ հաղորդագրություններով։
Tert.am