Իրենք ինձնից վախենում են. Ի դեպ, ճիշտ են անում. Ռոբերտ Քոչարյան
Հանդիպումների ժամանակ ում հետ խոսում ես, ասում է՝ երկիրն անտեր է մնացել ու դրանից վատ բան չկա: Այս մասին Արագածոտնի մարզի քաղաքացիների եւ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը:
«Եթե ընտանիքում այդ զգացողությունը գալիս է, ընտանիքի քայքայման պրոցես է սկսվում: Եթե երկրի մասշտաբով է այդ զգացողությունը, ուրեմն քո երկրի քայքայման գործընթացն է սկսվել: Մենք պետք է կարողանանք հունիսի 20-ից հետո վերականգնենք տեր ունենալու զգացողությունը, որ Հայաստանն անտեր չի: Մենք ներկայացրել ենք մեր ծրագրերը, այն թիմը, որով գալիս ենք ծայրահեղ ծանր խնդիրները լուծելու համար: Ինչ էլ անենք, ինչ սիրուն ծրագրեր էլ գրենք, առանց ձեր մասնակցության օդում կախված է մնալու»,-ասաց նա:
Անդրադառնալով հարցին, թե ինչու «Հայրենիքի փրկության շարժումը» հաջողություն չունեցավ, եւ ինչու Ռոբերտ Քոչարյանը չգլխավորեց այն, Քոչարյանն ասաց. «Այն ժամանակ ենթադրվում էր, որ խորհրդարանը պետք է ընտրի նոր վարչապետ մեկ տարվա կտրվածքով, որպես ժամանակավոր կառավարություն: Վազգեն Մանուկյանը հանդիպել էր այն ժամանակ ինձ հետ եւ առաջարկել էր ակտիվ մտնել այդ գործընթացի մեջ: Այն վիճակը չէր, որ նա շատ մեծ ցանկություն ուներ, նա ծանր պարտականություն ստանձնեց՝ մտնելով այդ պայքարի մեջ:
Իմ պատասխանը հետեւյալն էր. եթե փորձում ենք խորհրդարանով ընտրելու այլ մարդու, ապա ես վերջին մարդն եմ, որի համար այս խորհրդարանը կարող է ձայն տալ: Իրենք ինձնից վախենում են, բոլորս գիտենք: Ի դեպ, ճիշտ են անում:
Պետք էր՝ առաջադրել որպես շարժման ղեկավար մի մարդու, որին բանտում չեն պահել, որի վրա արհեստական գործեր չեն կարել, որին այդպիսի վատություններ չեն արել, որ հեշ լիներ այդ խնդրի լուծումը տալ:
Ընդամենը պետք էր, որ 25-30 պատգամավոր դուրս գային «Իմ քայլը» խմբակցությունից եւ միասնական մյուս խմբակցությունների հետ միասին ընտրել նոր վարչապետ: Մենք կխուսափեինք այս ընտրություններից, մեկ տարի հետո ավելի հանդարտ վիճակում կկազմակերպեինք ընտրություններ: Բայց ուսապարկերը ախր շատ ուսապարկ դուրս եկան: Քանի որ այդ 25-30 հոգւին դուրս չեկան, այ շարժումը որոշակի դժվարություններ ունեցավ, որովհետեւ նաեւ ժողովրդի կողմից չեղավ այդ պոռթկումը, բավարար զանգված չհավաքվեց:
Դա էր պատճառը, որ ես առաջին օրից չեմ հայտնվել փողոցում, այդ պայքարին մասնակցող 17 ուժերի հետ միասին: Իմ աջակիցներն այնտեղ էին»: