Հայաստանի իշխանություններն ակնկալում են, որ Ռուսաստանը, որպես ռազմավարական գործընկեր, կօգնի լուծելու խնդիրները՝ կապված Ադրբեջանի գործողությունների հետևանքով սահմանին ստեղծված իրադրության հետ: Այս մասին ռուսական Коммерсант-ին ասել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե հատկապես ի՞նչ օգնություն է ակնկալում հայկական կողմը՝ 1997 թվականի համաձայնագրի շրջանակում դիմելով պաշտոնական Մոսկվային:

Արմեն Գրիգորյանը, ով Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների ամենամյա հանդիպմանը, նշել է, որ այսօր ադրբեջանական զինված ուժերը գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում: «Դա ագրեսիայի գործողություն է: 1997 թվականին Հայաստանն ու Ռուսաստանը պայմանավորվել են նման դեպքերում փոխադարձ օգնել միմյանց: Հենց այդ առնչությամբ էլ դիմել ենք Ռուսաստանին»,- ասել է Գրիգորյանը:

Коммерсант-ի ճշտող հարցին, թե հատկապես ինչպիսի՝ ռազմական, թե դիվանագիտական օգնություն է Երևանն առաջնահերթ ակնկալում ռուսական կողմից՝ նա պատասխանել է. «Մենք կողմնակից ենք, որ խնդիրը լուծվի դիվանագիտական ճանապարհով: Սակայն եթե դիվանագիտական ճանապարհով դա անել հնարավոր չլինի, ապա պետք է խնդիրը կարգավորել ռազմական ճանապարհով»:

Արմեն Գրիգորյանը նշել է, որ հայկական կողմի համար այս հարցում առաջնահերթ են Ռուսաստանն ու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ): «Սակայն եթե լուծում չգտնվի, ապա մենք կսկսենք դիտարկել նաև մյուս հնարավորությունները»,- ասել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն