Թբիլիսին պատրաստ է բոլոր ջանքերը գործադրել տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման համար. Վրաստանի ԱԳ նախարար
Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին Բրյուսելում հանդիպում է ունեցել Ադրբեջանի և Հայաստանի գործընկերների հետ, որի ընթացքում կողմերին վստահեցրել է, որ Թբիլիսին պատրաստ է բոլոր ջանքերը գործադրել տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման համար։ ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին չորեքշաբթի հայտնել է Վրաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Արևելյան գործընկերության ԱԳ նախարարների հանդիպման շրջանակում Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին բանակցություններ է վարել Ադրբեջանի և Հայաստանի գործընկերների՝ Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի հետ։ Դիտարկվել է իրավիճակը տարածաշրջանում։ Վրաստանի փոխվարչապետը ևս մեկ անգամ նշել է տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդման և հարևան երկրների միջև լարված իրավիճակի ապաէսկալացման կարևորությունը։ Զալկալիանին հաստատել է վրացական կողմի պատրաստակամությունը՝ ապագայում բոլոր ջանքերը գործադրելու տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության համար», - ասվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին, ժամը 13։00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են գործել սահմանի տվյալ ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա։ Հակառակորդը կիրառել է նաև հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։
Հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդն ունի կենդանի ուժի մեծաթիվ կորուստ, մի քանի միավոր զինտեխնիկա ոչնչացվել կամ շարքից դուրս է բերվել։ Հայկական կողմը նույնպես կորուստներ ունի։
Ըստ ՀՀ ՊՆ-ի՝ նոյեմբերի 17-ի ժամը 10։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում, ուր տեղակայված հայկական դիրքերի վրա նախորդ օրը լայնածավալ հարձակում էին գործել Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, հարաբերականորեն կայուն է, կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում պահպանվում է։
Նոյեմբերի 16-ի մարտական գործողությունների արդյունքում հակառակորդն ունի մինչև 70 զոհված և վիրավոր զինծառայող, ինչպես նաև զինտեխնիկայի զգալի կորուստներ, մասնավորապես՝ 4 БТР զրահափոխադրիչ, 1 Sandcat զրահամեքենա, 5 ավտոմոբիլային միջոց (Камаз, Урал, УАЗ)։
Հայկական կողմն ունի 1 զոհված և 13 գերեվարված զինծառայող։ Եվս 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։ Զինծառայողների հայտնաբերման ուղղությամբ ընթանում են ինտենսիվ աշխատանքներ։ Հակառակորդի վերահսկողության տակ է անցել երկու մարտական հենակետ։
Ռուսական կողմի միջնորդությամբ ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման և գերեվարված հայ զինծառայողների վերադարձի շուրջ։
Նոր տեղեկությունների դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա համապատասխան հաղորդագրությամբ։