«Վերջին իրադարձությունները հաստատում են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի վաղաժամ մեկնարկի և սահմանագծման կարևորությունը». ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանը կարևոր է համարում, որ Հայաստանը և Ադրբեջանը հնարավորինս շուտ սկսեն սահմանազատման գործընթացը, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Վերջին իրադարձությունները հաստատում են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի վաղաժամ մեկնարկի և սահմանագծման կարևորությունը, ինչպես նաև համապատասխան հանձնաժողովի աշխատանքի մեկնարկը՝ նախկինում ներկայացված ռուսական առաջարկների հիման վրա», - ասել է Զախարովան չորեքշաբթի կայացած ճեպազրույցում։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է նաև, որ ՀԱՊԿ-ն «ուշադրությամբ հետևում է» իրավիճակին հայ-ադրբեջանական սահմանին։
«Ռուսաստանը լրջորեն է վերաբերվում թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ պարտավորություններին, երկկողմ գծով համապատասխան խորհրդակցություններ են անցկացվում... Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, ապա, մեր տեղեկություններով, նրանք ուշադիր հետևում են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին»,-ընդգծել է նա:
«Ռուսաստանը կապի մեջ է և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ՝ իրավիճակը խաղաղ հուն տեղափոխելու համար», - ճեպազրույցի ժամանակ ասել է Զախարովան։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հավելել է, որ երեքշաբթի ՌԴ նախագահը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետի հետ, իսկ ՌԴ պաշտպանության նախարարը հեռախոսազրույցներ է ունեցել նաև հայ և ադրբեջանցի գործընկերների հետ։
«Միջնորդական այս ջանքերի արդյունքում երեկ երեկոյան կռիվներն ու բախումները դադարել են։ Համատեղ աշխատանքը շարունակվում է լարվածությունը վերացնելու ուղղությամբ», - ասել է Զախարովան։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին, ժամը 13։00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են գործել սահմանի տվյալ ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա։ Հակառակորդը կիրառել է նաև հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։
Հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդն ունի կենդանի ուժի մեծաթիվ կորուստ, մի քանի միավոր զինտեխնիկա ոչնչացվել կամ շարքից դուրս է բերվել։ Հայկական կողմը նույնպես կորուստներ ունի։
Այս պահին ճշտված տվյալներ կան մեկ զոհի մասին՝ 1991թ. ծնված, պայմանագրային զինծառայող, շարքային Մերուժան Արթուրի Հարությունյան։ Վիրավորների թիվը նույնպես ճշտվում է։ Եվս 12 զինծառայող գերեվարվել է։ Նոր տեղեկությունների դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա համապատասխան հաղորդագրությամբ։
Tert.am