Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղերում այս պահին ունենք տրանսպորտային միջոցներ, որոնք ապահովում են այդ գյուղերի կարիքները։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը։

«Շուռնուխում արդեն մեկ տարի է՝ ունենք տաքացման կետ, մեր աշխատակիցները գտնվում են Շուռնուխում և ցանկացած պահի աջակցում են Շուռնուխի բնակչությանը։ Բացի այդ, նախորդ օրը Տաթև-Կապան ճանապարհահատվածում տեղադրել ենք մեկ տաքացման կետ։ Մեկ այլ տաքացման կետ ենք նախատեսում ունենալ Վերին Խոտանան գյուղի հատվածում։ Այդ տաքացման կետերում լինելու են առաջին բուժօգնության անհրաժեշտ միջոցներ, բացի այդ, ունենալու ենք ամենագնաց մեքենաներ, որը կկարողանա ճանապարհների խցանման դեպքում հասնել օգնության»,– ասաց նա։

Նախարարը նշեց, որ ունեն տրանսպորտային միջոցներ, որոնք ցանկացած պահի ոչ միայն հաց են հասցնելու սահմանամերձ բնակչությանը, այլև ըստ անհրաժեշտության` ցուցաբերելու են ցանկացած տիպի օգնություն։

«Բարձրավան, Որոտան Շուռնուխ հատվածում մշտապես այդ մեքենաները առկա են և մշտապես աշխատում են։ Ձյան պայմաններում աշխատող մեքենաներն էլ այս երկու օրվա ընթացքում տեղափոխվելու են այդ հատվածներ։ Լինելու են նաև համապատասխան քարշակներ վթարների դեպքում առաջացած խնդիրը լուծելու համար»,– հավելեց նախարարը։

Հարցին` ինչու առաջին անհրաժեշտության աշխատանքները չեն կատարվել ավելի վաղ, նախարարը հրաժարվեց պատասխանել` հորդորելով հարցը ուղղել համապատասխան գերատեսչություններ։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն