Մեր զրուցակիցն է ԱԺ նախկին պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Տարոն Սիմոնյանը

Պարոն Սիմոնյան, այսօր կառավարության նիստին վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ ՌԴ պաշտպանության նախարարության՝ դեմարկացիայի ու դելիմիտացիայի նախապատրաստական փուլի վերաբերյալ առաջարկները հայկական կողմի համար ընդունելի են։

Ճիշտն ասած, ես տեղեկատվություն չունեմ՝ ինչ առաջարկի մասին է խոսքը, հետևաբար չեմ կարող որևէ ամփոփ կարծիք հայտնել այդ առաջարկների վերաբերյալ, բայց մտահոգություն ունեմ, որ այդ դեմարկացիան և դելիմիտացիան եթե մենք իրականացնում ենք, Արցախի հարցի հետ կապված լուրջ խնդիրներ ենք ունենում: Որովհետև հաշվի առնելով նաև այս կառավարության ներուժը իրավական գրագիտության և քաղաքական շահը պաշտպանելու տեսանկյունից, ես շատ լուրջ կասկածներ ունեմ, որ դրանով արցախյան հիմնահարցի բավականին հակահայկական  քայլերի ականատես ենք լինելու: Ուստի ես այս քայլի հետ կապված չէի շտապի՝ հատկապես հաշվի առնելով, որ աշխարհում դեմարկացիա և դելիմիտացիա շատ պետություններ չեն արել: Նույն Ռուսաստանը Ադրբեջանի հետ չի արել, մենք Վրաստանի հետ չենք արել, Ադրբեջանը Վրաստանի հետ չի արել և այլն:

Պարոն Սիմոնյան, երեկ ՄԱԿ-ում մեր ներկայացուցիչը ելույթ ունեցավ, սակայն նշվում է, որ այս ելույթը որևէ կարևորություն չունի, կարևոր է ՄԱԿ Անվտանգության խորհրդին դիմելը։ Ինչպիսի՞ իրավական գործընթաց է սա ենթադրում։

Ելույթով կարող եք շատ բան նշել, իհարկե, դա իր մեջ պարունակում է տեղեկատվության փոխանցման որոշակի քայլ, բայց հատուկ գործընթաց կա ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ դիմելու։ Նշելով, որ տարածաշրջանում ուժի կիրառման ակնհայտ դեպքը, ագրեսիան ինքնին խաթարում են տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը, և երաշխավորված է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը եթե ՄԱԿ-ի կանոնադրության 34, 35-րդ հոդվածների հիման վրա նման դիմում ստանում է, ապա կարող է առնվազն դիտարկել նիստ գումարելու հնարավորությունը և որոշակի միջամտություն կատարելու հավանականությունը, եթե այդպիսին կա: Առնվազն գոնե որոշակի արձագանք պետք է կատարի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, եթե սահմանված ընթացակարգով իրեն դիմում են, ինչը տվյալ պարագայում չի կատարվել:

Ինչպե՞ս եք գնահատում այս օրերին միջազգային տարբեր հայտարարությունները Հայաստանի՝ սահմանային լարվածության վերաբերյալ, որտեղ դարձյալ հավասարության նշան է դրվում և չի նշվում, որ Ադրբեջանը ներխուժել է ՀՀ տարածք։ Սա դիվանագիտական ձախողում կարելի՞ է դիտարկել։

Ինչ վերաբերում է մեր մյուս գործընկերների հայտարարություններին, որոնք, ըստ էության, հավասար պայմաններում են դնում Հայաստանին ու Ադրբեջանին, դա ևս մեկ անգամ ապացուցում է, որ մեր դիվանագիտական աշխատանքները բավարար չեն, և նորմալ չի կազմակերպվում հայկական շահի պաշտպանությունը և ներկայացումը արտաքին հարաբերություններում թե փաստական հանգամանքները ներկայացնելու տեսանկյունից, թե այլ տեսանկյուններից: Եթե մեր խորհրդարանի անդամները թողնեն իրենց ամենօրյա «շատ լուրջ» աշխատանքը և զբաղվեն պառլամենտական դիվանագիտությամբ, տեղեկատվությունը ճիշտ ներկայացնեն գոնե մեր գործընկեր պետությունների պառլամենտների ներկայացուցիչներին, մեր ԱԳՆ-ն իր գործը ճիշտ կատարի, ապա մենք կրկին ամբողջ բեռը չենք տեղափոխի զինվորի ուսերին ու հետո մտածենք, թե ոնց պետք է զինվորը այդ ամենի տակից դուրս գա: Հետևաբար, սա ևս մեր բացթողնման արդյունքը կարող եմ դիտարկել:

Lragir.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն