Ֆրանսիան դատապարտել է Ռուսաստանի կողմից Փարիզի և Բեռլինի հետ դիվանագիտական նամակագրության հրապարակումը։ Այս մասին հինգշաբթի հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչը, գրում է korrespondent.net-ը։

«Մենք ի գիտություն ենք ընդունել ՌԴ ԱԳ նախարար Լավրովի որոշումը՝ մեր նամակագրությունը հրապարակայնացնելու մասին, կարծում ենք, որ այդ մոտեցումը հակասում է դիվանագիտական կանոններին ու սովորույթներին»,- ասել է նա։

Նա հավելել է, որ Գերմանիան և Ֆրանսիան ամիսներ շարունակ աշխատել են բանակցությունները շարունակելու և Մինսկի համաձայնագրերի հիման վրա խաղաղության կոնկրետ օրակարգ իրականացնելու ուղղությամբ՝ ներկայացնելով մի քանի կոնկրետ առաջարկներ «նորմանդական ձևաչափով» նախարարների հանդիպման համար։

«Ռուսաստանը հրաժարվեց մասնակցել նման հանդիպմանը, մենք կոչ ենք անում Ռուսաստանին վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ և շարունակել քննարկումները հաստատված ձևաչափերով և համաձայնեցված սկզբունքներով»,- ամփոփել է Ֆրանսիայի ԱԳՆ խոսնակը։

Свободная Пресса-ի փոխանցմամբ՝ Գերմանիայի ԱԳՆ-ն ի գիտություն է ընդունել Ռուսաստանի կողմից «նորմանդական ձևաչափի» շրջանակներում տեղի ունեցած քննարկումների հրապարակումը։

«Մենք ի գիտություն ենք ընդունել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի որոշումը՝ մեր նամակագրությունը հրապարակայնացնելու վերաբերյալ։ Գերատեսչությունը դա համարում է դիվանագիտական պրակտիկայի կոպիտ խախտում»,- ասված է հաղորդագրությունում։

Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, նախօրեին ՌԴ ԱԳՆ-ն հրապարակել է արտգործնախարար Սերգեյ Լավրովի նամակագրությունը Ֆրանսիայի և ԳԴՀ ԱԳ նախարարների հետ՝ նախարարների «նորմանդական» հանդիպման վերաբերյալ ռուսական դիրքորոշման խեղաթյուրումներից խուսափելու համար։

Ինչպես նշվում է ՌԴ ԱԳՆ կայքում, «վերջին շրջանում խեղաթյուրվում են Ռուսաստանի դիրքորոշումը, նրա դերը ներուկրաինական կարգավորման հարցում և մոտեցումները «նորմանդական ձևաչափով» հնարավոր նախարարական հանդիպում անցկացնելու վերաբերյալ»։

«Հետագա շահարկումները կանխելու համար ՌԴ ԱԳՆ-ն որոշել է հրապարակել առաջնային աղբյուրները և ՌԴ ԱԳ նախարար Ս. Վ. Լավրովի դիվանագիտական նամակագրությունը Գերմանիայի և Ֆրանսիայի արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարներ Հ. Մաասի և Ժ. Ի. Լե Դրիանի հետ»,-հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն