ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Երևան քաղաքի երկու բնակչի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի մի շարք հանգամանքներ, տեղեկացնում է Քննչական կոմիտեն:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի 37-ամյա բնակիչը, 47-ամյա ծանոթի հետ անձնական հարցերի շուրջ պարզաբանումներ կատարելու նպատակով, 2018թ. դեկտեմբերի 4-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, իր երկու եղբայրների հետ գնացել է հիշյալ ծանոթին պատկանող, Երևան քաղաքի Ռոստովյան փողոցում գործող բաղնիքի տարածք:

Նշված վայրում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 37-ամյա տղամարդը ծանոթի առողջությանը ծանր վնաս պատճառելու դիտավորությամբ, ապօրինի կերպով ձեռք բերած և կրած գործարանային արտադրության ակոսափող ատրճանակից անկանոն կրակոցներ է արձակել վերջինիս և նրա որդու ընկերոջ ուղղությամբ՝ նրանց առողջությանը դիտավորությամբ պատճառելով ծանր և միջին ծանրության մարմնական վնասվածքներ։                                                                 

Այդ ընթացքում վիճաբանության մասնակից 29-ամյա երիտասարդը դանակով հարվածներ է հասցրել վիճաբանության մասնակից եղբայրներից մեկին՝ նրա առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 37 և 29-ամյա տղամարդկանց մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննությունն ավարտվել է և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն