Լոռու մարզում տեղի ունեցած դանակահարության հետևանքով 31-ամյա երիտասարդ է մահացել. հարուցվել է քրգործ
ՀՀ Լոռու մարզի Արևաշող գյուղ տանող ճանապարհին տեղի ունեցած դանակահարության հետևանքով մահացել է 31-ամյա մի երիտասարդ:
«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասաց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը:
Դեպքի վերաբերյալ Արևաշող համայնքի բնակչից «Սպիտակ» ԲԿ ահազանգը ստացվել է ժամը 01:20-ին:
Երիտասարդը ԲԿ է ընդունվել ձախ ազդրի վերին երրորդականի ծակած-կտրած վերք՝ ազդրային զարկերակի մկանների փակեղների վնասումով, զարկերակային արյունահոսություն, աջ աճուկափոշտային շրջանի ծակած-կտրած վերք, հեմոռագիկ անեմիկ շոկ, ագոնալ վիճակ, գլխուղեղի ցիլկուլյատոր հիպոքսիա» ախտորոշմամբ։
«Ճանապարհին ինչ-որ հարցի շուրջ մի քանի հոգով խոսելուց հետո քաշքշուկ է սկսվել: Հենց այդ ընթացքում տեղի է ունեցել դանակահարություն, երիտասարդին տարել են «Սպիտակ» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով, հենց վիրահատության ժամանակ նա մահացել է: Պարզվել է, որ մահացողը Լոռու մարզի Արևշող գյուղի բնակիչ, 31-ամյա Տարոն Դունամալյանն է»,- նշեց Թադևոսյանը:
Նրա խոսքով՝ դեպքի վայրից զննությամբ հայտնաբերվել է հանցագործության գործիք դանակը, ինչպես նաև ապակյա շշի կտորներ, կատարվել է դեպքի վայրի զննություն: Հարցաքննվել է վիճաբանության ականատեսներից մեկը: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, առգրավվել են դիակի վրա և ներկա անձանց վրա եղած հագուստները: Հետաքննության մարմնին տրվել է գրավոր համաձայնություն՝ անհրաժեշտ քննչական դատավարական գործողություններ ձեռնարկելու համար՝ բոլոր հանգամանքների բազմակողմանի հետազոտության ուղղությամբ:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: