Ներկայումս «Արարատ Արմենիա» ակումբը շարունակում է վստահորեն գլխավորել Հայաստանի ֆուտբոլի առաջնության մրցաշարային աղյուսակը, 7 միավորով գերազանցելով 2-րդ տեղը զբաղեցնող «Փյունիկին»: Ինչի՞ շնորհիվ է դա հաջողվում եւ ո՞րն է այդ հաջողության գրավական: Այդ հարցերը «Արագաստ» կաֆեում անցկացվող քննարկման ընթացքում դարձան  Ֆուտբոլային գիտակների ակումբի (ՖԳԱ) ուշադրության կենտրոնում:  Քննարկման ընթացքում գիտակները անդրադարձան նաեւ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ընտրական փուլի ելույթներին:

«Չորս տարի առաջ «Արարատ Արմենիա» ակումբի մուտքը Հայաստանի ֆուտբոլի առաջնություն խթան հանդիսացավ, որպեսզի  հանրապետության ֆուտբոլի ընդհանուր մակարդակը ավելի բարձրանա, այլ ակումբներ սկսեն բարելավվեն իրենց խաղի որակը, ավելանա ֆինանսների հոսքը այդ ասպարեզում», – հայտարարեց «Արարատ Արմենիա» ֆուտբոլային ակումբի գլխավոր տնօրեն, անվանի ֆուտբոլիստ Պողոս Գալստյանը:



Արարատ հիմնադրվել է Երևանում, 2017 թվականին, որպես «Ավանի Ակադեմիա ֆուտբոլային ակումբ»։ 2018 թվականին նախագծի կառավարումը  ստանձնել է «Տաշիր» ընկերությունը և այն վերանվանվել է «Արարատ-Արմենիա Ֆուտբոլային Ակումբ»։ 2017-18թթ.-ին առաջին անգամ մասնակցելով Հայաստանյան Առաջին խմբի առաջնությանը, թիմը զբաղեցեր 3-րդ տեղը, ապահովելով իր մասնակցությունը բարձրագույն խմբի առաջնությանը։

Իսկ 2018-19թթ.-ին, առաջին անգամ մասնակցելով  Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն խմբի առաջնությանը, այն դառձավ Հայաստանի չեմպիոն, այդ նույն կոչումը նա նաեւ նվաճում է 2019-20 մրցաշրջանում: Թիմը դարձել է նաեւ  Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի հաղթող եւ 2 անգամ դուրս է եկել Եվրոպայի լիգայի փլեյ օֆֆ փուլ՝ 2019/2020 և 2020/2021 մրցաշարերին։

Պողոս Գալստյանի խոսքերով, այսպիսի հաջողություններին ակումբը հասավ ոչ միայն մարզչական շտաբի, ֆուտբոլիստների համատեղ ջանքերի, այլ նաեւ մշտական սելեկցիոն աշխատանքի շնորհիվ, որը անցկացնում է սպորտային տնօրեն Հակոբ Չալիկյանը:

Ակումբի գլխավոր տնօրենը նշեց, որ բացի բարձրագույն խմբում հանդես եկող թիմից ակումբը ունի նաեւ առաջին լիգայում հանդես եկող «Արարատ-Արմենիա-2», աղջիկների, ֆուտզալի  պրոֆեսիոնալ (2 անգամ դարձել են ֆուտզալի առաջնության փոխչեմպիոն) եւ 8 մանկապատանեկան թիմեր` տարբեր տարիքային խմբերում , որոնք վարձավճարով հանդես են գալիս «Ավանի Ակադեմիա» բազայի դաշտերում: Սակայն Գալստյանը կիսվեց, որ 1-1,5 տարվա ընթացքում ակումբը կունենա իր սեփական բազան՝ ակումբի ղեկավարությունը զբաղվում է այդ խնդրով, քանի որ ուզում է, որպեսզի թիմը ունենա երկար պատմություն: Ըստ նրա, ակումբը ունի կարճ, բայց հարուստ պատմություն, երիտասարդական հավաքականում ունի ներգրաված 6-8, պատանեկան հավաքականում՝ 6 հայ ֆուտբոլիստներ, մեծերի հավաքականում հրավիրված են հայ ֆուտբոլիստներից Տերտերյանը, Ավանեսյանը եւ Շաղոյանը եւ ընդհանրապես թիմի ղեկավարությունը հատուկ ուշադրություն է դարձնում հայ ֆուտբոլիստների զարգացման վրա:

Մեր ֆուտբոլը կտրուկ առաջընթաց է ապրեց, երբ «Արարատ Արմենիա»-ն սկսեց մասնակցել հայկական առաջնությունում, ասեց «Ֆուտբոլ+» շաբաթաթերթի հիմնադիր, հայտնի ֆուտբոլային մեկնաբան Սուրեն Բաղդասարյանը: Նա ընգծեց, որ իր համար անակնկալ չէր, որ ակումբը միանգամից դառձավ չեմպիոն, արագորեն ամրապնդվելով Հայաստանի առաջնության ավանգարդում, քանի որ այդ ակումբը Ռուսաստանում արդեն ունեցավ հաջողություն, գրավելով առաջին տեղը երրրոդ լիգայում եւ նվաճելով իրավունք մասնակցել ռուսական երկրորդ լիգայի խաղերին:  Այնումենայնիվ Բաղդասարյանը վստահ է, որ «Արարատ Արմենիա» ակումբը չպետք է բավարարվի միայն եվրոգավաթներում փլեյ օֆ դուրս գալով, այլ պետք է դուրս գա խմբային փուլ եւ ունենա հաջողություններ: «Մեր ֆուտբոլի պատիվը բարձր պահելու գրավականը՝ դա հաջող ելույթներն են», – նշեց նա: Բաղդասարյանը հույս հայտնեց, որ ակումբի սեփականատեր Սամվել Կարապետյանը կհամալրի թիմը բարձրակարգ ֆուտբոլիստներով, որպեսզի այն պատվով հանդես գա եվրոգավաթներում: «Մեր ֆուտբոլը պետք է մրցունակ լինի եվրոպական ասպարեզում, միայն այդկերպ կարող ենք ունենալ ուժեղ հավաքական», – հավելեց ֆուտբոլի գիտակը:

«Շատ լուրջ ակումբ է հայտնվել հայկական ֆուտբոլի երկնակամարում»,- խոսելով «Արարատ Արմենիա» ակումբի մասին, ասեց սպորտային հայտնի մեկնաբան Սլավա Սարգսյանը: Նա վստահ է, որ եթե ակումբի սեփականատեր Կարապետյանը մտել է ֆուտբոլ, նշանակում է, որ նա չի բավարարվի միջակությամբ եւ կստեղծի թիմ, որը կպայքարի ավելի բարձր տեղերի համար: Իսկ դրա համար թիմը ունի բոլոր նախադրյալները, կան լավ աշխատողներ Պողոս Գալստյանի գլխավորությամբ, որոնք ի վիճակի են բարձ մակարդակով կատարել ակումբի առաջ դրված խնդիրները եւ ընտրել ինչպես մարզիչ, այնպես էլ ֆուտբոլիստներ, որպեսզի հասնել հաջողությունների: Այնումենայնիվ, Սարգսյանը հույս հայտնեց, որ ՀՖՖ կկրճատի լեգիոներների մասնակցությունը թիմերում եւ հնարավորություն կտա հայ ֆուտբոլիստների քանակը ավելանա, նրանք ունենան խաղային փորձ եւ «Արարատ Արմենիա» ակումբն էլ կհրավիրի ակումբ ավելի քիչ, բայց որակյալ լեգիոներներ, ինչը ավելի կշատացնի այդ թիմի երկրպագուների բանակը:

«Ֆուտբոլ+» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Աշոտ Մարտիրոսյանի կարծիքով, «Արարատ Արմենիա» թիմի հայկական առաջնություն գալը մեր ֆուտբոլում բարձրացրես «ստավկեքը», եւ որակյալ լեգիոներներ հրավիրելը ստիպեց այլ թիմերն էլ որակյալ լեգիոներներ բերել: Նրա խոսքերով, ներկայումս այդ ակումբի կազմում խաղում են լեգիոներներ, որոնք ներգրավված են իրենց ազղգային ՝ Մոլդովայի, Քենիայի, Բուրկինա Ֆասոյի հավաքականներում: Անցած տարվա համեմատական անհաջող 5-րդ տեղը նա բացատրեց մարզչական հաճախակի  փոփոխություններով: Մարտիրոսյանը նաեւ մտահոգություն հայտնեց, որ ակումբում լեգիոներների թիվն է մի քիչ շատ, սակայն վստահ է, որ հայ ֆուտբոլիստները կսկսեն ավելի մեծ ներգրավվածություն ունենալ թիմում:

Հակոբ Չալիկյանի խոսքով, ակումբը աշխատում է բարձորակ ֆուտբոլիստներ բերել, ինչը կարող է լավ օրինակ ծառայել երիտասարդ հայ ֆուտբոլիստների համար: Սակայն ոչ բոլոր ֆուտբոլիստներն են համաձայնվում գալ Հայաստան, քանի որ շատերը սովոր են խաղալ մարդաշատ մարզադահլիճներում, ինչը հեռու է հայ իրականության հետ: Այդ իսկ պատճառով, ըստ ակումբի մարզական տնօրենի, աշխատանք է գնում ավելի շատ գովազդել Հայաստանը: Նա վստահեցրեց, որ հաջորդ տարի «Արարատ Արմենիա»-ն ամեն ինչ կանի, որպեսզի մտնի եւրոգագաթներում խմբային փուլ եւ ըստ առժանի հանդես գա այնտեղ:

Ֆուտբոլային մեկնաբան Մենուա Մեհրաբյանի կարծիքով, «Արարատ Արմենիա»-ն ճիշտ տրանսֆերային աշխատանք է տանում եւ ի տարբերություն այլ ակումբների ավելորդ տրանսֆերներ չի կատարում: Նրա խոսքով, այդ ակումբում չի նկատվում երեւույթներ, երբ կարճ ժամանակում գան լեգիոներներ եւ նորից հեռանան: Նրա խոսքով, «Արարատ Արմենիան»  իր կարգով միանշանակ տարբերվում է այլ ակումբներից: Մեհրաբյանի կարծիքով, ակումբը դժվար թե բաց թողնի չեմպիոն դառնալու հնարավորությունը եւ ի տարբերություն այլ հայկական ակումբների ի զորու է ավելի հաջող հանդես գալ եվրոգավաթների մրցաշարում:

Անդրադառնալով Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ընտրական փուլի արդյունքներին ՖԳԱ-ի հիմնադիր Տիգրան Հովհաննիսյան նշեց, որ երկրպագուների կողմից ներկայումս բարձրացել է դժգոհության ալիք հավաքականի ելույթներից, շատերը բողոքում են, որ մեր ընտրանին անհաջող հանդես եկավ վերջին խաղերում եւ չկարողացավ դուրս գալ աշխարհի առաջնություն, սակայն եթե նայենք հավաքած միավորներին եւ համեմատենք նախկին սովետական հանրապետությունների  ցույց տված արդյունքներին հետ, ապա ստացվում է, որ Հայաստանը ընտրական փուլում իր հավաքած միավորներով Ռուսաստանից հետո (որն ունի 22 միավոր) Ուկրաինայի հետ միասին կիսում է 2-3 տեղերը, հավաքելով 12 միավոր, ինչն այդքան էլ վատ արդյունք չի: Իսկ եթե համեմատենք անցած տարիների ելույթներին, ապա դա նույնիսկ շատ  լավ արդյունք է: Իսկ մինչեւ վերջին փուլը Հայաստանը նույնիսկ տեսականորեն հնարավորություն ուներ գրավել 2-րդ տեղը եւ մասնակցեր անցումային խաղերին: Սակայն հիասթափեցնում է ցույց տված վերջնական արդյունքը:

Սարգսյանի կարծիքով հավաքականի մեկնարկը ընտրական փուլում հաջող ստացվեց, քանի որ ունեինք նոր մարզիչ, նոր խաղացողներ եւ ինչ-որ տեղ էլ սպորտային բաղտը որոշ խաղերում ժպտաց մեզ: Սակայն, երբ Հայաստանը առաջին 3 խաղերում տոնեց հաղթանակներ եւ գլխավորեց աղյուսակը, բոլոր խմբի թիմերը սկսեցին լուրջ պատրաստվել եւ լավ ուսումնասիրել հայկական թիմի խաղը: Արդյունքը եղավ այն, որ մեր հավաքականը չկարողացավ լուրջ դիմադրություն ցույց տալ: Իսկ Լիխտենշտեյնի հետ խաղում նույնիսկ թերագնահատեց այդ թիմին, ինչը բերեց ցավալի ոչ ոքիին եւ միավորների կորստին: Այդ իսկ պատճառով սպորտային մեկնաբանը հավաքականի առաջին մասի ելույթները գնահատեց, որպես հաջող, իսկ երկրորդ մասի՝ որպես անհաջող:

Սուրեն Բաղդասարյանի խոսքով, հավաքականի մեկնարկային երեք հաղթանակները պատճառ դառձան որպեսզի մեր ֆուտբոլասերները երազախաբ լինեն: Ըստ նրա, եթե մանրակրկիտ ուսումնասիրել խաղերի ընտրանուր արդյունքը, ապա միայն Իսլանդիայի հետ տնային խաղում հայ ֆուտբոլիստները լավ խաղացին, իսկ մնացածում այդ  խաղամակարդակը չկար: «Անկեղծորեն, ես հենց սկզբում էլ չէի հավատում, որ մեր հավաքականը կարող է գրավել խմբում 2-րդ տեղը», – ավելացրեց նա: Մասնագետը նշեց, որ վերջին երկու խաղերում Հյուսիսային Մակեդոնիայի եւ Գերմանիայի հետ բաց թողած գոլերի մեծամասնությունը հայ ֆուտբոլիստների կոպիտ սխալների հետեւանք են: Նա գտնում է, որ խոր վերլուծության դեպքում համոզվում ես, որ մեր ընտրանին այն խաղամակարդակը չունի, որը կբավարարի եվրոպական չափանիշներին: Ըստ նրա, հայ ֆուտբոլիստները, վիճակագրության համաձայն, փոխանցումների ճշգրտությամբ էլ զիջում էին մրցակիցներին: «Այս ֆուտբոլիստները փոքրուց չեն անցել լավ ֆուտբոլային դպրոցը, որը ժամանակին անցել էին լեգենդար  «Արարատի» ֆուտբոլիստները: Նույնիսկ չի լինում համեմատել այս թիմը այն կազմի հետ, որը կար մարզիչ Վարդան Մինասյանի ժամանակ: Այս 12 միավորը, որը հավաքել է մեր ընտրանին, իր հնարավորությունների առաստաղն է», – արտահայտեց իր կարծիքը Բաղդասարյանը:

Մարտիրոսյանը գտնում է, որ այս խաղով Հայաստանի հավաքականը անելու բան չուներ աշխարհի առաջնությունում: Ըստ նրա, «մենք խաղացինք տրվելով բախտի քմահաճույքին եւ ի վերջո արդյունքը եղավ անմխիթար, իսկ մրցակիցները լավ ուսումնասիրեցին հայկական թիմի աչքի ընկած ֆուտբոլիստների խաղն եւ նրանց վերջին հանդիպումներում չեզոքացրեցին, օրինակ՝ Տիգրան Բարսեղյանին, ով դարձել էլ առաջին հանդիպումների իսկական առաջատարը, բայց հետագայում նա համարյա չեր երեւում դաշտում:

Պողոս Գալստյանի կարծիքով, Հայաստանի հավաքականը առավելագույնը ցույց տվեց այս ընտրական խաղերում, հավաքելով 12  միավոր եւ կատարելով աշխատանք, սակայն խնդիրը պետք է լուծել գլոբալ առումով: «Մենք չենք կարող բոլոր հանդիպումները անցկացնենք կյանքի գնով: Ֆուտբոլում այդպես չի լինում, որ խաղացողը խաղա առավելագույն հնարավորությունների սահմաններում: Երբ ֆիզիկական հնարավորությունները չեն ներում, պետք է խաղալ վարպետության շնորհիվ, ինչը հայ ֆուտբոլիստների մոտ բացակայում է», – գտնում է նա: Գալստյանի համոզմամբ անհրաժեշտ է մանկապատանեկան ֆուտբոլից սկսել աշխատանքը ֆուտբոլիստների հետ, որպեսզի ունենանք հավաքականում Մխիթարյանի նման 7-8 ֆուտբոլիստներ եւ միայն այդ դեպքում Հայաստանը կարող է հասնել հաջողության:

Lragir.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն