Ձևավորվել է հայ-իրանական աշխատանքային խումբ՝ Արաքս գետի շրջանում բնակչության մաքուր շրջակա միջավայր ունենալու իրավունքների պաշտպանության նպատակով
Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազ Մոհամադ Ջաֆար Մոնթազերիի Հայաստան կատարած այցի ընթացքում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ձևավորվել է հայ-իրանական համատեղ աշխատանքային խումբ՝ «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության գործունեության հետևանքով Արաքս գետի հնարավոր աղտոտման հարցի ուսումնասիրման նպատակով:
Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ աշխատանքային խմբի հայկակակ կողմի անդամները, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Աֆանդյանի գլխավորությամբ, Սյունիքի մարզի Մեղրի համայնքում ընդունել են իրանական կողմի պատվիրակությանը, որը ղեկավարել է ԻԻՀ գլխավոր դատախազության բարձրագույն դատարանի դատախազի օգնական, գլխավոր դատախազության տեխնիկական և միջազգային համագործակցության վարչության պետ Սիամաք Սաիդ Ֆավայեդին:
Մեղրիի համայնքապետարանում տեղի ունեցած համատեղ խորհրդակցության ընթացքում, որին մասնակցել է նաև «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության տնօրենը, քննարկվել են կոմբինատի գործունեության ընթացքում առաջացող կեղտաջրերի մաքրման, ինչպես նաև դրանց՝ դեպի Արաքս գետ հոսքը կանխելու ուղղությամբ ընկերության իրականացրած աշխատանքները:
Այնուհետև ընկերության տնօրինության առաջարկությամբ այցելություն է կատարվել պոչամբարային հատված, տեղում ուսումնասիրվել է հարստացուցիչ ֆաբրիկայի գործունեության մեջ օգտագործվող ջրերի շրջանառության համար նոր շահագործման հանձնված փակ համակարգի գործունեությունը, ներկայացվել են կեղտաջրերի հոսքը դեպի Արաքս գետ կանխելու ուղղությամբ ընկերության կողմից իրականացված միջոցառումները:
Այցելության ընթացքում աշխատանքային խմբի կողմից արձանագրվել է, որ կոմբինատը կատարել է ջրերի շրջանառության փակ համակարգի ներդրման պարտավորությունը, կոմբինատի գործունեության հետևանքով գետի աղտոտման, կեղտաջրերի արտահոսքի դեպքեր չեն արձանագրվել: Կոմբինատի ներկայացուցիչները, ինչպես նաև աշխատանքային խմբում ներգրավված՝ ՀՀ իրավասու մարմինների ներկայացուցիչները սպառիչ պատասխանել են իրանական կողմին հետաքրքրող բոլոր հարցերին:
Կողմերը համաձայնություն են ձեռք բերել շարունակել համագործակցությունը և իրականացնել հնարավոր բոլոր միջոցառումները, այդ թվում՝ հետագայում ցանկացած պահի համապատասխան նմուշառումների միջոցով, տարածաշրջանում լեռնահարստացման գործունեության հետևանքով շրջակա միջավայրին հասցվող վնասը նվազագույնի հասցնելու ուղղությամբ:
Աշխատանքային խմբում հայկական կողմից ներգրավված են եղել և Մեղրիում կատարված աշխատանքներին մասնակցել են ներկայացուցիչներ ՀՀ արտաքին գործերի, ՀՀ շրջակա միջավայրի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություններից:
Tert.am