Սյունիքով միջանցքը ադրբեջանցիների համար այդքան էլ էական չէ, այս պահին նրանց առաջնային խնդիրը Սյունիքը և Արցախը Հայաստանից կտրելն է: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը:

Ըստ փորձագետի՝ Ադրբեջանի և Թուրքիայի վերջնական նպատակը Հայաստանի Հանրապետություն անունով պետությունն առհասարակ ջնջելն է, իսկ թշնամին իր վերջնական նպատակին հասնելու ուղղությամբ գնում է՝ ըստ փուլերի: Զրուցակցի արձանագրմամբ՝ թշնամու համար այդքան էլ էական չէ Սյունիքով միջանցք ստանալը, քանի որ նրանք Թուրքիայով և Իրանով էլ կարող են կապվել Նախիջևանին, նրանց վերջնական նպատակը Արցախը և Սյունիքը առհասարակ Հայաստանից կտրելն է.

«Իրենք հիմքեր են դնում, որպեսզի կարողանան Հայաստանը մասնատել՝ ոչ միայն Սյունիքում, այլ նաև Տավուշում, Վայքում: Այս պահին իրենք «պլացդարմներ» են ստեղծում Սյունիքը և Արցախը Հայաստանից կտրելու համար, այսինքն՝ ստեղծում են տեղեր, որտեղ կարող են ամրանալ և հաջորդ քայլն անել»,-ասաց փորձագետը:

Կարեն Վրթանեսյանը մեզ հետ զրույցում արձանագրեց, որ ադրբեջանցիները հիմա ֆիզիկական հնարավորություն ունեն Սյունիքը մի քանի տեղից կտրելու համար՝ ոչ միայն Սիսիանի հատվածից, այլ նաև Գորիսի գլխից, որտեղ իրենք նախկինում հայտնվել էին.

« Թշնամին այդ հատվածից օպերատիվ գործելու և Գորիսով անցնող ճանապարհը կտրելու հնարավորություն է ստացել: Այս վերջին իրադարձությունների ընթացքում՝ նրանք դեպի Հայաստանի ամենանեղ հատված՝ Սիսիանի խաչմերուկ մտնելու համար պլացդարմ ստեղծեցին, նույնիսկ պարտադիր չէ մինչև Նախիջևան հասնել, եթե այդ խաչմերուկը կտրեն, արդեն բավական է, որ Սյունիքը և Արցախը մնան օդում, կտրվեն Հայաստանից: Բայց սրանք միակ տեղերը չեն, իրենք կարող են Տիգրանաշենի հատվածում էլ ինչ-որ ձև կտրել: Մեծ հաշվով՝ իրենց համար այս պահին կարևոր է դատարկել Սյունիքը, Արցախը՝ կտրելով Հայաստանից: Հաշվի առնենք,որ միայն անցակետ դնելով 6 գյուղ կտրեցին Սյունիքի ներսում, մարդիկ արդեն խիստ մտահոգ են, որքան էլ իշխանական թեկնածուները գան հեքիաթներ պատմեն, բայց մարդիկ հասկանում են իրենց իրավիճակը»,-ասաց նա:

Փորձագետը նաև ահազանգեց, որ եթե Ջերմուկի կամ Տիգրանաշենի հատվածից էլ հակառակորդը մխրճվի, ապա Վայոց ձորը ևս վտանգվում է.

«Ի՞նչն է նրանց պահելու այս մտքից, եթե շատ լավ տեսնում են, որ ՀՀ իշխանությունները որևէ քայլ չեն անում բանակն ուժեղացնելու համար, ընդհակառակը՝ իրենց կադրային խաղիկներով թուլացրել են բանակը, քաոս են առաջացրել: Այստեղ բարոյահոգեբանական պահ էլ կա՝ կապիտուլյացիա ստորագրած մարդը չի կարող զորքին հրաման տալ, իր հրամանն ընկալելու են ոչ այդքան պարտադիր և ասելու են՝ դո՞ւ ով ես: Մենք հասկանում ենք, որ թշնամու առաջ խոնարհված մարդը չի կարող հրամաններ տալ, այնուամենայնիվ, Նիկոլ Փաշինյանը դա չհասկանալու է տալիս և շարունակում է կառչել այդ աթոռից և ամրացնել սեփական իշխանությունը: Օրինակ՝ ոստիկանությունը և ԱԱԾ-ն բավականին ուժեղացվել են վերջին շրջանում, իսկ բանակի հետ կապված միայն բացասական միտումներ եմ տեսնում՝ դեպի կրճատում, թուլացում և ապամոնտաժում»,-ասաց Կարեն Վրթանեսյանը:

Նրա արձանագրմամբ՝Սյունիքում ադրբեջանցիների ագրեսիան կանխատեսելի էր, քանի որ նրանք վստահ են եղել, որ դիմադրության չեն հանդիպելու:

Զրուցակցի խոսքով՝ Հայաստանի իշխանություններից ազդակներ ստանալով, որ դիմադրություն չի լինելու՝ թուրք-ադրբեջանական տանդեմը փորձելու է խեղդել Հայաստանը, սահմանափակել Հայաստանի կոմունիկացիաները։

«Երբ սահմանային միջադեպ է լինում, մեծ աղմուկ է բարձրանում, մի քանի օր աղմուկը շարունակվում է, հետո մի նոր սկանդալ են բարձրացնում և աղմուկը խեղդում, անցնում, գնում է: Հիմա շատերը մոռացել են արդեն, որ մայիսի 12-ից սկսած՝ թշնամին երկու շաբաթում մտավ և ամրացավ ՀՀ ինքնիշխան տարածքում: Ամրանալուց հետո ինչու՞ Ադրբեջանը չպետք է շարունակեր նույն քաղաքականությունը և չփորձեր նոր դիրքեր զբաղեցնել: Վերջին սահմանային միջադեպի դեպքում որոշակի դիմադրություն եղել է, նույնիսկ վստահ չեմ՝ որ այդ դիմադրությունը կենտրոնական համակարգվել է, բայց հետո իշխանությունների կողմից դրան շարունակություն չի տրվել: Այնպիսի տպավորություն է՝ որպեսզի իրենց շատ չմեղադրեն՝ դիմադրություն բեմադրեցին, հաջողացրին մեղադրել նաև գերիներին և դրանով շեղեցին թեման՝ իմանալով, որ Ադրբեջանը վարում է ագրեսիվ և էքսպանսիոնիստական քաղաքականություն՝ Հայաստանի հանդեպ։ Ինչու՞ մեկ տարում ոչինչ պատրաստ չի եղել, էլ չասեմ մնացած հարցերը, թե, առհասարակ, թշնամուն ինչո՞ւ այդքան մոտ թողեցին սահմանին»,-ասաց Վրթանեսյանը և հավելեց՝ նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրով ենթադրվում էր նահանջ այդ հատվածում, բայց, օրինակ, նույն Կապանի և Գորիսի որոշ հատվածներում նահանջ չպետք է լիներ.

«Բայց ինչպես խոստովանեց Նիկոլ Փաշինյանը այդ նահանջը եղել է իր հրամանով՝ ընդ որում, ինքն ընդամենը բանավոր տպավորություն է ստացել, որ պետք է այդպես նահանջ անի:

Նույնիսկ վաղը, եթե ադրբեջանցիներին հարցնեն՝ ինչո՞ւ այդպես արեցիք, կասեն՝ դուք ուզեցիք, դուք եք նահանջել»,-ասաց Վրթանեսյանը:

Աղբյուր` Փաստինֆո

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն