Եկեղեցին մշտապես զորավիգ է եղել և այսուհետ ևս պիտի լինի Հայոց բանակին. Կաթողիկոսի հանդիպումներն Արցախում
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 5-ին ընդունել է հայրապետական այցով Արցախ ժամանած Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ողջունելով Վեհափառ Հայրապետի այցն Արցախ՝ երկրի ղեկավարն իր խոսքում մասնավորապես ընդգծել է դրա կարևորությունը հատկապես հետպատերազմյան ժամանակահատվածում: «Համոզված եմ՝ արցախահայությունն ունի Ձեր հայրապետական խոսքի ու ներկայության կարիքը: Եվ այն հոգևոր աջակցությունը, որն այս օրերին, Ձեր այցով պայմանավորված, ստանալու է Արցախի ժողովուրդը, մեծապես օգնելու է հաղթահարելու ստեղծված ծանր իրավիճակը»,- շեշտել է Արայիկ Հարությունյանը:
Վեհափառ Հայրապետը նշել է, որ Արցախում գտնվելն իր համար հոգևոր մխիթարություն է և հնարավորություն՝ հավատավոր ժողովրդի հետ աղոթքի կանգնելու և Ավետարանի խոսքով նրան աջակցելու: «Վստահ եմ՝ Աստծո օգնությամբ և համազգային ջանքերով Արցախի մեր ժողովուրդը կկարողանա դուրս գալ այս դժվարին իրավիճակից: Բազում մարտահրավերներ են ծառացած մեր առջև: Դրանց հաղթահարման համար Հայ Առաքելական եկեղեցին շարունակելու է իր զորակցությունը բերել Արցախի մեր զավակներին»,- ասել է Կաթողիկոսը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են առկա մարտահրավերներն ու դրանց հաղթահարման հնարավորությունները: Հանրապետության նախագահը Վեհափառ Հայրապետին է ներկայացրել հետպատերազմյան ժամանակաշրջանում առաջացած հիմնախնդիրները, դրանց լուծման գործում միասնական ջանքերի կարևորությունը:
Այնուհետև նախագահ Հարությունյանն Ամենայն հայոց կաթողիկոսի հետ այցելել է Պաշտպանության բանակի N զորամաս, որտեղ Նորին Սրբությունն իր օրհնությունն ու հայրական բարեմաղթանքներն է հղել սպայական կազմին և զինվորներին։ Վեհափառ Հայրապետը հաստատել է, որ Եկեղեցին մշտապես զորավիգ է եղել ու կլինի Հայոց Բանակին՝ հավելելով, որ անգամ պատերազմի ամենածանր պահերին եկեղեցականները և գնդերեցները հայ զինվորի կողքին են եղել:
Ամենայն հայոց կաթողիկոսն այցելել է նաև Գանձասարի վանական համալիր և այնտեղից Հայրապետական մաղթանք հղել:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից տեղեկացնում են, որ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի և հոգևորականաց պատվիրակության ուղեկցությամբ ժամանելով զորամաս՝ Նորին Սրբությունն իր օրհնությունն ու հայրական բարեմաղթանքներն է բերել հրամանատարական, սպայական կազմերին և այս առիթով հավաքված զինվորներին։
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոնարհումն է բերել հանուն Արցախի անկախության և Արցախի մեր ժողովրդի իրավունքների պաշտպանության պայքարած քաջարի զինվորականներին և իրենց կյանքն ի սեր հայրենյաց զոհաբերած հերոսների հիշատակի առջև՝ ընդգծելով, որ վճարված այդ թանկ գինը երբեք չպիտի մոռացվի, այլ պետք է դառնա մի նոր ուխտ Արցախի անկախ պետականության պաշտպանության և զորացման։
«Դժվարին ժամանակներ է ապրում համայն հայությունը։ Արցախի դեմ Թուրքիայի և միջազգային ահաբեկչական խմբավորումների օժանդակությամբ սանձազերծված Ադրբեջանի 44-օրյա պատերազմն իր հետևանքներով, պատճառված վնասներով ու ահռելի կորուստներով դեռ երկար ժամանակ ցավի ու տրտմության մեջ պիտի պահի մեզ, քանի դեռ չենք կարողացել գործուն միջոցներով հաղթահարել առկա ծանր իրավիճակը և փարատել ապագայի հանդեպ անորոշության զգացումը։ Առկա խնդիրներն ու մարտահրավերները մեր կյանքի իրենց լուծումները պիտի ստանան, երբ անխտիր ամենքս հետևություններ կատարենք ողբերգական այս կացության պատճառների վերաբերյալ», - ասել է Հայոց Հայրապետը։
Նորին Սրբությունը նշել է, որ հաղորդ է հայ զինվորականների քաջությանն ու հերոսական սխրանքներին, անձնուրաց պայքարի փառավոր դրվագներին՝ ընդգծելով, որ Ավարայրից մինչև Սարդարապատ և Արցախ՝ բոլոր ժամանակներում դրսևորվել է այն հաստատ համոզումն ու գիտակցությունը, որ հայ զորականի թիկունքում ամենաթանկն է՝ հայրենի հողը, հայի ինքնությունը պայմանավորող սրբությունները և ընտանիքը։
«Այս հերոսագործ ոգին սրբացրեց մեր ժողովուրդը՝ հետագա սերունդներին փոխանցելով հայրենյաց պաշտպան մարտիկների փառապանծ անուններ։
Սիրելի զավակներ մեր, պանծալի այդ անձինք իրենց ժամանակի մեջ առավել չէին, քան դուք այսօր։ Ձեզ պես պարզ երիտասարդներ և այրեր էին հայրենասեր և ազգանվեր նույն խառնվածքով ու ձգտումներով, կյանքի նկատմամբ լցված նույն հույսերով և լուսավորին ու պայծառին հասնելու ջինջ ցանկությամբ։ Առավել չէր նաև նրանց մաքառումի ոգին և նախանձախնդրությունը, քան արցախյան հողի վրա ձեր եղբայրների ու հայրերի անձնդիր հանձնառությունը։
Սակայն, առաքյալի խոսքի համաձայն, նրանք իրենց բարի պատերազմը պատերազմեցին, և այսօր նախնյաց կողմից մեր սերնդին է փոխանցված սրբազան պարտքը վառ պահելու մեր ինքնության կերոնը, նաև հաստատակամորեն կանգնելու հայրենիքի պաշտպանության առաջնագծում, որքան էլ որ դժվարին և ծանր լինի այդ առաքելությունը։ Հայոց Բանակը և հայ զինվորն է այսօր միակ երաշխավորը հայրենի պետականության, մեր ժողովրդի ազատ ու անկախ կյանքի, ձեր ընտանիքների ու սիրելիների անվտանգության ու երջանկության, ամեն ազգայինի հարատևության», - ընդգծել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը։
Վեհափառ Հայրապետը հաստատել է, որ Եկեղեցին մշտապես զորավիգ է եղել և այսուհետ ևս պիտի լինի Հայոց Բանակին՝ հավելելով, որ անգամ պատերազմի ամենածանր պահերին եկեղեցականները և գնդերեցները հայ զինվորի կողքին են եղել, իսկ աշխարհասփյուռ համայքները զորակցել և առկա կարիքներում օգնություն հասցրել։
«Սիրելի զինվորներ և սպաներ, Հայոց Բանակի ոգին և հաղթական կամքն է աղբյուրը ազգի զորության և վստահության, մեր ժողովրդի ոգեշնչման և գալիք օրվա նկատմամբ լավատեսության։ Ամուր և անսասան մնացեք այս կոչման մեջ, և Փրկիչ մեր Տերը, հավատում ենք, պիտի պարգևի մեզ նորանոր հաղթություններ», - պատգամել է Գարեգին Բ Հայրապետը՝ հայցելով Աստծուց պահել և պահպանել զինվորականներին ապահով և անփորձանք, որպեսզի իրենց աներեր ու զորավոր բազկով պաշտպանը լինեն հայրենի երկրի, մեր սրբությունների և, կատարելով իրենց սրբազան պարտքը, վերադառնան իրենց ընտանիքներ՝ շարունակելու իրենց նվիրական կյանքն ու գործը հայրենական անդաստանում։
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Պահպանիչ» աղոթքով օրհնել է ՊԲ հրամանատարներին և ներկա ողջ զինվորականությանը։