Փաշինյան-Ալիև երկրորդ ուղիղ հանդիպումը 44-օրյա պատերազմից հետո կկայանա ոչ թե Մոսկվայում, այլ Բրյուսելում։

Եվրոպական խորհրդի ղեկավարի նախաձեռնությամբ, նրանք համաձայնել են հանդիպել դեկտեմբերին Բրյուսելում` ԵՄ Արևելյան գործընկերության համաժողովում։ Ժամեր առաջ հաղորդել է Եվրամիության ղեկավարը:

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը նախօրեին հեռախոսազրույցներ է ունեցել Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հետ` շարունակելով այս շաբաթ` ավելի վաղ ունեցած քննարկումները տարածաշրջանում ստեղծված իրավիճակի և Արևելյան գործընկերության գագաթաժողովի կազմակերպման շուրջ, որը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին Բրյուսելում:

Ըստ Եվրոպական խորհրդի պաշտոնական հաղորդագրության, «երկու երկրների առաջնորդները համաձայնել են հանդիպել Բրյուսելում` քննարկելու տարածաշրջանային իրավիճակը և տարաձայնությունները հարթելու ճանապարհները` բարգավաճ ու կայուն Հարավային Կովկասի համար, ինչին աջակցում է Եվրամիությունը»: Եվրոպական կողմի փոխանցմամբ, Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցների ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները նաև համաձայնել են ուղիղ հաղորդակցության գիծ հաստատել` պաշտպանության նախարարների մակարդակով, որը կծառայի որպես միջադեպերի կանխարգելման մեխանիզմ:

Սա կլինի Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների երկրորդ դեմ առ դեմ հանդիպումը` անցած տարվա ղարաբաղյան պատերազմից հետո: Նախորդը կազմակերպվել էր Ռուսաստանի նախաձեռնությամբ և անցել Մոսկվայում` նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավորությամբ հունվարի 11-ին:

Բրյուսելում սպասվող հանդիպումն ինտրիգային է թվում, քանի որ նոյեմբերի սկզբին, ըստ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի, նախատեսվում էր Փաշինյան-Պուտին-Ալիև տեսակոնֆերանս, որի ընթացքում, ըստ մի շարք տեղեկությունների, փաստաթղթերի ստորագրում էր նախատեսվում։

Սակայն Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր, որ նման հանդիպում չի սպասվում։

Օրերս, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, Դմիտրի Պեսկովը կրկին խոսել էր նման հանդիպման կազմակերպման անհրաժեշտությունից․ «Կասկած չկա, որ ինչ-որ մի փուլում շփումներ անհրաժեշտ են լինելու։ Բայց որպեսզի դրանք հնարավոր դառնան, անհրաժեշտ է բոլոր երեք կողմերի համաձայնությունն ու պատրաստակամությունը»։

Մոսկվայի օրակարգում, փաստորեն, այդ հանդիպումը կար, սակայն ԵՄ-ին հաջողվեց կազմակերպել նման հանդիպում։ Սա առնվազն նշանակում է, որ կողմերը և, ըստ ամենայնի, հայկական կողմը չի համաձայնել նման հանդիպման Մոսկվայում, քանի որ դրա օրակարգում պետք է լիներ սահմանների դեմարկացիայի-դելիմիտացիայի, ինչպես նաև տարածաշրջանում ապաշրջափակման պայմանները, մասնավորապես, այսպես կոչված, Նախիջևանի, Զանգեզուրի կամ Թյուրքական միջանցքի հարցը։

168․am-ի հետ զրույցում Հարավային Կովկասի հարցերով վերլուծաբան, ռուս արևելագետ Ստանիսլավ Տարասովը փորձեց ներկայացնել իրադարձությունների զարգացման տրամաբանությունը։

Նա նախ նշեց՝ իր մոտ տպավորություն է ստեղծվում, թե Ալիևը նոր սցենար է որդեգրել և հստակ օրակարգով է մեկնելու Բրյուսել։

Նրա խոսքով, միանշանակ է, որ Բրյուսելում օրակարգ լինելու է, չէ՞ որ Ալիևն ու Փաշինյանը միմյանց հետ չեն պատրաստվում նարդի խաղալ, այլ հարցեր են պատրաստվում քննարկել, և ինչ-որ տեսլական կա։ Եվ դա, Տարասովի համոզմամբ, չի լինելու Մոսկվայի առաջարկած օրակարգը։

«Միանշանակ է, որ Մոսկվայի նախաձեռնությունը մերժվեց, որին հաջորդեց Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Փարիզում Լը Դրիանի հովանու ներքո, սյունիքյան սրացումը, ապա արդեն խոսվեց Բրյուսելում կայանալիք հանդիպման մասին։

Կարծում եմ՝ Ալիևն ունի պրոյեկտ, այն է՝ առաջարկել Հայաստանի հետ Խաղաղության համաձայնագիր և դիվանագիտական հարաբերությունների հաստատում Երևանի հետ։ Կարծում եմ՝ Ալիևը մի փոքր հեռավորություն է սկսում պահպանել Անկարայից և ինքնուրույնության որոշակի նշաններ փորձում ցուցաբերել։

Բնականաբար, Երևանին ձեռնտու է այդ օրակարգը, որը Արևմուտքն է տանում և հետո կզարգացնի ԵԱՀԿ Մինսկի խումբը, քանի որ Արևմուտքն է նշել կարգավիճակի խնդրի մասին։ Այստեղ ինտրիգն այն է, որ Ադրբեջանն է գնում դրան։ Ինչո՞ւ է Ադրբեջանը գնում Բրյուսել։ Այստեղ կարող է լինել տրամաբանություն՝ հաստատել որոշակի միջավայր հետագայում դեմարկացիայի-դելիմիտացիայի գործընթացն իրականացնելու համար, դա մնալու է Մոսկվայի օրակարգը, Բրյուսելը նման հարցեր չի քննարկել, թեկուզ միայն այն պատճառով, որ, ինչպես ՌԴ նախագահն էր նշել, քարտեզները ՌԴ ԳՇ-ում են։ Այսինքն՝ սա կմնա Մոսկվայի օրակարգ, որը նա առաջ կտանի, իսկ Բրյուսելը կզբաղվի մնացած քաղաքական հարցերով, Բրյուսել ասելով՝ նկատի ունեմ ԵԱՀԿ Մինսկի խումբը։

Բացի դրանից, նման հանդիպման գնալու պատրաստակամությունն Ադրբեջանի կողմից հուշում է այն մասին, որ կարող է Ադրբեջանի կողմից լինել համաձայնություն կամ համակերպվածություն այն հանգամանքին, որ Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվի, քանի որ ընդհանուր առմամբ Ալիևը լուծել է իր պատմական խնդիրը՝ վերադարձրել է տարածքները և մնացած հարցերը լուծելու ճանապարհին է գտնվում։ Երրորդ հանգամանքը՝ կա խաղաղապահների մանդատի հարցը, նրանք, ըստ էության, միջազգային իրավունքի տեսանկյունից գտնվում են Ադրբեջանի տարածքում, նրանք չունեն կարգավիճակ, կոպիտ ասած՝ թույլտվություն այդտեղ առաքելություն իրականացնելու, այդ հարցը պետք է որոշվեր Մոսկվա-Բաքու հարաբերությունների կոնտեքստում, եթե չի լուծվում, ապա մնում է ԵԱՀԿ ՄԽ-ի կամ ՄԱԿ-ի տիրույթում, որի պարագայում ռուս խաղաղապահները կմնան։

Սակայն նրանց կմիանան կամ ֆրանսիացիները, կամ այլ արևմտյան կոնտինգենտ։ Իրադարձություններն այս սցենարով գնալու դեպքում ԼՂ-ն կունենա կա՛մ Սան Մարինոյի կարգավիճակը, կա՛մ կլինի Մոսկվայի կամ Ֆրանսիայի պրոտեկտորատը։ Սա այն տեսլականն է, որը կարող է լինել Ալիևի մոտ, քանի որ, կրկնեմ, Ալիևն իր պատմական խնդիրն այս փուլում լուծել է»,- ասաց Տարասովը։

Ամփոփելով իր խոսքը և վերջին շրջանի ռազմական և քաղաքական իրադարձությունները՝ ռուս վերլուծաբանն ասաց, որ այն կարծիքին է, որ Փաշինյան-Ալիև գաղտնի համակարգում կա։

«Թե դա ով է և ինչպես է իրականացնում, դժվար է ասել, պաշտոնապես նման բանից չի խոսվի, թեկուզ հայտնի է օպերատիվ կապի մասին, ես ասում եմ այն տպավորությունը, որը ձևավորվում է բոլոր փաստերի վերլուծությունից՝ կան գաղտնի կոնտակտներ կամ կոորդինացիա»,- նկատեց Տարասովը։

168.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն