Վարչապետը շահագրգի՞ռ չէ, որ մեր գերիները վերադառնան․ կան բաներ, որ գերիները կարող են խոսել
Lragir.am-ի զրուցակիցն է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը
Տիկին Ալավերդյան, ինչպե՞ս եք գնահատում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները՝ գերեվարման դեպքերով քննություն իրականացնելու անհրաժեշտության մասին։
Ես դատապարտում եմ այդ հայտարարությունը, որովհետև վարչապետն իրականացնում է ոչ իրեն հարիր գործողություններ։ Դա ամենևին վարչապետին վերաբերող գործառույթ չէ։ Երկրորդ, ես կարծում եմ, որ վարչապետը շահագրգիռ չէ, որ մեր գերիները վերադառնան, որովհետև այն, ինչ ինքն ասում է, Ադրբեջանի կողմից կօգտագործվի։ Ադրբեջանում մեր գերիներին կասեն՝ ձեզ այսպիսի գործընթաց է սպասվում երկրում։ Եվ մենք ունեցել ենք այդպիսի դեպքեր, հիմա էլ կարող է այնպես լինել, որ Ադրբեջանում գտնվող գերիներն ասեն, թե չեն ուզում գալ Հայաստան, ուզում են գնալ երրորդ երկիր։ Ես կցանկանամ, որ սխալվեմ այս հարցում։
Վարչապետի այդ հայտարարությունը հոգեբանորեն տանջում է գերիների ծնողներին։ Զարմանալի է, որ վարչապետը շտապում է և մինչև գերիներին տուն բերելը հայտարարում է մի բան, որը բացարձակապես իր գործառույթների մեջ չի մտնում։ Ինչո՞ւ եմ ասում, որ նա շահագրգռված չէ, որ գերիները վերադառնան, քանի որ լուրեր կան, որ զինվորները փամփուշտներ չեն ունեցել, ես կարծում եմ՝ կան բաներ, որ գերիները կարող են խոսել։ Սա աննախադեպ հայտարարություն էր, ամենևին ոչ տեղին։ Դա հոգեբանական դաժան վերաբերմունք է ծնողների նկատմամբ, ընդհանրապես բոլոր այն ծնողների նկատմամբ, ովքեր զինծառայողներ ունեն։
Պատերազից հետո բարձրացվում էր այն հարցը, որ բոլոր այն դեպքերում, երբ սխալ հրամանների հետևանքով զինծառայողները հայտնվել են շրջափակման մեջ, գերեվարվել կամ զոհվել են, պետք է լինեն պատիժներ։ Այսինքն՝ քննություններ պետք են, բայց պետք է «վերևների՞ց» սկսել։
Անշուշտ, մենք պետք է բարձրացնենք նաև հարցը՝ իսկ վերադարձածների հետ ո՞վ է աշխատում, ո՞վ է հետաքրքրվել, թե ով ինչ պայմաններում է գերի ընկել, ով է մեղավոր եղել։ Ես պատասխանատու ձևով հայտարարում եմ՝ երբ բանավոր պայմանավորվածությամբ, ինչն ինքնին հանցագործություն է, հողեր են հանձնվում, որտեղ դեռ կանգնած են մեր զինվորները, արդյոք դա չի՞ նշանակում, իսկ ես պնդում եմ, որ նշանակում է, որ հողերը հանձնվել են մեր մարտնչող զինվորների հետ միասին։ Փաստաթուղթ ստորագրելուց կամ բանավոր պայմանավորվածություններից առաջ վարչապետը պետք է դիմեր գոնե Ռուսաստանին, որ թույլ տային, որ մեր զինվորները դուրս գային բոլոր այդ տարածքներից։ Բայց դա չի արվել, և ահա այդ քայլերի հետևանքով մենք ունենք ավելի շատ գերիներ, քան կարող էր լինել, եթե իշխանությունը ճիշտ գործեր։ Ստորագրող վարչապետը չի մտածել, որ այդ տարածքներում զինվորներ կան։ Ստորագրությունը գիշերն է եղել, և ես համոզված եմ, որ երբ Ադրբեջանն ստացել է այդ լուրը, անմիջապես գերության է վերցրել բոլոր այն մարդկանց, ում կարողացել է։
Դելիմիտացիա ու դեմարկացիա իրականացնելու նախապատրաստական աշխատանքներ սկսելու մասին ևս հայտարարություն եղավ։ Փաշինյանն ասաց, որ ռուսական կողմից կա նման առաջարկություն, որը հայկական կողմի համար ընդունելի է։ Այս իրավիճակում դա ի՞նչ վտանգներ է պարունակում։
Սահմանազատման ու սահմանագծման հարցերով հանձնաժողով չկա, բայց վարչապետի պաշտոնն զբաղեցնող այդ անձի կողմից մի քանի անգամ հայտարարվել է, որ դրանք Ադրբեջանի տարածքներն են, այլընտրանքային ճանապարհներ են գործարկել։ Հայաստանի Հանրապետության տարածքների նկատմամբ կամայական վերաբերմունք է ցուցաբերվում։ Եթե Հայաստանի Հանրապետության տարածքների փոփոխություն է տեղի ունենում, ապա ըստ Սահմանադրության՝ դա պետք է տեղի ունենա միայն հանրաքվեով։ Հիմա հայտարարություն է եղել, որ ամեն ինչ լինելու է գաղտնի, դա ապշելու բան է։ Պայմանավորվածություններ կամ բանակցություններ դեռ տեղի չեն ունեցել, տարածքների նկատմամբ Ադրբեջանի նկրտումները չեն կանխվել, իսկ վարչապետն ԱԺ ամբիոնից հայտարարում է, որ «սա մերը չէ, Ադրբեջանինն է»։ Այսինքն՝ արդեն իսկ այդ գործընթացն սկսվել է առանց իրավական հիմքերի։ Եվ այս իրավիճակում մենք գործ ունենք թե սահմանադրական կարգի, թե պետական անվտանգության դեմ հանցագործությունների հետ։ Ես տեսնում եմ, որ ընդդիմությունը չի կարողանում կանգնեցնել այդ գործընթացը։ Մեր հասարակության կողմից պետք է դիմել Ռուսաստանին ու հստակեցնել՝ Ռուսաստանը ե՞ւս չի կարողանում այդ գործընթացի մեջ իր դերակատարությունն ունենալ, ոչ թե զորք բերել, այլ հստակեցնել՝ ի՞նչ է տեղի ունենում։ Այս առումով հստակեցնենք, որ արդեն իսկ տեղի է ունենում ՀՀ տարածքների հանդեպ կամայական վերաբերմունք, և որևէ մեկը դա չի կարողանում կանգնեցնել։