Թրյուդոն կոչ է անում եկեղեցուն հրապարակել գիշերօթիկ դպրոցների գրառումները, իսկ կաթոլիկներին՝ ճնշում գործադրել
Վարչապետ Ջասթին Թրյուդոն երկրի կաթոլիկներին կոչ է անում գործողություններ պահանջել կաթոլիկ եկեղեցուց՝ կապված այն բանի հետ, որ Բրիտանական Կոլումբիայի Կամլուպս քաղաքում գտնվող նախկին գիշերօթիկ դպրոցի մոտ երեխաների աճյուններ են հայտնաբերվել, հայտնում է СВС-ը:
«Որպես կաթոլիկ՝ ես խորապես հիասթափված եմ այն որոշումից, որ կաթոլիկ եկեղեցին ընդունել է այժմ եւ վերջին տարիներին»,- ասել է վարչապետը: Թրյուդոն ընդգծել է, որ ինքը Հռոմի պապ Ֆրանցիսկոսին խնդրել է ռեստիտուցիոնալ միջոցառումներ ձեռնարկել, այդ թվում՝ պաշտոնապես ներողություն խնդրել եւ հրապարակել կանադական գիշերօթիկ դպրոցների համակարգի հետ կապված գրառումները: Եկեղեցին դեռ չի կատարել այս խնդրանքներից ոչ մեկը:
«Մենք դեռեւս դիմադրություն ենք տեսնում եկեղեցու կողմից»,- ասել է Թրյուդոն: «Կարծում եմ, որ սա իսկապես կարեւոր պահ կլինի մեր բոլորի համար, հատկապես ամբողջ երկրի կաթոլիկների համար` դիմել մեր տեղական ծխերին, դիմել եպիսկոպոսներին, կարդինալներին եւ հասկացնել, որ մենք ակնկալում ենք, որ եկեղեցին պատասխանատվություն ստանձնի այս ամենի մեջ իր դերի համար»,- ասել է նա:
Մայիսի վերջին Կանադայի արեւմուտքում գտնվող Կամլուպս քաղաքի մերձակայքում զանգվածային գերեզման էր հայտնաբերվել: 215 երեխայի մնացորդները գտնվել էին Kamloops Residential School նախկին գիշերօթիկի տարածքում, որը գոյություն է ունեցել 1890-1978 թվականներին եւ որը բնիկ ժողովուրդների համար վերադաստիարակման ճամբարի մի տեսակ էր: Մինչեւ 1960-ականների վերջը դպրոցը եղել է կաթոլիկ եկեղեցու կառավարման ներքո, այնուհետեւ այն անցել է Կանադայի կառավարության վերահսկողության տակ: Մահացած երեխաներից ոմանք ընդամենը երեք տարեկան են: Երբ եւ ինչ հանգամանքներում են նրանք մահացել, դեռեւս անհայտ է: Պեղումներն իրականացվել են տեղի հնդկացիական համայնքներից մեկի նախաձեռնությամբ:
Տեղական հնդկացիական համայնքների տվյալներով՝ Կամլուպսի գիշերօթիկ դպրոցը նման հաստատություններից ամենամեծն էր Կանադայում: Դրանք գոյություն են ունեցել 17-րդ դարի վերջից մինչեւ 1990-ականներ, ֆինանսավորվել են կառավարության կողմից, եւ հիմնականում կառավարվել են եկեղեցական ու կրոնական կազմակերպությունների կողմից: Ընդ որում՝ բնիկների ընտանիքների երեխաները հարկադրաբար էին ուղարկվում գիշերօթիկ դպրոցներ՝ նրանց կանադական հասարակության մեջ ինտեգրելու համար: Վիճակագրության համաձայն, 130 ռեզիդենտ դպրոցների 150 000 աշակերտներից առնվազն 3200-ը մահացել է ծեծից եւ հիվանդություններից: Կանադայում այս դպրոցներից վերջինը փակվել է 1996 թվականին: