«Ազգայնական շարժում կուսակցության» առաջնորդ Դևլեթ Բահչելին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին նվիրել է «թյուրքական աշխարհի» քարտեզը, որի վրա նշված են Ռուսաստանի որոշ շրջաններ: Սա նման քարտեզների հրապարակման առաջին դեպքը չէ։ Այս տարվա փետրվարին Ստրատֆոր վերլուծական կենտրոնը նույնպես հրապարակել էր թուրքական ազդեցության քարտեզը 2050 թ․ կանխատեսումով։

Հատկանշական է նման հրապարակումներին Ռուսաստանի իշխող շրջանակների արձագանքը։ ՌԴ ԱԳ նախարար Լավրովը Ստրատֆորի քարտեզի հրապարակումից հետո հայտարարեց, որ Թուրքիան նման նպատակներ (պանթուրանական) չունի։ Ավելին, նա խրախուսեց թյուրքական տարբեր խորհուրդների ու միությունների գործունեությունը, նշելով, որ Ռուսաստանը նույնպես ներգրավված է դրանցում։

Պետք է նկատի առնել, որ այսպես կոչված «պանթուրքիզմի գաղափարախոսությունը» մշակվել է Ռուսաստանի իշխանության հատուկ կենտրոններում եւ դիտարկվում էր որպես Ռուսաստանի ազդեցության գոտիներում՝ Կենտրոնական Ասիայում, Անդրկովկասում Արեւմուտքի հավակնությունների դեմ պայքարելու միջոց։ Մոսկվայի այս մտայնությունը գործել է հատկապես Հայաստանի դեմ 200-ամյա քաղաքականության պարագային, այդ թվում՝ 2020-ի աշնանը սկսած արշավում։ Ռուս-թուրքական սիներգիան, թուրքերի հետ համատեղ բարդ օպերացիան Ղարաբաղում (Պուտին, Լավրով, Շոյգու) այս քաղաքականության հավաստումներն են։

Կենտրոնական Ասիայի թյուրքալեզու երկրներում, Ռուսաստանի թյուրքալեզու շրջաններում եւ հատկապես Թաթարստանում Հայաստանի դեմ Ռուսաստանի արշավը «մշակութային» ընդհանրությունից զատ առաջացրել է էթնիկ-քաղաքական տրամադրությունների վերելք՝ Հայաստանի օրինակով եզրահանգվում է, որ Մոսկվան վեր է ածվել թուրքական քաղաքականության կցորդի ու փաստաբանի։ Իր հերթին, այս տրամադրությունների աճին զուգահեռ, քննարկվում է արդեն ռուսական պետության պահպանման հնարավորությունը թուրքական «հովանու» ներքո։

Հայաստանի դեմ ՌԴ քաղաքականությունն անխուսափելիորեն պետք է հանգեր դրան։ Հայաստանում դեռ երբեմն-երբեմն հնչող «կամ ռուսի հետ ենք, կամ թուրքի հետ» պարտադրված թեզի ակունքներն ու թիրախը պարզ են՝ Հայաստանը պետք է լինի ՌԴ այս քաղաքականության մատաղացուի դերում։

Հայաստանին սահմանազատում ու միջանցքներ պարտադրող Ռուսաստանը կստանա դրանք իր տարածքում։

Lragir.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն