Դրանք Հայաստանի համար վտանգավոր գծեր են
Դեկտեմբերի 9-10-ին Վաշինգտոնում կազմակերպվող ժողովրդավարության առաջին Վեհաժողովի հրավերի առնչությամբ, որ ստացել է Հայաստանը, հասարակական-քաղաքական օրակարգում հնարավոր է հաճախ լինել մի մտքի ունկընդիր, որ հնչում է տարբեր ձևակերպումներով, սակայն ըստ էության նույն իմաստով. աշխարհը բաժանվում է ժողովրդավարությունների և ոչ ժողովրդավարությունների, կամ ժողովրդավարությունների և բռնապետությունների:
Մի կողմ թողնենք այն, որ համաշխարհային քաղաքական թե անցյալի, թե ներկայիս, վստահաբար թե նաև ապագայի պատկերի համադրությամբ այդ բնորոշումը ինքնին քաղաքականապես ծայրահեղ անհամարժեքություն է: Ամբողջ հարցն այն է, որ այդ բնորոշումը չափազանց խնդրահարույց է Հայաստանի համար թե ռազմավարական, թե մարտավարական ընթացիկ տրամաբանությամբ: Եվ դրա պատճառը շատ պարզ է: Հայաստանի ռազմավարական մարտահրավերները, ռիսկերը, սպառնալիքները այնպիսին են, որ դրանք մեզ համար կենսական են դարձնում սերտ հարաբերությունը ոչ միայն ժողովրդավար աշխարհի առաջատարների հետ, այլ նաև երկրների հետ, որոնք մեղմ ասած հեռու են ժողովրդավարությունից: Եվ խոսքն այստեղ բոլորովին միայն Ռուսաստանի մասին չէ, և ոչ էլ միայն հարևան Իրանի մասին: Հայաստանը սերտ աշխատանքի անհրաժեշտություն ունի մերձավորարևելյան ռեգիոնում գտնվող այլ երկրների, մասնավորապես արաբական աշխարհի առաջատարների հետ: Ավելին, բոլորովին վերջերս Հայաստանում նշանակալիորեն արձանագրեցիքն հայ-սաուդական «հարաբերության» առումով պատմական իրողությունը՝ դիվանագիտական հարաբերության բացակայության պայմաններում Հայաստանի նախագահի առաջին այցն Էր Ռիյադ:
Ավելին, Հայաստանը մի շարք տնտեսական և քաղաքական նկատառումների բերումով ունի Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերություն վերջապես հաստատելու, տնտեսական հարաբերություն խորացնելու անհրաժեշտություն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սաուդյան Թագավորությունը ահռելի կշիռ ունի արաբական, մահմեդական, իսլամական աշխարհում, իսկ Ադրբեջանը փորձել է և մշտապես փորձելու է Հայաստանի հետ խնդիրներում թեկուզ նրբորեն օգտագործել կրոնական երանգավորումը:
Հայաստանի համար հույժ կարևոր գործընկեր են Հորդանանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Կատարը, այլ բազմաթիվ երկրներ, որտեղ պետական կառավարման և հանրային համակեցության բացարձակապես ժողովրդավարական մոդելներ չեն: Բայց դա այդ երկրների ներքին գործն է, իսկ Հայաստանի համար խնդիրը նրանց հետ գործընկերային հարաբերության կայուն և բովանդակալից օօրակարգեր ու կապեր հաստատելն է: Աշխարհը ժողովրդավարությունների և բռնատիրությունների կամ ոչ ժողովրդավարությունների բաժանել իրենց կարող են թույլ տալ գերտերությունները, որոնք ունեն այնպիսի ահռելի միջազգային ազդեցություն և արտաքին հարաբերության ու անվտանգային գործիքակազմ, որ այդպիսի բաժանումները եթե անգամ թողնեն տհաճ նստվածք, այդուհանդերձ չեն խանգարի «ոչ ժողովրդավարների» հետ հարաբերություն կառուցելուն և անգամ դաշնակցելուն:
Հայաստանն իրեն չի կարող թույլ տալ այդպիսի բաժանում, այդպիսի հռետորաբանություն, առավել ևս գտնվելով քաղաքակրթությունների և կրոնների հատման խաչմերուկային մի կետում, և առավել ևս, երբ այդ կետը համաշխարհային քաղաքականության այն կետերի շարքում է, որոնք ունեն արագորեն թեժանալու վտանգավոր պոտենցիալ: Այդ պարագայում Հայաստանի համար առանցքային է բաժանարար գծերի հնարավորինս նվազեցումը, այլ ոչ ավելացումը: Ժողովրդավարությունը Հայաստանի ներքին քաղաքակրթական ընտրությունն է, որը հայկական պետականության արդիականացման, զարգացման, արտաքին քաղաքական և անվտանգային էֆեկտիվության թերևս առավել օպտիմալ մոդելն է, բայց ոչ երբեք միջազգային հարաբերությունների բաժանարար գիծ: Եվ Վաշինգտոն էլ, Հայաստանը մեկնում է ոչ թե գծերով սահմանափակվելու, այլ հակառակը՝ քաղաքակրթական ներուժով բացվելու և բազմագիծ կամ բազմավեկտոր քաղաքականության կարողությունը ավելացնելու նկատառումով:
1in.am