Հայաստանի արտգործնախարարությունը հաստատել է Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը դեկտեմբերի 15-ին Բրյուսելում Ալիևի հետ հանդիպմանը։ Առաջիկա հանդիպման մասին տեղեկությունը տարածել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի գրասենյակը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործող նախագահ Անն Լինդեի Մոսկվա կատարած այցից և ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո։

Հրապարակումից հետո ռուսական շահերի ծիրում գործող փորձագիտական-քաղաքագիտական ​​շրջանակներում «ոգևորության» հերթական ալիքը սկսեց՝ Հայաստանում իրար հերթ չտալով սկսեցին ապացուցել, որ Փաշինյանի մասնակցությունը բրյուսելյան հանդիպմանը դեմարշ է Մոսկվայի դեմ և կարող է նշանակել արտաքին քաղաքականության ուղղության փոփոխություն։ Բացահայտ ասվում է, որ Արևմուտքը փորձում է դուրս մղել Ռուսաստանին, և Երևանը դա չպետք է թույլ տա։ Թե ինչ ծրագիր է իրականացնում Ռուսաստանը Հայաստանի դեմ եւ ինչու է անհրաժեշտ նրա ներկայությունը՝ լռության է մատնվում։ Երեւում է՝ բացատրությունների ժամանակ չկա, շտապ Ռուսաստանը փրկել է պետք։

Բայց հետաքրքիրն այն է, որ ռուս փորձագետները դեմարշի մեջ մեղադրում են Ալիևին՝ չհասկանալով, թե ինչը կարող էր ստիպել Ալիևին, ով չէր կարողանում հանդուրժել Մինսկի խումբը, համաձայնել խաթարել «մոսկովյան ձևաչափը»։ Մոսկվան և Բաքուն մինչ այժմ հաջողությամբ տապալել են Մինսկի խմբի աշխատանքի վերսկսումը` գործընթացները պահելով «մոսկովյան» ձևաչափում։ Իսկ Մոսկվայում Բաքվի համաձայնությունը համարվում է գրեթե դավաճանություն և նախկին պայմանավորվածությունների խզում։

Ի՞նչը ստիպեց Բաքվին համաձայնվել։ Արդյոք Ալիեւին ասվել է այլընտրանքի, ասենք, Արցախի ճանաչման մասին։ Ալիևի դրդապատճառների մասին կարելի է ենթադրություններ անել, ինչպես նաև այն մասին, թե ինչու Հայաստանում այդքան եռանդով շտապեցին պաշտպանել «մոսկովյան ֆորմատը»։ Բրյուսելի հանդիպումը որպես Ռուսաստանի դեմ ուղղված քայլ ներկայացնելու հայաստանյան որոշ շրջանակների փորձերն արդեն նմանվում են վերջին հրահանգն ավարտին հասցնելուն։

Lragir.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն