Կրեմլը հայտնել է Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի մասին։ «Շարունակվել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակի և դրա կայունացմանն ուղղված միջոցառումների քննարկումը՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ պայմանավորվածությունների կատարման համատեքստում։ Նիկոլ Փաշինյանը երախտագիտություն է հայտնել Ռուսաստանի ակտիվ միջնորդական ջանքերի համար։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա շփումների վերաբերյալ», ասվում է հայտարարության մեջ։

Բրյուսելում Փաշինյան-Ալիև հանդիպման վերաբերյալ տեղեկատվությունը Հայաստանում աղմուկ է բարձրացրել ռուսանպաստ շրջանակներում։ Տարբեր ենթադրությունների տեղիք է տալիս նաեւ այն հարցը, թե ինչու են Մոսկվան և Բաքուն, որոնք փորձում են տապալել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության աշխատանքը, համաձայնվել այդ հանդիպմանը։ Բայց գրեթե բոլորը նշում են, որ մինչև դեկտեմբերի 15-ը, երբ պետք է կայանա բրյուսելյան հանդիպումը, տարածաշրջանում կարող են շրջադարձային իրադարձություններ լինել, և հանդիպումը կարող է կորցնել իմաստը։

Խոսքը ինչպես ռազմական գործողությունների, այնպես էլ քաղաքական քայլերի մասին է։ Մասնավորապես, շրջանառության մեջ է դրվել Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետությանը Հայաստանի և Ադրբեջանի միանալու թեման՝ որպես «խորհրդային իրավասության» շրջանակներում «հակամարտությունների կարգավորման» միջոց։

Խոսվում է այն մասին, որ կարող են լինել ուժային քայլեր, որոնց օգնությամբ Ռուսաստանը կփորձի Փաշինյանին համոզել անշրջելի քայլերի գնալ։ Օրինակ, դեկտեմբերի 8-ին լրանում է Բելովեժյան համաձայնագրերի 30-ամյակը, և Մոսկվան այդ օրը կարող է փորձել ստիպել Լուկաշենկոյին, Ալիևին և Փաշինյանին ստորագրել «միութենական» փաստաթուղթ։

Հեռախոսազրույցը և Փաշինյանի «երախտագիտությունը» Պուտինին վկայում են Մոսկվայի անհանգստության մասին։ Ռուսաստանը փակուղու մեջ է. վեց ամիսը, որը Բայդենը տվել է Պուտինին, սպառվում է։ Հայտնի է դարձել, որ պատրաստվում է Բայդեն-Պուտին հանդիպում, որի ժամանակ թերեւս պետք է «ամփոփի» 6 ամիս առաջ ձեռք բերված պայմանավորվածությունները։ Իր հերթին, ԱՄՆ Կոնգրեսը բանաձևի նախագիծ կներկայացնի Ռուսաստանում ընտրությունները չճանաչելու մասին, եթե Պուտինը 2024 թվականին առաջադրվի նախագահի պաշտոնում։

Նման իրավիճակներում Ռուսաստանը «գոյատևում է ընդլայնվելու միջոցով»։ Եվ թիրախում նորից Հայաստանն է, որը կարող է կորցնել իր պետականությունը։

Lragir.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն