Կարծում եք նոյեմբերի 16-ի հարձակումը կարո՞ղ էր տեղի ունենալ, եթե Ռուսաստանը համաձայն չլիներ
Մեր զրուցակիցն է Շվեյցարիա–Հայաստան խորհրդարանական խմբի ընդհանուր քարտուղար Սարգիս Շահինյանը (Շվեյցարիա)
Պարոն Շահինյան, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում ստեղծված իրավիճակը, ինչո՞վ են պայմանավորված Հայաստանի դիվանագիտական ճակատում ձախողումները և որոնք պետք է լինեն մեր անելիքներն այս պայմաններում:
Այստեղ առնվազն երկու մակարդակներ կան. առաջին հերթին հայկական կառավարության մեջ տեղի ունեցող ընթացքը, երկրորդն այն է, որ թե ինչպես են մեր դիրքը տեսնում արտասահմանում: Հայաստանի կառավարության մեջ զգացվում է, որ տարբեր ալիքներ կան և, դժբախտաբար, սա լավ տպավորություն չի թողնում: Սա առողջ վիճակ չէ. մի կողմից մենք կարող ենք աշխատել միջազգային իրավունքի գետնի վրա համաշխարհային դատարանի և ՄԻԵԴ-ի ուղղությամբ, մյուս կողմից շեշտվում է ոչ հստակությունը, ինչը վերաբերում է սահմանների խնդրին:
Այդ խզումը, ըստ իս, առաջին հերթին առաջին դեմքից է գալիս, նկատի առնելով այն ամենը, ինչը հնչում էր խորհրդարանում, մանավանդ ինչ վերաբերում է սահմանագծմանն ու սահմանազատմանը: Ես զգում եմ, որ հստակություն չկա և սա տանում է անվստահության, էլ չեմ խոսում ընդհանրապես Սյունիքի բնակիչների մասին: 2020-ի նոյեմբերի 9-ից հետո նոյեմբերի 16-ին տեղի ունեցած դիմադրությունը ցույց տվեց, որ մեր բանակը թե մարտունակ է, թե ի վիճակի է պատասխան տալու, և հակառակորդին ծանր կորուստներ պատճառելու: Այստեղ սակայն ինձ մոտ ուրիշ հարց է ծագում. եթե սա է իրականությունը, ուրեմն ինչու նույնը չկարողացանք անել Շուշիի, Հադրութի պաշտպանության դեպքում:
Ինչ վերաբերում է նրան, թե ինչպես են արտասահմանում տեսնում մեր դիրքը, և նրան, թե ինչ են անում մյուս երկրները, դա որոշ առումով պայմանավորված է նրանով, թե ինչպես է Ռուսաստանը վերաբերվում Հայաստանին: Օրինակ, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ շատ հստակ նշված էր, որ կողմերը պետք է կանգնեն այնտեղ, որտեղ կանգնած են, և այն, ինչ տեղի է ունենում մայիսի 12-ից սկսած, փաստում է, որ այդ կետը խախտված է: Ամենավատն այն է, որ սա չի վերաբերում միայն Արցախին, այլև Հայաստանի տարածքին՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ հարձակման ու տարածներ վերցնելու պատճառով: Մենք մամուլից իմանում ենք այդ մասին Սոթքի հատվածի, Իշխանասարի և Շուռնուխի, Գորիս-Կապան ճանապարհի ուղղությունների վերաբերյալ: Բայց թե իրականությունն ինչ է, ոչ մեկը մեզ չի ասում: Այս պայմաններում Ռուսաստանը Հայաստանի և Ադրբեջանի միջև սիմետրիկ դիրք է գրավում, և սա այն դեպքում, երբ Ռուսաստանը Հայաստանի հետ կապված է ռազմավարական համաձայնագրով, իսկ Ադրբեջանի հետ նման համաձայնագիր չունի: Ռուսաստանը պարտավորված է թույլ չտալ Հայաստանի դեմ այդպիսի հարձակում: Երբ այս ամենը տեսնում են Շվեյցարիայից, Իտալիայից, ԱՄՆ-ից, իրենք իրենց հարց են տալիս՝ իսկ ինչպե՞ս մենք պետք է վարվեն այս դեպքում: Նրանք ասում են՝ ասենք, մենք հայտարարեցինք, որ Ադրբեջանը մեղավոր է այս հարցում, բայց ի՞նչ ազդակներ են գալիս Հայաստանից, որ մեր դիվանագիտական մոտեցումը պաշտպանեն: Մենք ի՞նչ կարող ենք անել, ուղղակի ասել, որ Ադրբեջանը մեղավոր է: Մանավանդ որ Ադրբեջանը այդ երկրներում ունի այն տեսակ մի կառույց, որը կոչվում է Socar, որն ունի մեծ ակտիվներ և դրամ է շահում: Այս պայմաններում ո՞նց եք պատկերացնում, որ մարդիկ նստեն ու պարզապես ձեզ սատարեն: Սա տրամաբանությունից դուրս է:
Մենք տեսնում ենք միջազգային կառույցներն ու խոշոր երկրները հավասարության նշան են դնում Հայաստանի ու Ադրբեջանի միջև:
Հենց դա եմ ասում, որ ո՞նց պետք է իրենց պահեն միջազգային երկրներն ու նրանց դիվանագիտությունը: Դուք չեք տեսնո՞ւմ, որ նվազագույն և ամենապարզ հարաբերությունները Հայաստանին պաշտպանող պետության և Հայաստանի միջև չեն աշխատում: Ո՞ւմ պետք է դուք պաշտպանեք, չպաշտպանվողի՞ն: Դրա համար կարևոր է, որ մենք հզորացնենք մեր անվտանգության գործոնները՝ բանակը, հետախուզական ծառայությունները և մեր արտաքին քաղաքականությունը: Սա կարող ենք անել մի քանի ձևով. Առաջին հերթին պետք է փնտրել այլ ընկեր-պետություններ, ինչը չի արվել տասնամյակներ շարունակ: Իհարկե, որոշ բաներ արվում են, օրինակ Հնդկաստանի հետ երկխոսություն է ընթանում և գուցե անգամ ռազմական ոլորտում աջակցության մասին են քննարկումներ լինում: Նույնը պետք է արվի Իրանի հետ և այլն: Միաժամանակ կարևոր բաներ են տեղի ունենում ԱՄՆ-ում, մասնավորապես, քննարկվում է Ադրբեջանին ռազմական օգնություն չտրամադրելու հարցը, բայց մենք դրանով ի՞նչ ենք շահում, կարողանո՞ւմ ենք մեր հողը պաշտպանել:
Մյուս կողմից, այստեղ նուրբ խնդիրներ կան, կարծում եք նոյեմբերի 16-ի հարձակումը կարո՞ղ էր տեղի ունենալ, եթե Ռուսաստանը համաձայն չլիներ: Իհարկե, Ռուսաստանը համաձայն է եղել այդ հարձակմանը և դրա համար էլ արձագանքը Մոսկվայի կողմից այսպիսին էր: Ես չեմ կարծում, որ սա նշան էր Հայաստանին, դա նշան էր ուրիշ երկրներին, առաջին հերթին Իրանին: Առաջին հեռախոսային կապը, որ ունեցավ Ռուսաստանի ղեկավարը՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներից հետո, Իրանի նախագահն էր՝ հաշվի առնելով, թե Իրանն իրեն ինչպես էր դրսևորել նախկին ամիսներին: Խոսքը Իրան-Ադրբեջան լարվածության և Ադրբեջանի սահմանի մոտ զորքեր կուտակելու մասին է: Հիմա, արտասահմանից եկող դիրքորոշումները, որ հավասարության նշան են դնում Հայաստանի ու Ադրբեջանի միջև, օրինաչափ է, այլ կերպ չեր կարող լինել, որովհետև մենք ատամ չենք ցույց տվել, ընդհակառակը, անընդհատ հետ ենք գնում: Այս պայմաններում մեծ հարց է առաջանում, որ սահմանազատման գործընթացը, որը երկարատև պրոցես է, ի՞նչ քարտեզների հիման վրա պետք է տեղի ունենա, և արդյոք քարտեզների իրողությունը որևէ նշանակություն ունի մեր հակառակորդի համար: Կարծում եք՝ քարտեզներից բխող իրավունքի հիման վրա՞ է շարժվում Ադրբեջանը: Արդբեջանը կտոր-կտոր վերցնում է հողերը և դա այն հատվածում, որտեղ Ադրբեջանի և Նախիջևանի միջև հեռավորությունը ամենակարճն է՝ մոտ 30 կմ: Մի կողմից մեր բանակը մարտունակ է, մյուս կողմից տեսնում ենք, որ այդ հարձակումից մի օր առաջ մեր պաշտպանության նախարարը փոխվում է, միակ մարդը, որը դուխ ունեցավ ՀԱՊԿ-ի ներկայացուցչին ասելու, որ մենք ձեզ ավելի շուտ էինք սպասում և դրանով դժվար կացության մեջ դրեց ՀԱՊԿ-ին: Հիմա այս պահին նման մարդուն՝ Արշակ Կարապետյանին հանելն ի՞նչ է նշանակում:
Կարծում եք՝ դա նույնպես Մոսկվայի հրահանգո՞վ է արվել:
Ես իրավունք չունեմ որևէ հստակ բան հայտարարելու, ես միայն մեկնաբանում եմ իրավիճակը: Ես հարց եմ հնչեցնում՝ ի՞նչ է տեղի ունեցել, որ նախարարին հանում են ու դրանից 1-2 օր հետո տեղի է ունենում Ադրբեջանի գրոհը:
Հայաստանում տեղի ունեցողը մտահոգիչ է, քանի որ մենք չգիտենք, թե վաղը ինչ է մեզ սպասում, կարող է առավոտյան արթնանաք ու տեսնենք, որ մեր գլխի վերևում ադրբեջանական կամ թուրքական դրոշ է պարզվել: Ինձ համար դժվար է ասել, որ սա ճիշտ ձևն է: Բայց ես կարող եմ ասել, որ խորհրդարանի կողմից շատ հստակ մտադրություն կա բարեկամ երկրների հետ շատ ավելի սերտ հարաբերություններ ունենալ բարեկամական խմբերի միջոցով: Հայաստանի և Շվեյցարիայի միջև նոր բարեկամական խումբը բովանդակության տեսակետից մի քանի անգամ ավելի հզոր խումբ է, քան նախորդը: Շվեյցարիայի խորհրդարանի 5 հանձնաժողովների ղեկավարներն են ընդգրկված այդ խմբում, սա խաղալիք չէ: Պարզապես այս հարցում մի քիչ ուշացել ենք: Հիմա սա անելը, երբ արդեն ջրի հատակին ենք, ո՞նց անդրադառնան մարդիկ դրան, երբ արդեն հակառակորդի ճնշման տակ ենք թե դիվանագիտական, թե քարոզչական առումներով: Մենք մի անգամ կարողացանք կանխել Ադրբեջանի նման քայլերը մեր բարեկամական խմբի մասնակցությամբ, բայց փամփուշտերն անվերջ չեն: Մենք պետք է հզորանանք այդ տեսակետից:
Մենք պետք է մի մարմնի նման շարժվենք, բայց այդպես չենք շարժվում: Որովհետև եթե մարդու իրավունքների պաշտպանը և երկրի նախագահը մեծ աշխատանք են տանում՝ ցույց տալով աշխարհին Ադրբեջանի սադրիչ գործողություններն ու դրանց բնույթը, մյուս կողմից մենք տկարացնում ենք այս մարդկանց այլ տեսակի հայտարարություններով, դա ճիշտ չէ: Սփյուռքն էլ շվարած վիճակում է: Մենք պետք է համահունչ ձևով շարժվենք:
Lragir.am