ԱՄՆ ակտիվացնում է իր քաղաքականությունը ԵԱՀԿ Մինսկի խմբում․ Սուրեն Սարգսյանը՝ ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տարածաշրջան այցի մասին
Ամերիկյան հետազոտությունների կենտրոնի ղեկավար Սուրեն Սարգսյանի խոսքով՝ Եվրոպայի և Ասիայի հարցերով պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիկերի այցը տարածաշրջան առավելապես ճանաչողական է լինելու։ Նա Tert.am-ի հետ զրույցում նկատեց, որ բացի նրանից, որ ԱՄՆ-ում վարչակազմն է փոխվել, փոխվել են նաև վարչակազմի քաղաքական սկզբունքները, խոսքը առավել ակտիվ և նախաձեռնողական քաղաքականության մասին է ընդհանրապես և նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում։
«Թրամփի վարչակազմի օրոք ԱՄՆ-ը դուրս էր ակտիվ ներգրավվածությունից՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով։ Այնտեղ նախագահական ընտրություններ էին և այլն»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ ԱՄՆ պետդեպարտամենտից հայտնել են, որ Եվրոպայի և Ասիայի հարցերով պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիկերը հունիսի 6-13-ը կայցելի Թբիլիսի, Բաքու և Երևան։
Սուրեն Սարգսյանը մատնանշեց՝ Երևան և Բաքու այցերի ժամանակ լինելու են հանդիպումներ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, լինելու են քննարկումներ Ադրբեջանում պահվող հայ գերիների մասին։
«Մեր տարածաշրջանում Միացյալ Նահանգների ակտիվությունը կարող է հօգուտ մեզ լինել, բայց դա մեծապես մեզնից է կախված լինելու։ Մեր դիվանագիտությունը ևս նույնպես պետք է ակտիվություն դրսևորի, որպեսզի կարողանանք ճիշտ կողմնորոշվել։ Կարելի է դրական արդյունքների հասնել»,- ասաց նա՝ նկատելով, որ Հայաստանը կարողացել է ժամանակին կոմպլեմենտար՝ հավասարակշիռ քաղաքականության շնորհիվ իր շահերն առաջ տանել։
Ինչ վերաբերում է նրան, թե ինչ է պետք այս տարածաշրջանում Միացյալ Նահանգներին, ապա ըստ Սուրեն Սարգսյանի, խաղաղությունը բոլոր գերտերութուններին է այստեղ անհրաժեշտ։
«Պատերազմական իրավիճակը, անկառավարելիությունը, անկանխատեսելիությունը և ոչ միայն Հարավային Կովկասում, այդքան է ցանկալի չէ գերտերություններին։ Դրանք միջազգային հարաբերություններում ոչ ոքի ձեռնտու չէ։ Նկատենք, որ Ղարաբաղյան վերջին պատերազմի ժամանակ գերտերությունները՝ ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Ռուսաստանը հանդես եկան կրակի դադարեցման նախաձեռնություններով։ Այլ բան է, որ դրանք հաջողություն չունեցան»,- ասաց նա։
Հիմա էլ, ըստ Սուրեն Սարգսյանի, Միացյալ Նահանգները ցանկություն ունի, որ այստեղ խաղաղություն հաստատվի։ «Թե ինչ ճանապարհով, իհարկե, դեռ հայտնի չէ; Բայց պետք է հաշվի առնել, որ Միացյալ Նահանգները ցանկություն ունի, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը վերջնականապես խաղաղ ճանապարհով լուծվի, չնայած Ադրբեջանի նախագահի հայտարարություններին, որ հիմնախնդիրը լուծված չէ»,- ասաց նա՝ մատնանշելով, որ ԵԱՀԿ մինսկի խումբը, որի մեջ մտնում է նաև Միացյալ Նահանգները պարբերաբար կողմերին հայտնում է պատրաստակամություն օգնելու, որ հասնեն հիմնախնդրի վերջնական խաղաղ քաղաքական կարգավորման։
Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող զարգացումներին և դրա վերաբերյալ Միացյալ Նահանգների դիրքորոշմանը՝ Սուրեն Սարգսյանը նշեց, որ այս հարցում էլ ԱՄՆ-ը ունի հստակ դիրքորոշում, որ դեմարկացիոն գործընթացները պետք է տեղի ունենան որոշակի սկզբունքների հիման վրա, երբ ադրբեջանական զինված ուժերը դուրս գան Հայաստանի տարածքից։
«Նման դիրքորոշումը մեզ համար կարող է լուրջ ձեռքբերումների հանգեցնել։ Եվ ընդհանրապես այնպես չէ, որ պատերազմներից հետո պարտվող կողմը դիվանագիտական հաղթանակներ չի կարողանում ունենալ։ Շատ դեպքեր կան պատմությանը հայտնի, որ չնայած պատերազմում պարտության՝ պետությունը կարողանում է արդյունավետ արտաքին քաղաքականություն վարել, ձևավորել արտաքին քաղաքական օրակարգ և նույնիսկ ստեղծված իրավիճակից քաղել մաքսիմումը»,- ասաց նա։
Պատասխանելով դիտարկմանը, թե ինչ կարծիք ունի Ռիկերի այցի ժամանակահատվածի վերաբերյալ, այն ընթանալու է խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, արդյոք կա՞ որևէ «ուղերձ» դրանում, Սուրեն Սարգսյանը նշեց․
«Որևէ «մեսիջ» չկա։ Այցը նախապատրաստվել է ամիսներ առաջ նույնիսկ ավելի վաղ, քան Հայաստանում որոշում կայացվեց, որ պետք է խորհրդարանական ընտրություններ լինեն։ Բացի այդ՝ սա տարածաշրջանային այց է, և որևէ կերպ չի կարող դիտարկվել ուղղակի կամ անուղղակի աջակցություն Հայաստանի գործող իշխանությանը։ Այնպես որ, չեմ կարծում, որ պետք է կենտրոնանալ այն հանգամանքի վրա, թե ինչու են հիմա գալիս։ Գալիս են հիմա, որովհետև հիմա է հարմար»,- ասաց նա։
Անդրադառնալով նրան, թե ինչ կարծիք ունի այն մասին, որ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի հետ բանակցելու են այսօրվա իշխանությունները, Սուրեն Սարգսյանը նշեց՝ ցավալի է, որ այսօրվա իշխանություններն են բանակցողները և խնդիր է այն, որ բանակցությանը չի լինելու երկրի գլխավոր դիվանագետը․ արտգործնախարարի պաշտոնակատարը հրաժարական է տվել։
«Սա լուրջ խնդիր է։ Գալու է բարձրաստիճան պաշտոնյան և նրան չի դիմավորելու արտգործնախարարը։ Արտաքին գործերի փոխնախարար ԱՄՆ-ի գծով նույնպես հրաժարական է տվել։ Այս իրավիճակում արդեն չգիտեմ, թե ինչպես են բանակցելու, ինչ հարցեր կարող են առաջ տանել»,- ասաց նա։