Փորձագետ. Հայաստանում բջջային ինտերնետի ծածկույթի ցուցանիշը ամենաբարձրերից մեկն է աշխարհում
Հայաստանում բջջային ինտերնետի ծածկույթի ցուցանիշը ամենաբարձրերից մեկն է աշխարհում: Այս մասին NEWS.am-ի հետ հարցազրույցում հայտնել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
Նա հավելել է, որ այսօր Հայաստանում գրեթե ամենուր ինտերնետ կա (առնվազն բջջային ինտերնետ): Բոլոր բնակավայրերն ունեն առնվազն մեկ բջջային օպերատոր, գրեթե յուրաքանչյուր տնային տնտեսություն ապահովված է ինտերնետով:
Այդ ցուցանիշով Վրաստանում իրավիճակը շատ չի տարբերվում Հայաստանից: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա այնտեղ ցանկացած վիճակագրություն միշտ կասկածներ է հարուցում՝ սկսած բնակչության թվի ուռճացված ցուցանիշներից մինչեւ ավելի անվնաս տվյալներ:
«Բջջային ինտերնետը, իհարկե, զիջում է մալուխային կապին որակի տեսանկյունից, հատկապես երկրի այն շրջաններում, որտեղ օպտիկամանրաթելային ցանցերի ներթափանցումը բջջային կապի համեմատ բավականին թույլ է: Հայաստանում շուրջ 170 տեղական պրովայդերներ կան, որոնք փորձում են լուծել այս խնդիրները: Սակայն այս ցուցանիշները դեռ այն մակարդակի վրա չեն, որը կցանկանայինք տեսնել», - նշել է Մարտիրոսյանը:
Ինչ վերաբերում է գներին, ապա դրանք, ինչպես նշել է փորձագետը, պետք է կապված լինեն երկրի տնտեսական ընդհանուր վիճակի հետ:
«Մեզ մոտ, ի տարբերություն աշխարհում միջին ցուցանիշների, սակագները բարձր չեն, սակայն հաշվի առնելով, որ բնակչության ավելի քան 30 տոկոսը հատել է աղքատության սահմանագիծը, ապա այդ մարդիկ փաստացի չեն կարող օգտվել որակյալ եւ արագ ինտերնետից: Գնային առումով վերջին տարիներին Հայաստանում փոփոխություններ գրեթե չեն գրանցվել՝ բացառությամբ թեթեւ գնիջեցումների: Սակայն այդ ցուցանիշն անհրաժեշտ է համադրել բնակչության վճարունակության անկման հետ»,-ընդգծել է նա:
Անդրադառնալով փաստին, որ ադրբեջանական ընկերությունը 2021 թվականի մարտին ձեռք է բերել Caucasus Online ընկերության բաժնետոմսերը, որի օգնությամբ ապահովվում է Եվրոպայից Հարավային Կովկասի եւ Կասպից ծովի տարածաշրջանում ինտերնետի տրանզիտային մատակարարումը, ապա Մարտիրոսյանը պարզաբանել է, որ ամենօրյա ռեժիմում Հայաստանում հնարավոր բացասական հետեւանքներ չեն զգացվի:
«Սակայն այդ փաստը կարող է օգտագործվել հետախուզական նպատակով: Բացի այդ, կոնֆլիկտային իրավիճակներով չի բացառվում Հայաստանում ինտերնետային կապի արագության թուլացում: Դա ինքնատիպ դամոկլյան սուր է, որ կախված է մեր գլխավերեւում եւ երկար ժամանակ կարող է որեւէ կերպ չդրսեւորվել»,-եզրափակել է նա:
Նշենք, որ Հայաստանում բջջային օպերատորների կողմից առաջարկվող փաթեթների արժողությունը տատանվում է՝ սկսած շուրջ 1500 դրամից (գրեթե 3 դոլար): Բաժանորդը, բացի զանգեր կատարելու եւ կարճ հաղորդագրություններ ուղարկելու հնարավորությունից, ստանում է ինտերնետ՝ ամսական սկսած 4ԳԲ-ից:
Կաբելային ինտերնետի գինը սկսվում է 3000 դրամից (շուրջ 6 դոլար):