Գերմանացի պատգամավորները՝ Էրդողանի նշանառության տակ. EADaily-ն հայտնել է թուրքական ԶԼՄ-ներում նրանց դեմ իրականացվող արշավների մասին
Մերձավոր Արևելքում իրավիճակի վերջերս տեղի ունեցած սրման ֆոնին Գերմանիայում արդիականացել է հակասեմիտիզմի դեմ պայքարի թեման: Չնայած բողոքի ցույցեր անող իսլամական և մուսուլմանական կազմակերպություններին աջակցելու և անգործության մեջ բազմաթիվ մեղադրանքներին՝ երկրի Քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահ Արմին Լաշետը որոշել է, որ իր ղեկավարած Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա դաշնային հողում դպրոցներում նախկինի պես իսլամի դասեր կլինեն: Դասընթացների կազմակերպմամբ զբաղվելու է կրոնական հարցերով թուրք-իսլամական միությունը (DITIB):
Այս մասին գրում է EADaily-ն՝ հավելելով, որ գերմանացի գործիչները, որոնք քննադատել են այդ որոշումը, հայտնվել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նշանառության տակ. կառավարությանը ենթարկվող թուրքական լրատվամիջոցներն սկսել են քննադատների դեմ ինտերնետային ուղղորդված արշավներ իրականացնել:
Իրավիճակը, սակայն, պատշաճ արձագանք չի ստանում գերմանական դաշնային կառավարության կողմից, որը «պատրաստ է զոհաբերել սեփական պատգամավորների անվտանգությունը՝ հանուն մուսուլմանական համայնքների շահերի»:
Լաշետի որոշմանը դեմ են հանդես եկել «Կանաչներ» կուսակցության նախկին համանախագահ, թուրքական ծագում ունեցող պատգամավոր Ջեմ Օզդեմիրը, ինչպես նաև երկրամասի խորհրդարանի անդամ Բերիվան Այմազը:
DITIB-ի դեմ նրանց կոչերին ի պատասխան թուրքական իշխանամետ ԶԼՄ-ներն սկսել են բաց արշավ իրականացնել. քաղաքական գործիչների լուսանկարներն ուղեկցվել են «Թուրքիայի թշնամիներ», «Քուրդիստանի բանվորական կուսակցության կողմնակիցներ» և այլ գրություններով: