Սյունեցինե՛ր, ձեր զենք-զինամթերքը չվաճառեք, վաղը ձեր ընտանիքներին ստիպված եք լինելու դուք պաշտպանեք. Հրաչ Ջաբրայան
Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի նախաձեռնությամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներ Փաշինյանն ու Ալիևը համաձայնել են դեկտեմբերի 15-ին հանդիպել Բրյուսելում` ԵՄ Արևելյան գործընկերության համաժողովի շրջանակներում։
Այս հանդիպմանն ընդառաջ Հայաստանում ծավալվել են դիմադրության և անհնազանդության շարժումներ, որոնց կազմակերպիչներն ու դրանց աջակցող քաղաքացիները պահանջում են Նիկոլ Փաշինյանից բացահայտել այն փաստաթղթի բովանդակությունը, որը պատրաստվում է ստորագրել Ալիևի հետ հանդիպման ժամանակ կամ դրանից հետո, ինչպես նաև՝ զինել Սյունիքը՝ թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջով Սյունիքով «միջանցքի» տրամադրումն Ադրբեջանին բացառելու համար։
Ամբողջ սփյուռքում դիմադրության շարժում ձևավորելու մասին օրերս հայտարարություն տարածեց Հայ հեղափոխական դաշնակցությունը՝ կոչ անելով սփյուռքի մեր հայրենակիցներին՝ համախմբվել ազգադավ իշխանության հեռացման պահանջի շուրջ և կամավորագրվել դիմադրության շարժմանը։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Հայ հեղափոխական դաշնակցության անդամ, կանադահայ գործարար Հրաչ Ջաբրայանը, խոսելով ընդդեմ Փաշինյանի իշխանության ձևավորված համազգային դիմադրության և անհնազանդության շարժումների մասին, ասաց.
«Ցանկացած հայ, որը մտահոգված է Հայաստանի ներկա ճակատագրով, պետք է միանա և՛ դիմադրության, և՛ անհնազանդության բոլոր շարժումներին։ Իհարկե, չեմ կարող ասել՝ արդյո՞ք դրանցով հնարավոր է կանխել իշխանությունների գործողությունները Սյունիքի միջանցքի մասով, սակայն անհերքելի է այն, որ այս շարժումները վերկուսակցական են ու պետք է այդպես էլ մնան, որովհետև գործ ունենք երկիր փրկելու խնդրի հետ, որին պետք է միանան բոլորը»,- ասաց Ջաբրայանը։
Մեր զրուցակցի խոսքով՝ այս վճռական հարցում սփյուռքի ողջ ներուժը համախմբելու հարցում, սակայն, կան խոչընդոտող գործոններ, որոնց պատճառը՝ ինչպես Հայաստանի իշխանության, այնպես էլ մեր թշնամիների՝ Ադրբեջանի և Թուրքիայի վարած քաղաքականությունն է։
«Սփյուռքում պետք է շատ զգույշ լինել հատկապես երկրների իշխանությունների հետ, որտեղ կառավարությունները լայնածավալ աշխատանք են տանում՝ ինչպես Ադրբեջանի և Թուրքիայի, այնպես էլ՝ Հայաստանի իշխանության հետ։ Ադրբեջանի իշխանությունը լայնածավալ աշխատանք է տանում, որին Հայաստանի ղեկավարությունից չեն պատասխանում, իսկ դրա արդյունքում մենք աշխարհին մեր թշնամիների կողմից ներկայացվում ենք՝ որպես 44-օրյա պատերազմը սկսող ագրեսոր։
Հայ հեղափոխական դաշնակցության սփյուռքյան կառույցներն աշխարհի 40 երկրում իրենց ունեցած ռեսուրսներն ակտիվորեն օգտագործում են, սակայն պետք է ընդգծեմ, որ այս կուսակցության դեմ հակապայքար է տարվում՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ՝ Ադրբեջանի և Թուրքիայի իշխանությունների կողմից։ Ես 40 տարի ապրում եմ Տորոնտոյում, և այնտեղ ձևավորվել է նիկոլականների խումբ, որն իր կյանքը նվիրել է հակադաշնակցական պայքարին՝ Նիկոլ Փաշինյանի մեջ տեսնելով Աստծու: Հետաքրքիր է, որ երբեք այդ խմբի անդամները Տորոնտոն չեն թողնում ու գան Հայաստանում ապրելու։ Իսկ ՀՀ իշխանությունը Դաշնակցության կառույցների դեմ պայքարում է այնպես, ինչպես Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունները, որովհետև Հայաստանի իշխանությունը հայության համար այնքան ազգակործան է, որքան Ադրբեջանն ու Թուրքիան»,- ասաց կանադահայ Ջաբրայանը։
Անդրադառնալով դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպմանը՝ Ջաբրայանը նշեց, որ սա այս երկու ղեկավարների վերջին հանդիպումը չի լինելու. դրանք լինելու են շարունակական, քանի որ Փաշինյանը հոգեպես պատրաստ է զիջելու հայկական շահը, իր գնահատմամբ՝ կիրթ և կառուցողական Ալիևին։
«Զիջումներ կլինեն՝ ինչպես Սյունիքի միջանցքի հարցով, այնպես էլ՝ այլ։ Սյունիքն այս իշխանության գործողությունների հետևանքով դարձավ սահմանամերձ, և հիմա թշնամին, որը նախկինում այդ մարզից 100 կմ հեռավորության վրա էր, գտնվում է ընդամենը մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա։ Ես մեր ամբողջ վաշտով Սյունիքի Սրաշենի դիրքերում էինք, և պատերազմի ավարտից հետո մեզ եկավ հրաման՝ դիրքը հանձնելու և նահանջելու։ Մեզ ասացին՝ եթե դիրքերը չեք հանձնում, մնալու եք այդտեղ, ու ձեզ այդտեղ կսպանեն, որովհետև հանձնելու որոշում կա։ Հետևաբար, ես վստահ եմ՝ Նիկոլ Փաշինյանն ինչ ասում է, անում է հակառակը, և եթե ասում է, որ ժողովրդի թիկունքում հերթական թուղթը չի ստորագրելու, ընդհակառակը, դա անելու է, ուստի հիմա Սյունիքում ռազմական գործողություններ սկսելու վտանգ կա, որովհետև թուրք-ադրբեջանակսն տանդեմի ախորժակն իր մեջ ներառում է Մարտունին, Ստեփանակերտը, Լաչինի և Սյունիքի միջանցքները։
Այնպես որ, հորդորում եմ սյունեցիներին. ձեր ունեցած զենք-զինամթերքը չվաճառեք, պահե՛ք, վաղը ստիպված եք լինելու ձեր ընտանիքներին պաշտպանել»,- ասաց Ջաբրայանը՝ նշելով, որ ի տարբերություն բազմաթիվ սյունեցիների, որոնք անտարբեր են իրենց սպառնացող վտանգների նկատմամբ, այդ վտանգը զգում են անգամ գործարար շրջանակները, որոնք կասեցրել են Սյունիքում իրենց ներդրումային ծրագրերը։
«Նոր եմ վերադարձել Կանադայից, որտեղ քննարկվեց Սյունիքում կանադացիների ներդրումային ծրագիրը։ Կանադացի գործարարների տնօրենների խորհուրդն ասաց, որ կասկածում են, որ Սյունիքը կարող է ամբողջությամբ մնալ Հայաստանի վերահսկողության տակ։ Նշեմ, որ Սյունիքում կասեցվել է 75 միլիոն դոլարի ներդրումային ծրագիր՝ նախատեսված 5 տարվա համար»,- ասաց Ջաբրայանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում
168.am