Եթե ապաշրջափակում պիտի լիներ, 6-7 ամիս անցել է, ու՞ր է այն, Հայաստանի համար դա զրո արդյունք ունի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Հենրիկ Քոչինյանը՝ անդրադառնալով ճանապարհների ապաշրջափակման հարցին։

«Երբ ապաշրջափակման մասին ամրագրվել է, կարծես խոսքը ոչ թե Հայաստանի, այլ  Նախիջեւանի ապաշրջափակման մասին է։ Իսկ Նախիջեւանը երբեք էլ շրջափակված չի եղել, նրանք հիանալի ճանապարհ ունեն Իրանի տարածքով, որը տրանսպորտային տեսանկյունից ավելի շահավետ է, քան Մեղրիով հնարավոր ճանապարհը»,- նշում է նախկին պաշտոնյան եւ իր մտահոգությունը հայտնում Հայաստանով տրվող միջանցքի վերաբերյալ, որը, ըստ նրա, ոչ թե Մեղրիով, այլ Սիսիանով կարող է անցնել։

«Վերջին զարգացումներին հետեւելով, վախենում եմ, որ միջանցք հասկացողությունը ադրբեջանցիները հասկանում են ոչ թե Մեղրիով, այլ Սիսիանով։ Այս ճանապարհն իրենց համար տնտեսապես ավելի հարմար է։ Նրանք այս ուղղությունը, նշանակետն արդեն վերցրել են, Սեւ լիճը հենց այդ ուղղությունն է»,- ասում է նա ու հավելում, որ այս պարագայում Սյունիքից Ադրբեջանն ավելի մեծ հատված է կտրելու, ըստ այդմ, ցանկացած փաստաթղթում, եթե «միջանցք» բառը գրված է, պիտի այն անհապաղ պատռել։

«Տրանզիտ, միջանցիկ ճանապարհ, խնդրեմ։ Երկու երկրներ համապատասխան պայմանագրեր են կնքում, համագործակցում են տրանսպորտային հաղորդակցության վերաբերյալ։ Բայց երբ ասում ենք՝ Մեղրիով միջանցք, հարց է առաջանում՝ իսկ ինչու՞ Նախիջեւանով միջանցք չպետք է լինի դեպի Հայաստան»։

Քոչինյանի դիտարկմամբ, Մեղրիով ճանապարհ ունենալու թիվ մեկ շահառուն Թուրքիան է, որը փորձում է իր դարավոր երազանքն իրականություն դարձնել։ Առաջարկելով պատմական իրողությունները հիշել, նախկին նախարարը նշում է, որ Բաքվի նավթը միշտ լավ հոտ է ունեցել, ու բոլորը, առաջին հերթին անգլիացիները, վազել են այնտեղ։ «Թուրքիային ձեռնտու է կարճ ճանապարհով այդ նավթը ստանալ։ Մյուս կողմից Բաքուն ցանկանում է Ռուսաստանը շրջանցելով իր նավթն ու գազը դեպի Եվրոպա հասցնել, տնտեսական անկախություն ունենալ Ռուսաստանից։ Այսինքն՝ խնդիրը ոչ միայն մեծ թուրանի գաղափարն իրագործելն է, այլեւ տնտեսական  նպատակները կյանքի կոչելը»։

Ժամանակին Վազգեն Սարգսյանն ասել է, որ մի օր Մեղրին պայթելու է Երեւանի կենտրոնում։ Հարցին՝ պայթե՞լ է արդեն, ի պատասխան Քոչինյանը նշեց․ «Եթե կարճ ասեմ, ապա լուցկին արդեն վառած է ու մոտեցրել են քուղին։ Մնում է մեկ կայծ ու կկպչի։ Երջանկահիշատակը(նկատի ունի Վազգեն Սարգսյանին-խմբ․) վստահ եմ, իր գերեզմանում տասը անգամ շուռումուռ է եկել։ Զարմանում եմ, որ Հայաստանում կարող է մարդ լինել, որ Մեղրիի դերակատարումն Հայաստանի համար չգիտակցի։ Մեղրին տալը նշանակում է Հայաստանի ոտքերը ծնկներից կտրել»։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն