Իշխանությունը չի կարող միայնակ 50+1 տոկոս ձայն հավաքել. Արմեն Բադալյան
Սահմանային իրավիճակով պայմանավորված ընտրությունների չեղարկման միտքը, ըստ քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի, իշխանությունների գաղափարն է, որը շրջանառության մեջ դրվեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավարի շուրթերով:
«Շատ դեպքերում, երբ իշխանությունները ինչ-որ միտք են ուզում դնել շրջանառության մեջ, նրանք խուսափում են դա իրենց կողմից անել, օգտագործում են իրենց գրպանային ընդդիմադիր ուժերին՝ նման մտքեր շրջանառության մեջ դնելու համար, որպեսզի տեսնեն արձագանքը, որից հետո կորոշեն։ Նախկինում շատ դեպքերում հանրապետականները նման տեղեկություններ հայտնում էին ՕԵԿ-ի միջոցով։ Եվ թվում էր, որ երբ ՕԵԿ-ը պառլամենտից դուրս եկավ, օեկիզմը նույնպես քաղաքական դաշտից դուրս եկավ, բայց պարզվում է, որ դուրս չի եկել։ Հունիսի 20-ից հետո, կարծում եմ, որ այլեւս այն չի լինի»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց նա։
Բադալյանը կարծում է, որ, այնուամենայնիվ, արտահերթ ընտրությունները Հայաստանում կկայանան:
«Եթե ընտրությունները պիտի չկայանային, հենց սկզբից էլ չէին կայանալու, որովհետեւ վարչապետն ասաց՝ արտահերթ ընտրությունների կարիք չկա, բայց Հայրենիքի փրկության շարժումը բավականին մեծ գործողություն իրականացրեց, իհարկե, չհասավ իր նպատակին՝ վարչապետի հեռացում, իրենց թեկնածուի՝ Վազգեն Մանուկյանի վարչապետ նշանակում եւ 1 տարի նորմալ իրավիճակի ստեղծում։ Բայց, այնուամենայնիվ, կարողանում էր ինչ-որ ճնշումներ գործադրել իշխանությունների վրա, եւ ենթադրում ենք, որ արտաքին քաղաքական ճնշումներ եւս եղել են իշխանությունների վրա արտահերթ խորհրդարանական ընտրություններ իրականացնել, որպեսզի պարզեն՝ իշխանությունները լեգիտիմ են, թե` ոչ։ Եվ հիմա չի բացառվում, որ վարչապետը, տեսնելով, որ ինքը արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթելու որեւէ հնարավորություն չունի, որովհետեւ չի կարող միայնակ 50+1 տոկոս ձայն հավաքել, իսկ իր դաշնակից ոչ մի քաղաքական ուժ խորհրդարան չի անցնում եւ ամենայն հավանականությամբ խորհրդարան անցած «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքները եւ «Բարգավաճ Հայաստանը» շատ հավանական է, որ դաշինք կնքեն եւ ձեւավորեն կոալիցիոն կառավարություն երկրորդ նախագահի վարչապետությամբ, ինչը բնականաբար դուր չի գալիս գործող իշխանություններին, եւ շատ դեպքերում իշխանությունները «пробный шар» են գցում շրջանառության մեջ եւ որոշում են արտահերթ ընտրություններն ինչ-որ մի ձեւով հետաձգել։
Չեմ կարող պնդել, որ ընտրությունները չեն հետաձգվի, բայց ամենայն հավանականությամբ դրանք տեղի կունենան հունիսի 20-ին»,- ասաց նա։
Հարցին, թե որքանով է հավանական ԲՀԿ-ի կողմից կոալիցիա կազմելը իշխող ուժի հետ, Բադալյանն ասաց, որ կախված է ապագա Ազգային ժողովում ուժերի հարաբերակցությունից։
«Իհարկե, եթե ԲՀԿ-ն դաշինք է կազմում ՔՊ-ի հետ, իր վրա է վերցնում 5000 հոգու Արցախյան պատերազում եւ մոտ 5000 հոգու կորոնավիրուսից զոհերի գործը, բայց ապագա խորհրդարանում ուժերի հարաբերակցությունը շատ բան կարող է փոխել»,-հավելեց նա:
Անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր- Պետրոսյանի գլխավորած ՀԱԿ կուսակցության շանսերին, քաղտեխնոլոգն ասաց, որ այնքան էլ շանսեր չկան, որ այս ուժը խորհրդարան կանցնի. «ՀԱԿ-ի գլխավոր շարժիչ ուժը, որ պետք է ձայներ բերի, առաջին նախագահն է, բայց նրա վարկանիշը այլեւս այն չէ, որ կարողանա խորհրդարան անցնել, նրանց համար շատ բարենպաստ կլինի, որ կարողանան 5 տոկոսն անցնել։ Շատ քիչ հավանական է, որ Հայ ազգային կոնգրեսը կկարողանա 1-2 տոկոսից ավելի ձայն հավաքել»։
Հարցին, թե վերջին իրադարձություններն ինչպիսի ազդեցություն ունեցան իշխող ուժի եւ Փաշինյանի վարկանիշի վրա, քաղտեխնոլոգն ասաց, որ վարկանիշի անկում, անկասկած եղել է:
«Չենք արել սոցիոլոգիական հարցում, չենք կարող 100 տոկոս ասել, բայց կոպիտ դիտարկմամբ տեղի է ունեցել վարկանիշի որոշակի անկում, բայց ոչ այնքան, որքան միգուցե շատերը մտածում էին, որովհետեւ երբ հրապարակվեց այդ որոշումը, հիմնական խնդիրը դրվեց, որ նա գաղտնի է կատարել, որովհետեւ բուն փաստաթուղթը, որպես այդպիսին, խիստ հակահայկական չէր, քանի որ սահմանազատման աշխատանքներին ուղղված հայտարարություն էր: Իսկ ինչպես պետք է կատարվի սահմանազատումը՝ դա արդեն տարիների հարց է, բայց քանի որ այն գաղտնի էր, գաղտնիության գործոնը փորձեցին օգտագործել վարչապետի դեմ, բայց քանի որ վարչապետն էլ փաստաթղթի բովանդակությունը հօգուտ իրեն ներկայացրեց, կարելի է ասել՝ եւ՛ անկում տեղի ունեցավ, եւ՛ վերականգնեց։ Եթե անգամ անկում է եղել, ապա շատ քիչ։ Ավելի մեծ անկում տեղի ունեցավ, երբ Սյունիքում ադրբեջանցի զինվորներ հայտնվեցին, դա բավականին հստակ ընդգծում է վարչապետի վարկանիշը, քանի որ վարչապետը չի կարողանում պաշտպանել Հայաստանի սահմանները, ինչպես նաեւ քաղաքացիների անվտանգությունը»,-ասաց նա։
Անդրադառնալով սահմանային իրավիճակին եւ Փաշինյանի այն հայտարարությանը, որ ամբողջ սահմանի երկայնքով հայ եւ ադրբեջանցի զինվորականների միջեւ ծեծկռտուք է եղել, Բադալյանն ասաց, որ սա նույնպես ի վնաս Փաշինյանի վարկանիշի է:
«Սահմանապահների ծեծկռտուք չպետք է լինի, քաղաքացիների, սահմանների անվտանգությունը պետք է ապահովվի, նա չի կարողանում ապահովել։ Նրա հիմնական բացատրությունն է, որ էլի մեղավոր են ուրիշները, Հայաստանում Ադրբեջանի գործակալներ կան։ Հետո նա սիրում է ոչինչ չասող հայտարարություններ անել, դա նրա 3 տարվա աշխատելաոճն է, ինչպես նաեւ նախկինների դեմ պայքարն էլ նրա թեման է, սա էլ դրա ենթատեքստում է, որ հիմա էլ նախկինները Ադրբեջանի գործակալներն են։ Բոլորը մեղավոր են, բացի նրանից»,-ասաց նա։