«Նեթանյահուն և երկրի իշխանությունները փորձում են թաքցնել իրենց հանցագործությունները»․ Հս․ Կորեան Իսրայելին դատապարտել է Գազայի հատվածը «երեխաների սպանդանոցի վերածելու համար»
Հյուսիսային Կորեան Իսրայելին դատապարտել է Գազայի հատվածը «երեխաների սպանդանոցի վերածելու համար»։ Երկրի արտաքին գործերի նախարարությունն այդպիսի հայտարարությամբ է հանդես եկել Ագրեսիայի զոհ դարձած անմեղ երեխաների միջազգային օրվա (նշվում է հունիսի 4-ին՝ ի հիշատակ 1982 թվականի օգոստոսին զինված բախումների հետևանքով զոհված պաղեստինցի և իսրայելցի երեխաների- խմբ․) կապակցությամբ հղած ուղերձում, փոխանցում է Newsweek-ը։
ԿԺԴՀ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտարարել է, որ «Իսրայելի զազրելի հանցագործությունները՝ պաղեստինցի երեխաների զանգվածային սպանությունները, լուրջ մարտահրավեր են մարդկության համար»։
«Չափազանցություն չի լինի ասել, որ Գազայի ամբողջ հատվածը վերածվել է երեխաների զանգվածային սպանության վայրի։ Ռմբակոծությունների ավարտից անմիջապես հետո Նեթանյահուն (Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահու- խմբ․) և Իսրայելի իշխանությունները փորձում են թաքցնել իրենց հանցագործությունները, որոնք իրականացվել են նաև երեխաների նկատմամբ»,- ասված է երկրի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Երուսաղեմում հուզումները սկսվել էին մայիսի 7-ին: Արաբ երիտասարդների և ոստիկանության միջև բախումները բռնկվել էին մայիսի 8-ի երեկոյան, այնուհետև շարունակվել՝ տարածվելով Տաճարի լեռան և Ալ-Աքսա մզկիթի տարածքում: Դրանք իրենց գագաթնակետին հասել էին մայիսի 10-ին, երբ հրեաները նշում են Երուսաղեմի օրը:
Եգիպտոսի միջնորդությամբ Իսրայելի և պաղեստինյան «ՀԱՄԱՍ»-ի միջև հրադադար է հաստատվել մայիսի 21-ից:
Իսրայելա-պաղեստինյան 11-օրյա հակամարտության հետևանքով ավելի քան 250 մարդ է զոհվել, նրանց մեծամասնությունը՝ Գազայի հատվածում: Ե՛վ ՀԱՄԱՍ-ը, և՛ Իսրայել հայտարարում են հաղթանակ տանելու մասին: