«Պեկինն առնվազն 10 տրիլիոն դոլար պետք է վճարի կորոնավիրուսի պատճառած վնասի համար». Թրամփ
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Հյուսիսային Կարոլինա նահանգի Գինվիլ քաղաքում Հանրապետական կուսակցության միջոցառման ժամանակ հայտարարել է, որ «Չինաստանը կորոնավիրուսային համավարակի պատճառած վնասի համար Միացյալ Նահանգներին ֆինանսական փոխհատուցում է պարտք»:
Ինչպես նշում է The Irish Post-ը, նախկին նախագահի գնահատմամբ` «Պեկինն առնվազն 10 տրիլիոն դոլար պետք է վճարի»:
Հունվարին Սպիտակ տունը լքած Թրամփը նաև շեշտել է, որ «մյուս երկրները, որոնք պարտք են Չինաստանին, չպետք է մարեն իրենց պարտքերը, քանի որ Չինաստանը նրանց ևս վնաս է պատճառել համավարակի պատճառով ու պետք է փոխհատուցում տրամադրի»:
«Մենք փոխհատուցում ենք պահանջում Չինաստանի Կոմունիստական կուսակցությունից: Չինաստանը պետք է վճարի: Նրանք պետք է վճարեն»,-ասել է Թրամփը` ևս մեկ անգամ կրկնելով իր տեսակետն առ այն, որ Covid-19-ն արտահոսել է չինական լաբորատորիայից:
«Այս սարսափելի բանը եկել է Չինաստանից` Ուհանից»,-1200 աջակիցների առջև ելույթում ասել է միլիարդատերը: