Սյունիքում 7 այլընտրանքային ճանապարհ ենք կառուցում․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Կառավարության որոշմամբ 400 մլն դրամ հատկացրեց Սյունիքի մարզի զարգացման և ներդրման հիմնադրամին` մարզային և համայնքային ենթակայության ենթակառուցվածքներում, բնակչության համար սոցիալական և կենսական նշանակություն ունեցող կարևորագույն, հրատապ ծրագրեր իրականացնելու համար:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ այլընտրանքային ճանապարհներին։ «Սյունիքում 7 այլընտրանքային ճանապարհ ենք կառուցում՝ մասնավորապես Շուռնուխ, Որոտան, Բարձրավան, Գեղանուշ, Ճակատեն համայնքների պարագայում, նաև միջպետական նշանակության՝ Տաթև-Աղվանի-Կապան ճանապարհը լավացնելու աշխատանքներ ենք իրականացնում»,–ասաց նա։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ասաց, որ Տաթև–Աղվանին ամբողջովին պատրաստ է, երթևեկելի է և գլխավոր դժվարությունը Տաթևի ձորի որոշակի հատվածներում է, և Տաթև-Լծեն ճանապարհը դրա համար է կառուցվում, որ շրջանցեն այդ հատվածը և ավելի շուտ դուրս գան Սիսիան։
«Մյուս վեց ճանապարհների վրա աշխատանքները բավականին ակտիվ տեմպով ընթանում են, բայց Ձեր հանձնարարությամբ հիմա ևս երեք ճանապարհ ենք դիտարկում։ Դրանք հիմա քննարկման փուլում են»,–հայտնեց նա։
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Որոտան-Շուռնուխ գյուղերի ճանապարհները անցանելի են բոլոր կարգի մեքենաների համար։
Tert.am