Ուժի ճնշման տակ ցանկացած միջազգային պայմանագիր առոչինչ է, ՀՀ այսօրվա սահմանները ձեւավորվել են ուժի ճնշման տակ․ Ավետիք Չալաբյան
Առանց Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի սահմանազատման իրականացումը բերելու է մեր առանցքային ազգային իրավունքների ոտնահարմանը։ Այս մասին Ազգային ժողովում այսօրվա լսումների ժամանակ ասաց հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանը։
«Այսինքն՝ առաջին հերթին դա բերելու է դե ֆակտո ՀՀ կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչմանը՝ խորհրդային Ադրբեջանի սահմաններում և ըստ էության հրաժարում Արցախի հանրապետության համար հետագա պայքարից։ Երկրորդ, նույնիսկ Հայաստան-Ադրբեջան սահմանագծման տեսանկյունից դա կարող է բերել խնդիրների, որոնք մեզ համար երկարաժամկետ հեռանկարում լուրջ ռազմավարական բարդություններ են առաջացնելու, մասնավորապես, ճանապարհների, ռազմավարական դիրքերի նկատմամբ վերահսկողությունը։ Ուստի, ակնհայտ է, որ այս պահին սկսել սահմանազատման որոևէ գործընթաց՝ առանց ունենալու խաղաղության համապարփակ պայմանագիր, ժամանակավրեպ է»,- ասաց նա։
Ըստ Չալաբյանի՝ պետք է նախ հասկանալ, թե ինչու ենք հասել այս հանգրվանին։ Իրականում կարող ենք հղում կատարել բազմաթիվ միջազգային փաստաթղթերի, մասնավորապես, Հելսինկյան եզրափակիչ ակտի, որը հայտարարում է, որ ուժի ճնշման տակ ցանկացած միջազգային պայմանագիր առոչինչ է։
«Հայաստանի այսօրվա հանրապետության սահմանները ուժային ճնշման արդյունքում ձևավորված սահմաններ են։ 1921 թվականի Կարսի պայմանագիրը ուժային ճնշման արդյունքում ձևավորված պայմանագիր է, որը ՀՀ իրավանախորդ Հայաստանի սոցիալիստական հանրապետությունը ստորագրել է։ Այսօր նույն պրակտիկան շարունակվում է, ինչքան էլ մենք ասենք, որ գոյություն չունի Արցախի հարցի ուժային լուծում, ես կարող եմ հակառակը պնդել՝ Արցախի հարցի լուծում գոյություն չունի առանց ուժային հավասարակշռության և մեր առնվազն այն ուժային ռեսուրսի, որը հնարավորություն է տալիս մեր ազգային շահերը հետևողականորեն իրացնել։ Այսօր մենք իրականում կանգնած ենք բարդ երկընտրանքի առջև։ Մեր սահմանները կարող են անընդհատ կրճատվել, որովհետև Ադրբեջանը նորանոր ներխուժումներ կարող է իրականացնել, օգտվելով իշխանության հերթական սխալից, որպեսզի հերթական տարածքում դիրք գրավի, բարձունք վերցնի և մեզ ի վերջո պարտադրի այդ սահմանազատումը։ Եթե մենք ուզում ենք այդ ընթացքը կանխել, պետք է հասկանանք, որ այս պայմաններում դա հնարավոր է միայն համատարած ազգային մոբիլիզացիայի պայմաններում։ Պետք է տեղի ունենա մոբիլիզացիա՝ երկրի սահմանների, ինքնիշխանության պաշտպանության հրամայականի շուրջը։ Մեզ պետք է վերականգնել մեր ռազմական կարողությունները, կոտրված անվտանգային համակարգով մենք չենք կարող դիմակայել հակառակորդի անընդհատ նկրտումներին»,- ասաց նա։
Lragir.am