Պաշտոնյաներն ու մասնագետը գնահատել են 7 տոկոս տնտեսական աճ ապահովելու հնարավորությունները
Հայաստանում հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծով նախատեսվում է ապահովել 7 տոկոս տնտեսական աճ: «Արմենպրես»-ը զրուցել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանի և Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանի հետ:
Նախարար Վահան Քերոբյանը սա համարում է խիստ անհրաժեշտ նվազագույն ցուցանիշ, այն մարտահրավերները, որոնք կանգնած են երկրի առջև, կառավարությանը պետք է ստիպեն ձգտել դրանից ավելիին:
«Նախատեսում ենք զանգվածային ներդրումներ կատարել ենթակառուցվածքների, դպրոցների, մանկապարտեզների, հիվանդանոցների և այլ կարևոր ոլորտներում: Բացի այդ, կառավարությունը որդեգրել է նաև տնտեսական կառուցվածքի փոփոխության ճանապարհը, այսինքն սպառման վրա հիմնված տնտեսական աճից անցում կատարել դեպի ներդրումների վրա հիմնված տնտեսական աճի: Շարունակելով կառավարության ծրագրի մեր հռչակած նպատակները՝ պետք է ասեմ, որ շեշտադրումը կատարվելու է մշակող արդյունաբերության դերի շարունակական ավելացման վրա: Նաև մեծ ուշադրություն ենք դարձնելու փոքր, միջին ձեռնարկությունների զարգացմանը»,-ասում է նախարարը:
7 տոկոս տնտեսական աճի սցենարը լավատեսական է համարում օրենսդիր մարմնում իշխող կուսակցության ներկայացուցիչներից Գևորգ Պապոյանը, եթե անգամ 4.5 տոկոս տնտեսական աճ ունենանք, ապա դա, ըստ էության, գերազանց ցուցանիշ կլինի, սակայն կառավարությունը շատ ավելի բարձր թիրախ է սահմանել:
«Բայց այդ թիրախի սահմանման հիմքում նաև որոշակի գործողությունների պլան է դրված: Մասնավորապես, կապիտալ ներդրումների ծախսերը մոտ 60 տոկոսով այս տարվա համեմատ ավելացել են: Եվ դրա արդյունքում մենք կանխատեսում ենք, որ պետական ներդրումները կաճեն 42-42.5 տոկոս: Եվ զուգահեռ կանխատեսում ենք նաև մասնավոր ներդրումների աճ՝ 15 տոկոսից մի փոքր ավել, և այս արդյունքում ընդհանուր առմամբ կանխատեսում ենք, որ կունենանք այդ տնտեսական աճը»,-ասում է պատգամավորը:
Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը, սակայն, մատնանշում է ընթացիկ տարում տնտեսական աճի տեմպերի դանդաղումը: 2021-ի արդյունքում կանխատեսում է 5-ից, լավագույն դեպքում, 5.5 տոկոս տնտեսական աճ: Նա տնտեսության զարգացման որոշակի ռիսկեր է տեսնում կայունության հենասյուներից երկուսում՝ անվտանգային և քաղաքական հարթություններում։ Տնտեսական հիմքերի ուժեղացման գործընթաց Արամյանը չի տեսնում:
«Մեր տնտեսական աճի պոտենցիալը տարբեր գնահատականներով միջճգնաժամային 2020-ի ժամանակահատվածի գնահատմամբ, գնահատվել է 3.5-4 տոկոս, այժմ գնահատվում է 3 տոկոսի շրջանակներում: Եթե մենք մյուս տարի կարողանանք նույնիսկ ապահովել 4 տոկոսանոց աճ, դա նշանակում է, որ մեր տնտեսական պոտենցիալից մի բան էլ առավել է: Ես ավելի շատ հակված եմ 4 տոկոս տնտեսական աճի ցուցանիշի համար 2022 թվականին»,-նշում է Արամյանը:
Տնտեսության պատասխանատուներն ընթացիկ տարվա վերջին եռամսյակում տնտեսական աճի տեմպի արագացման ակնկալիք ունեն։ Պապոյանը 6-6.5 տոկոս տնտեսական աճ է կանխատեսում, իսկ նախարար Քերոբյանը վստահեցնում է՝ նոմինալ արժեքով 2021-ի վերջին Հայաստանում կարձանագրվի բարձր տնտեսական աճ, որը վերջին տարիներին չի եղել:
1in.am