Մեր զրուցակիցն է Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը

ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, խոսելով հետխորհրդային հակամարտությունների և ՀԱՊԿ-ի մասին, ասել է, որ չի կարելի այդ կառույցի գործիքները կիրառել, օրինակ Ադրբեջանի դեմ օգտագործել ՌԴ զորքերը: «Եվ Հայաստանը, և Ադրբեջանը ԱՊՀ կազմում են, նշանակում է՝ պետք է խնդրի լուծման խաղաղ ուղիներ փնտրել»,-ասել է նա: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունները:

Բովանդակային առումով սա, իհարկե, զավեշտ է, անհեթեթություն է, որը երևի վիրավորական է բանականության համար լուրջ քննարկելը: Սակայն մենք պետք է դա քննարկենք, որովհետև երբ վերջանում են քաղաքական խաղերը, սկսվում են բառախաղերը: Հիմա մենք ռուսների հետ մտել ենք հենց այս փուլը, երբ խաղան արդեն ավարտված է և իրեն մրցավար ներկայացնող կամ մարզիչ կամ թիմակից ներկայացնող ռուսական կողմը ստիպված է գիտակցել և վաճառել մի նոր գաղափար, նոր ձևով: Ընդ որում, դա անհրաժեշտ է ոչ միայն հայերի համար, այլև շրջակա այլ ազգերի համար, նաև սեփական ժողովրդին այնուամենայնիվ բարձր բարոյական, հոգևոր երկիր երևալու համար: Ահա թե ինչու հիմա մենք տեսնում ենք զավեշտալի բառախաղ: Ոչ միայն Բորդյուժան է այդ բառախաղով զբաղվում, այլ նաև Լավրովը, Զախարովան և մյուսները: Պուտինի ողջ արքունիքը զբաղված է անշնորհակալ գործով՝ բացատրել, որ սևը սպիտակ է, որ ջուրը չոր է և նման անհեթեթություններ: Սա հետաքրքիր է այն իմաստով, որ մենք կարող ենք այս հոգեվարքի մեջ տեսնել կլինիկական մի պատկեր, որը յուրահատուկ է ցանկացած մեռնող համակարգի, ցանկացած մեռնող կայսրության: Սա բնորոշ է եղել ռուսական կայսրությանը իր վերջին տարիներին, երբ Ռասպուտինն էր խոսում հատուկ այդ երկրի հոգեբարոյական բնութագրի համար, դա բնորոշ էր Սովետական Միության վերջին տարիներին, երբ Բրեժնևի կամ Չեrնենկոյի մառազմը դարձել էր ամբողջ աշխարհի ծիծաղի առարկան: Եվ հիմա որքան էլ իրեն փչում է Ռուսաստանը իր ուժի, իր հզորության մասին հեքիաթներով, դա ի վերջո նույնն է: Որովհետև եթե չկա բովանդակություն, դա փոխարինվում է  բառախաղով:

Եվ հետաքրքիր է, որ ինչպես և մենք կանխատեսում էինք, Հայաստանն է այն կետը, որտեղ ամենից լավ է երևում սնանկությունը՝ և քաղաքական, և բարոյական, և իմաստային: Սա իմաստային անհեթեթություն է, դա այն է, ինչպես կարելի է բնութագրել հայ-ռուսական հարաբերությունները: Սա միայն  Բորդյուժան չէ, սա արդեն երևույթ է: Մենք անընդհատ տեսնում ենք՝ ինչպես են փորձում մեզ համոզել, որ մենք ենք մեղավոր, մենք ենք մեզ պատժել: Գոգոլի «Ռևիզոր»-ում կա մի դրվագ, երբ գող ու ավազակ պաշտոնյան, որը ծեծի է ենթարկել անմեղ կնոջը, երդվում է, որ ինքը չի ծեծել, ձողն ինքն իրեն է մտրակել կնոջը: Հիմա տեսնում ենք, որ հեռուստատեսային շոուներում, հոդվածներում ռուս փորձագետները փորձում են համոզել, որ Հայաստանն է մեղավոր այս ամեն ինչում, Հայաստանն է դավաճանել Ռուսաստանին և խեղճ Ռուսաստանն էլ չգիտի՝ ոնց օգնի Հայաստանին, բայց Հայաստանը ոչ մի կերպ չի ուզում, որ իրեն օգնեն: Սա է պատկերը:

Այսօր Սոչիում եռակողմ հանդիպում է լինելու Պուտինի, Փաշինյանի և Ալիևի միջև: Նախօրեին Շառլ Միշելն ու Պուտինը հեռախոսազրույց էին ունեցել, և Պուտինը ներկայացրել էր 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021-ի հունվարի 11-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանն ուղղված քայլերը: Դեկտեմբերի 15-ին Շառլ Միշելի նախաձեռնությամբ Բրյուսելում Փաշինյան-Ալիև հանդիպում է լինելու: Ի՞նչ ակնկալել այսօրվա հանդիպումից և Բրյուսելի հանդիպումից:

Մենք կրկին որպես քաղաքական հասարակություն, որպես քաղաքագետներ ու փորձագետներ, կոպտորեն սխալվում ենք, երբ առանձնացնում ենք Պուտին-Շառլ Միշել խոսակցության մեջ միայն հայկական թեման: Բանն այն է, որ այդ թեման առանձին չէ, բարեբախտաբար: Հենց այն հանգամանքը, որ Շառլ Միշելը խոսել է մի քանի թեմաների մասին՝ Ուկրաինա, Բելառուս, միգրանտների ճգնաժամ և արցախյան հակամարտություն, նշանակում է, որ Արևմուտքը ևս մեկ անգամ ընդգծում է, որ Հայաստանի խնդիրը առանձին հարց չէ, դա Արևմուտքի և Ռուսաստանի, տվյալ դեպքում ռուս-թուրքական դաշինքի միջև հակամարտություն է, միջազգային իրավունքի և ավազակային գանգստերային մոտեցման միջև: Հայաստանին, փաստորեն, ըստ Բայդենի ցուցակի դիտում են որպես Արևմուտքի մաս և մեր բոլոր հնարավորությունները, մեր ապագա հաղթանակների գրավականը դրանում է, որ Շառլ Միշելը, որ Մակրոնը, Բայդենն ու Բլինքենը խոսում են Հայաստանի վերաբերյալ՝ համարելով, որ դա ուկրաինա-վրացա-բելառուսա-մոլդովա-հայկական համալիր է: Այսինքն մենք արևմտյան ճամբարում ենք:

Ողբերգությունն այն է, որ մեր ժողովուրդը և մեր քաղաքական  հասարակությունը դա ոչ մի կերպ չի ուզում հասկանալ: Իսկ հանցանքն այն է, որ մեր քաղաքական իշխանությունները դա ժողովրդին չեն ասում՝ ելնելով բոլորովին սին, դատարկ ու սխալ հաշվարկներից, իբրև թե դա կարող է ինչ-որ բանի օգնել: Ոչ, դա միայն խանգարում է ժողովրդին, որովհետև եթե դու պատերազմի մեջ ես և չես  հասկանում, թե ով է քո թշնամին, քո հաղթանակը հնարավոր չէ: Հաղթելու համար մենք նախևառաջ պետք է դա հասկանանք: Արևմուտքը ևս մեկ անգամ հայերին ցույց տվեց, թե որ ճամբարում ենք մենք, իսկ մենք դա չենք կարողանում տեսնել, ինչը շատ ցավալի է: Բայց ոչինչ, եթե մենք ինքներս մեզ չխանգարենք, մենք կփրկվենք:

Այդուհանդերձ, ինչպիսի՞ն են ակնկալիքներն այսօրվա հանդիպումից:

Ես կարծում եմ, որ այս զանգը ևս մեկ ակնարկ է Փաշինյանին, թեև ես հույս ունեմ, որ նա ստացել էր ուղիղ ակնարկներ Արևմուտքից, որ ինքը չպետք է զիջի, որ չպետք է տանուլ տա այդ ճնշմանը, և պետք է դիմադրի ու դիմանա, որովհետև սա ոչ միայն հայ-ադրբեջանական պայքար է, սա քաղաքակիրթ աշխարհի պայքարն է բարբարոսական և բանդիտական բռնապետությունների դեմ: Սա ժողովրդավարության և բռնապետության միջև համաշխարհային պայքար է, Հայաստանը պետք է  լինի ժողովրդավարության հետ: Դա է մեր հաջողության ու հաղթանակի գրավականը: Ես վստահ եմ, որ Փաշինյանը պետք է դիմանա, կարող է դիմանալ: Հենց այն, որ Սոչիից հետո լինելու է Բրյուսել, դա մեծ հույս է ներշնչում:

Lragir.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն