Փաշինյանը դրական է գնահատել եռակողմ բանակցությունները
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 26-ին կայացած եռակողմ բանակցությունները «շատ դրական» է գնահատել: Այս մասին նա հայտարարել է բանակցությունների արդյունքում։
«Մենք փաստացի քննարկել ենք օրակարգային բոլոր հարցերը։ Դա հանդիպում չէր, որպեսզի խնդիրները քողարկեինք, մենք բաց քննարկում էինք բոլոր հարցերը։ Շատ հարցերի շուրջ մենք հստակեցրեցինք դիրքորոշումները, և պարզվեց, որ որոշ հարցերի շուրջ մենք ոչ մի տարընթերցում չունենք, ինչպես թվում էր մինչ այս հանդիպումը», – ասել է նա։
Նրա խոսքով, տարածաշրջանում բոլոր տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների բացման հարցում կողմերը արձանագրել են, որ ընդհանուր պատկերացում ունեն, թե ինչպես են այդ հաղորդակցությունները աշխատելու:
Փաշինյանը նաև տեղեկացրել է, որ կողմերը քննարկել են սահմանագծման և սահմանազատման գործընթացի մեկնարկի թեման։ «Մենք ընդունել ենք եռակողմ հայտարարություն, որտեղ արձանագրել ենք, որ մինչ այդ անհրաժեշտ պայմաններ պետք է ստեղծել, այսինքն՝ անվտանգության և կայունության ինչ-որ մեխանիզմներ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին», – ասել է նա:
Վարչապետը տեղեկացրել է, որ անդրադարձ է կատարվել նաև հումանիտար հարցերին։
Armeniatoday.news