Մենք չպետք է գնանք անցյալ եւ մնանք այնտեղ, ինչպես այս իշխանությունը. Ռոբերտ Քոչարյան
Մենք չպետք է գնանք անցյալ եւ մնանք այնտեղ, ինչպես այս իշխանությունը։ Այս մասին այսօր՝ մայիսի 24-ին, հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
«Պետք է տարբերել վենդետա բառը արդարադատություն բառից։ Վենդետան հաշվեհարդար է մարդկանց նկատմամբ, որոնք կոնկրետ քեզ կամ քո թիմին վատություն են արել։ Վենդետան եւ արդարադատությունը բոլորովին տարբեր բաներ են։ Այո, ես համարում եմ, որ վենդետա չպետք է լինի։ Մենք չպետք է գնանք անցյալ եւ մնանք այնտեղ, ինչպես այս իշխանությունը»,- նշել է երկրորդ նախագահը։
Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ հենց ներկայիս իշխանությունն է իրականացնում վենդետա. «Բայց սա չի նշանակում, որ եթե պարզվի, որ եղել է ակնհայտ հանցագործություն երկրի շահերի նկատմամբ, մենք պետք է ասենք՝ ոչինչ, որ 5000 մարդ է զոհվել։ Ամեն ինչ պետք է լինի ոչ թե այնպես, ինչպես արվում էր այս երեք տարվա ընթացքում, այլ օրենքի շրջանակներում։ Հենց նրանց արածն էր վենդետա, որովհետեւ բոլոր քրեական գործերը, նույնիսկ գյուղապետերի նկատմամբ, ունեն քաղաքական երանգ։ Ունեմ բազմաթիվ փաստեր, որոնք չեմ հրապարակում՝ մարդկանց համար խնդիրներ չստեղծելու համար։ Եվ այդ գործերն ավելի շատ առեւտուր անելու համար են»։
Նա ընդգծել է՝ սա չի նշանակում, որ եթե ակնհայտ հանցագործություն է եղել, դա պետք է մոռացության մատնվի եւ դրան քաղաքական կամ իրավական գնահատական չտրվի. «Հակառակ դեպքում, մենք դառնալու ենք հանցագործություններ պարտակող քաղաքական ուժ»։