Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի «Դեմեր» դամբարանադաշտի պեղումներից հայտնաբերված խեցեղենը, զենքը, պերճանքի առարկաները և այլ նյութեր հանձնվել են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՊՈԱԿ-ից:

Հնագիտական արշավախմբի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանի խոսքով՝ պեղումներն  իրականացվել են 40-ից ավելի դամբարանում (1989-91 թթ․)։ Հնագետի փոխանցմամբ՝ դամբարանները տարբեր ժամանակաշրջաններով էին թվագրվում՝ միջին բրոնզի վաղ շրջանից (մ․թ․ա․ 23-22 թթ․)  մինչև երկաթի լայն տարածման դարաշրջան (մ․թ․ա․ 7-6 դդ․)։ Այսինքն՝ շուրջ  1500 տարի դամբարանադաշտը պարբերաբար օգտագործվել է։ 

«Դամբարանադաշտի պեղումները  բավականին հետաքրքիր նյութ են տալիս։ Կարող ենք խոսել թաղման ծեսի (խմբային, անհատական թաղումներ), դիադրման եղանակների, դամբարանային կառույցների ձևերի մասին։ Մարդաբանական նյութերը ուսումնասիրել են մեր լավագույն մասնագետները՝ Ռուզան Մկրտչյանը և Հասմիկ Սիմոնյանը», -ասել է  Աշոտ Փիլիպոսյանը։ 

Հնագետը նշել է, որ մ․թ․ա․ երրորդ հազարամյակից սկսած Հայկական լեռնաշխարհը միշտ եղել է խիտ բնակեցված և պեղված նյութը ցույց է տալիս, որ Սևանի ավազանը, Արարատյան դաշտավայրը, Բարձր Հայքը, Վանի ավազանը պատմամշակութային մեկ ընդհանրության մաս են կազմել։ 

«Ներքի Գետաշենը  զինագործության, պերճանքի առարկաների արտադրության, խեցեգործության շատ կարևոր շրջան է եղել», - եզրափակել է հնագետը։ 

Հնագիտական նյութը տարիների ընթացքում վերականգնման տևական փուլ է անցել։ ՊՈԱԿ-ի վերականգնման լաբորատորիայի մասնագետներն էլ առաջիկայում կաշխատեն գտածոների հետ, հետո դրանք կհամալրեն կազմակերպության ֆոնդերը։

Հնագիտական նյութի զգալի մասը տարբեր տարիներին հրատարակվել  է հանրապետական և արտերկրի պարբերականներում։ 

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն