Աշգաբադի ադրբեջանամետ հռչակագրի տակ ստորագրած Ղրղըզստանը նախկինների օրոք դեմ էր գնացել Ադրբեջանին
Ադրբեջանական լրատվամիջոցները ոգևորությամբ տարածում են Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադում ընթացող Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) գագաթնաժողովի արդյունքները, մասնավորապես, Աշգաբադի հռչակագիրը, որում արտացոլվել են Ադրբեջանի շահերից բխող դրույթներ։
Ադրբեջանական կողմին հատկապես ոգևորել է այն, որ ՀԱՊԿ անդամ երեք երկիր՝ Ղազախստան, Տաջիկստան, Ղրղըզստան, շնորհավորել են ՀԱՊԿ անդամ չհանդիսացող Ադրբեջանին՝ «օկուպացված տարածքների ազատագրման» և Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման առիթով:
Այն, որ ՀԱՊԿ անդամների մեջ եղել և կան ադրբեջանամետ երկրներ, դա, ըստ էության, նորություն չէ, սակայն, ընդհանուր առմամբ, նրանք ինչ-որ չափով փորձել են իրենց ավելի զուսպ պահել: Ավելին, 2017-ին նույն Ղրղըզստանն Իսլամաբադում անցկացված Տնտեսական համագործակցության կազմակերպության 13-րդ գագաթնաժողովի ժամանակ հրաժարվել է միանալ եզրափակիչ հայտարարությանը, որում հակահայկական ձևակերպումներ են եղել, ինչն այս անգամ տեղի չի ունեցել:
Փաստաթղթում այդ ժամանակ ընդգծվել էր, թե «Արցախը Հայաստանի կողմից օկուպացված տարածք է», և թե կազմակերպության անդամ երկրների տարածքներում առկա չկարգավորված հակամարտությունները, մասնավորապես, հայ-ադրբեջանական հիմնախնդիրը, խոչընդոտում են տարածաշրջանի տնտեսական զարգացմանը, ավելի լայն ձևաչափով համագործակցության հաստատմանը:
Ղրղըզստանի որոշումը խիստ դժգոհություն էր առաջացրել պաշտոնական Բաքվում, Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Հիքմեթ Հաջիևն անհասկանալի էր որակել Ղրղըզստանի նման պահվածքը:
«Տվյալ հարցում Ղրղըզստանի դիրքորոշումը լիովին պարզ չէ: Լուրջ հարց է առաջանում, թե ո՞ւմ ջրաղացին է այդ երկիրը ջուր լցնում»,- հայտարարել էր նա:
Աշգաբադի հռչակագիրը, ըստ էության, խոսում է հայկական կողմի դիվանագիտական ձախողման մասին, ինչը միակը չէ փաշինյանական իշխանության տարիներին: Գուցե նաև ամոթից ելնելով է, որ Հայաստանի իշխանությունները հատուկ անդրադարձ ՀԱՊԿ անդամ երկրների այս աջակցությանը չեն կատարել:
Այս համատեքստում, թերևս, տեղին է հիշեցնել 2016-ի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի արդյունքները, երբ ՀԱՊԿ շրջանակներում ՀՀ գործընկերներն աջակցություն էին հայտնել ընթացիկ տարում Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածություններին՝ ուղղված հակամարտության գոտում իրավիճակի լարվածության աճի կանխարգելմանը, իրադրության կայունացմանը և խաղաղ գործընթացի առաջմղման համար պայմանների ստեղծմանը:
Նստաշրջանում վերահաստատվել էր ԼՂ հիմնախնդրի՝ բացառապես խաղաղ լուծման անհրաժեշտությունը, աջակցություն է հայտնվել հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, որոնք հիմնված են միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի, մասնավորապես, ուժի չկիրառմանը կամ ուժի կիրառման սպառնալիքին, պետությունների տարածքային ամբողջականությանը, իրավահավասարությանը և ժողովուրդների ինքնորոշման իրավունքին վերաբերող դրույթների վրա:
Ավելին, 2016թ. դեկտեմբերի 29-ի առավոտյան Չինարի գյուղի մոտակայքում ադրբեջանական զորքերը ձեռնարկել էին դիվերսիոն ներթափանցման փորձ։ Չնայած հայկական Զինված ուժերը կանխել էին հակառակորդի դիվերսիան և հետ շպրտել ելման դիրքեր, այնուամենայնիվ, հայկական կողմն ունեցել էր 3 զինվորականի կորուստ։
Այս առիթով ՀԱՊԿ-ը տարածել էր կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հայտարարությունը, որում նշվում էր, որ ՀԱՊԿ քարտուղարությունում տագնապով են ընդունել Հայաստանի Չինարի գյուղի մոտ եղած զինված բախման մասին տեղեկությունը:
«ՀԱՊԿ անդամ պետության տարածքում այդ գործողությունը դիտարկում ենք՝ որպես սադրանք»,- ասված էր հայտարարության մեջ։
Իսկ սրանից մեկ տարի առաջ՝ 2015-ին, Մոսկվայում կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր.
«Իհարկե, ցանկացած երկիր ունի իր շահերը, իր առաջնայնությունները, բայց դրանք չպետք է հակադրվեն մեր ընդհանուր շահերին և փոխադարձ պարտավորություններին։ Ամեն անգամ, երբ Ադրբեջանի Զինված ուժերը Հայաստանի Հանրապետության դեմ կիրառում են ավտոմատներ, ականանետեր և հրետանային սարքավորումներ, նրանք կրակում են Աստանայի, Դուշանբեի և Բիշքեկի, Մոսկվայի և Մինսկի ուղղությամբ։ Հիշեցնեմ, որ մենք Կանոնադրության մեջ ունենք համապատասխան հոդված։ Եվ եթե մենք ոչ միայն չենք կիրառում այդ հոդվածը, չենք քննարկում ստեղծված իրավիճակը, հարկ չենք համարում վերցնել լսափողը և հետաքրքրվել՝ ինչ է կատարվում դաշնակից Հայաստանում, և դրա հետ մեկտեղ՝ նաև քվեարկում ենք միմյանց շահերի դեմ միջազգային կազմակերպություններում, երրորդ երկրների հետ ընդունում ենք երկկողմ հայտարարություններ, որոնց տեքստն ուղղված է ՀԱՊԿ դաշնակիցների դեմ, ապա մենք պարզապես այդ կրակոցների տակ ենք դնում մեր ամբողջ Կազմակերպությունը, նրա հեղինակությունը, նրա կարևորությունը»,- կոշտ զգուշացրել էր Սերժ Սարգսյանը:
Արդեն 2017-ին հուլիսին, երբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Յուրի Խաչատուրովն էր, նա ՌԴ Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նիստում անդրադառնալով ՀԱՊԿ գործունեության առաջնայնություններին՝ հայտարարել էր.
«ՀԱՊԿ-ը պետք է դրական իմիջ ձևավորի միջազգային ասպարեզում: Որոշ արևմտյան երկրներ համառորեն ձգտում են ամեն գնով պահպանել իրենց իշխող դիրքը: Մրցակիցներին չեզոքացնելուն է ուղղված նրանց քարոզչության ամբողջ հզորությունը: Մինչդեռ քաղաքական կատակլիզմների մեղավորները ներկայացվում են որպես զոհեր՝ ռազմատենչ ազգայնամոլություն, կրոնական ծայրահեղականություն որդեգրած ռեժիմները հերոսացվում են և աջակցություն ստանում «թեև նա սրիկա է, բայց մեր սրիկան է» սկզբունքով»:
Այսինքն, նա պնդել էր, որ միջազգային քաղաքականության մեջ հաստատվում է «ուժի կամ ուժեղի իրավունքը»:
2018-ին Տավուշում դարձյալ լարվածության աճ կար, զոհ, վիրավոր, և ՀԱՊԿ-ն արձագանքել էր գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին հայտարարությամբ․
«Մտահոգություն ենք հայտնում վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերի և քաղաքացիական օբյեկտների վրա գնդակոծության դեպքերի առթիվ, որոնք հանգեցրել են մարդկային կորուստների: ՀԱՊԿ անդամ երկիր Հայաստանի Հանրապետության անվտանգության սպառնալիքի աճը թույլ չտալու նպատակով՝ կոչ ենք անում դադարեցնել գնդակոծությունը և ՀԱՊԿ պատասխանատվության գոտում լարվածության ավելացումը»։
Իսկ ՀԱՊԿ-ից ՀՀ-ի նկատմամբ այսօրվա, այսպես ասած, անհարգալից վերաբերմունքն իր պատճառներն ունի. Փաշինյանը և նրա իշխանությունը, քաղաքական վրեժխնդրությունից ելնելով՝ սկսեց ՀՀ ներկայացուցչի հետկանչի գործընթաց ՀԱՊԿ-ից, երբ այնքան դժվար էինք հասել դրան՝ Յուրի Խաչատուրովին Հայաստանում սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք առաջադրելով «Մարտի 1»-ի գործով:
Յուրի Խաչատուրովը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնել էր 2017 թվականի մայիսի 2-ին։ Իսկ 2018-ի նոյեմբերի 2-ին նա ազատվեց այս պաշտոնից:
ՀԱՊԿ-ում հետկանչի գործընթացին պատրաստ չէին: Առհասարակ, Նիկոլ Փաշինյանն իր ձախողակ արտաքին քաղաքականության պատճառով շատ երկրներ է «հեռացրել» ՀՀ-ից, այդ թվում՝ եվրոպական:
Եվրոպականի մասով դեռ առիթ կլինի անդրադառնալու: Մի բան հստակ է՝ Նիկոլ Փաշինյանի պատճառով ՀՀ-ն շատերի մոտ կորցրել է վստահելի գործընկերոջ համբավը:
168.am