Lragir․am-ի զրուցակիցն է վարակաբան Արմեն Օհանյանը

Պարոն Օհանյան, կորոնավիրուսի «օմիկրոն» շտամը որքանո՞վ է վտանգավոր, ի՞նչ տեղեկություններ կան։

Ինֆորմացիան շատ քիչ է իրականում, դեռ որևէ նկարագրություն չունենք, թե կլինիկական ինչ ընթացք է ունենում այն՝ ավելի թեթե՞ւ են տանում, թե ծանր։ Հաշվի առնելով, որ այն ունի որոշակի մուտացիաներ, կառուցվածքն այլ է, ենթադրում ենք, որ տարբերվում է մյուս շտամներից։ Բայց այդ փոփոխությունը կլինի ավելի մեղմ, թե ավելի վատ, ոչ ոք հիմա հստակ չի կարող ասել։ Եվրոպական երկրներում դեռ առաջին դեպքերն են գրանցվում, գոնե մեկ շաբաթ, 10 օր ժամանակ է պետք հասկանալու, թե կլինիկորեն ինչ ընթացք է ունենալու։ Իրականում ԱՀԿ-ն ինչ-որ տեղ սխալ է արել, որ արդեն իսկ այս շտամը գնահատել է variant of concern։ Այսինքն՝ եթե սա դասում են անհանգստության տարբերակների մեջ, ենթադրում եմ, որ պետք է ունենան հստակ ինֆրոմացիա, որ այն տարբերվում է ոչ միայն գենետիկական մակարդակով, այլ նաև վարակելիության արագությամբ, հիվանդության ընթացքով և այլն։ Բայց դրա մասին առայժմ ոչ մի հստակ ինֆորմացիա չկա, թե ոնց է տարբերվում։ Ուղղակի այս փոփոխությունների չափը հաշվի առնելով՝ այս ինֆորմացիայում ամենաահաբեկողն այն է, որ ենթադրվում է, որ այս դեպքում արդեն կարող է պատվաստանյութերի էֆեկտիվության կտրուկ նվազում լինել։ Ամենաշատ անհանգստացնող երևույթն այս պահին երևի թե սա է։

Հայաստանում համավարակային իրավիճակն ինչպե՞ս եք գնահատում, հիվանդացությունը նվազո՞ւմ է։

Տրմաբանական իր զարգացումն ունեցավ։ Ես հույս ունեի, որ երրորդ ալիքով կվերջացնենք, բայց չորրորդն էլ եղավ։ Հավանաբար այս հարցում աշխարհի բնակչության քանակն է մեծ դեր խաղում։ Եթե համեմատում ենք նախորդ էպիդեմիաների հետ, մասնավորապես, 1917 թվականի, քանի որ հիմա երկրի բնակչությունը շատացել է, դրա հաշվին այս իրավիճակն է։ Սա վտանգ է ներկայացնում իրենից, որովհետև սովորաբար շատ երկար ու կայուն իմունիտետ չի ձևավորվում այս հիվանդության դեպքում։ Եվ եթե տարածումը երկու տարուց ավելի շարունակվի, արդեն ռեալ ռիսկ է ստեղծվում, որ առաջին փուլում հիվանդացածները նորից կսկսեն վարակվել։ Իհարկե, դա կլինի ամենավատ սցենարը։ Իսկ պատվաստանյութի նպատակն առաջին հերթին հիվանդության ընթացքը թեթևացնելն է, այն համաճարակը չի կանգնեցնելու։ Սա այն պատվաստանյութը չէ, ինչպես բնական ծաղիկի կամ մյուս հիվանդությունների դեպքում, որ կանգնեցնի հիվանդացության տարածումը։

Այլ մուտացիաներ հնարավո՞ր են։

Այս հիվանդությունը բժշկության մեջ ամեն ինչ խառնել է իրար և ստիպում է մեր պատկերացումները վերանայել։ Ինձ թվում է՝ այսօր գիտնականները շատ են ընկած այս վիրուսի հետևից և փորձում են բոլոր միկրո փոփոխությունները գտնել։ Դրա հետևանքով ենք մենք այսքան շատ տարբերակներ հայտնաբերում։ Այսինքն՝ կարելի էր ուղղակի բաց թողնել, չհայտնաբերել այդ տարբերակների մի մասը։ Այն, որ վիրուսը կարող է մուտացվել, և մուտացված հաջորդ շտամը լինել էլ ավելի ագրեսիվ, նոր բռնկումներ առաջացնել, դա իրոք շատ լուրջ խնդիր է։ Չի բացառվում, որ արհեստածինություն կա, չեմ կարող հստակ ասել։ Ամեն դեպքում՝ որպես ինֆեկցիոն հիվանդություն, կորոնավիրուսը լրիվ տարբերվում է ինֆեկցիոն մյուս հիվանդություններից։ Այսպիսի ինֆեկցիոն հիվանդություն ուղղակի չի եղել, որ առաջացնի այսպիսի մեծաքանակ բորբոքային պրոցես։ Եվ իր անընդհատ շարունակվելն էլ է դա փաստում, պատվաստանյութը կա, կարծես թե հետազոտությունները ցույց են տվել, որ դրանք էֆեկտիվ են նաև կանխման առումով, բայց միևնույն է՝ հիվանդությունը պտտվում է։ Բնությունն ինքն էլ է փորձելու պայքարել, բայց սովորաբար մարդուն հաջողվում էր այդ օղակն ընդհատել, առաջ անցնել։ Բայց հիմա նույն եվրոպական երկրներում, որտեղ պատվաստվածության բավական բարձր ընդգրկվածություն կա, միևնույն է նորից հիվանդացության բարձրացում կա։ Կարծես թե ինքն իր հստակ ընթացքն ունի, և մենք առանձնապես այդտեղ դեր չունենք։

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն