Ռիհաննան դարձել է Բարբադոսի ազգային հերոս
Հանրահայտ երգչուհի Ռիհաննան դարձել է Բարբադոսի Հանրապետության ազգային հերոս: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովստի»-ն, այս մասին հայտարարվել է նախօրեին կայացած արարողության ժամանակ, երբ երկիրը պաշտոնապես հրաժարվել Մեծ Բրիտանիայի թագուհու իշխանությունից:
Ռոբին Ֆենթին, ով առավել հայտնի է որպես Ռիհաննա անունով, ծնվել է Բարբադոսում և վաղ հասակում տեղափոխվել ԱՄՆ՝ երգչուհու կարիերա սկսելու համար: 2018 թվականին նշանակվել է Բարբադոսի արտակարգ և լիազոր դեսպան արտասահմանում կղզային պետության հանրաճանաչությանը նպաստելու գործում ունեցած ավանդի համար: Նրա պատասխանատվության ոլորտը ներառում է կրթությանը, զբոսաշրջությանը և ներդրումներին առնչվող հարցեր:
Երեքշաբթի Ռիհաննան մասնակցել է Հանրապետության առաջին նախագահի երդմնակալության արարողությանը, որին ներկա էր նաև Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզը:
«Ձեզ եմ ներկայացնում Բարբադոսի ազգային հերոս դեսպան Ռոբին Ռիհաննա Ֆենթիին»,- ամբիոնից հայտարարել է Բարբադոսի վարչապետ Միա Մոտլին՝ վերջինիս ցանկանալով «շարունակել շողալ ինչպես ադամանդ»՝ մեջբերելով Ռիհաննայի հայտնի երգերից մեկի բառերը:
Սեպտեմբերի վերջին Բրաբադոսի խորհրդրանը միաձայն կողմ էր քվեարկել սահմանադրական փոփոխություններ անելուն և կառավարման միապետական ձևից հրաժարվելուն՝ երկիրը դարձնելով հանրապետություն: Մեկ ամիս անց խորհրդարանը դարձյալ կողմ է քվեարկել կղզու գլխավոր նահանգապետ Սանդրա Մեյսոնին նախագահ նշանակելուն:
Նախագահի երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել Բարբադոսի անկախության 55-րդ տարեդարձի օրը: Երկիրն անկախություն է ձեռք բերել 1966 թվականին, սակայն մինչ օրս պետության ղեկավար էր համարվում Մեծ Բրիտանիայի թագուհին:
Tert.am