Արմավիրում շահագործման հանձնվեց միջազգային չափանիշներին համապատասխանող մարզադաշտը
Արմավիրի քաղաքային մարզադաշտը վերակառուցումից հետո այսօր շահագործման հանձնվեց: Արարողությունը ներկա էին Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը:
Մարզադաշտի ենթակառուցվածքներին ծանոթացան նաև ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: Մարզադաշտը ունի 3100 նստատեղ և կարող է ընդունել միջազգային հանդիպումներ։
«Այստեղ հանդիպումներ կանցկացնեն երիտասարդական ու պատանեկան հավաքականները։ Նախատեսում ենք հաջորդ տարվա Հայաստան-Ուկրաինա երիտասարդական հավաքականների խաղը անցկացնել այս մարզադաշտում։ Նախնական համաձայնությամբ՝ այստեղ մարզվելու են «Սարդարապատ» ֆուտբոլային ակումբի մանկապատանեկան թիմերը։ Բարձրագույն խմբի ակումբներից մեկին առաջարկելու ենք տնային խաղերն անցկացնել այստեղ։ Դեռ չգիտենք, թե որ թիմը կլինի։ Դա էապես կաշխուժացնի ֆուտբոլային կյանքն Արմավիրում»,- լրագրողների հետ զրույցում ասաց Մելիքբեկյանը։
Մարզադաշտի վերանարոգման համար ծախսվել է 688 մլն դրամ, և հիմնական ֆինանսավորումը եղել է ՀՖՖ-ի կողմից, աջակցություն է եղել նաև ՖԻՖԱ-ից և ՈւԵՖԱ-ից։
1in.am