«Հրապարակ». Անփոխարինելի «Տիկտոկերուհին»
Հուլիսին շրջակա միջավայրի փոխնախարար նշանակված Գայանե Գաբրիելյանը, որը երեխայի է սպասում, երեկ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում նախագիծ էր զեկուցում։ Նրան հարցրինք՝ ո՞վ է Ձեզ փոխարինելու, երբ գնաք ֆիզարձակուրդ, ո՞վ է համակարգելու այդ ոլորտը։
«Ես հույս ունեմ՝ Աստծո կամքով շատ շուտ վերադառնալ, բայց ֆիզարձակուրդի դեռ չեմ դիմել, շարունակում եմ պաշտոնավարել եւ նախատեսում եմ շատ շուտ վերադառնալ։ Իմ ոլորտում որեւէ փոխարինող այս պահի դրությամբ չենք նախատեսում, որովհետեւ ես շատ շուտ եմ նախատեսում վերադառնալ, ուղղակի կարիքը չենք տեսնում, որ այդ 2-3 ամիսների համար անհրաժեշտություն կա փոխարինող գտնել»,- ասաց նա։
Գաբրիելյանը մինչեւ փոխնախարար նշանակվելը սիրում էր զվարճանալ «Տիկ-Տոկ»-ում՝ մանկահասակ երեխայի ձայնով հոլովակներ էր տեղադրում։ Մենք հետաքրքրվեցինք՝ շարունակո՞ւմ է։ Նա չցանկացավ մեկնաբանել։ Ի դեպ, նա բավականին արտիստիկ կերպար է՝ դերասանական շնորհքով․ երեկվա քննարկման ժամանակ էլ ամեն հարցին յուրահատուկ էմոցիաներով էր արձագանքում՝ հայացքի եւ աչքերի խաղով ու արտահայտությամբ։