ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբոր՝ Ռոբերտ Սուքիասյանի նկատմամբ երկրորդ անգամ գրավ կիրառվեց՝ 55 մլն դրամի չափով։ Նա կրկին ազատ արձակվեց։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատել են դատարանից։ 

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, Սուքիասյանի խափանման միջոցի հարցը քննության առարկա է դարձրել պաշտպանի դիմումի հիման վրա։

Նշենք, որ նախաքննության ընթացքում Ռոբերտ Սուքիասյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել կալանավորումը, որը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանի կողմից փոփոխվել էր և կիրառվել գրավ՝ 50 մլն դրամի չափով։

Դատախազությունը բողոքարկել էր Սուքիասյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին որոշումը, սակայն, մինչ բողոքի քննությունը, քրեական գործով նախաքննությունն ավարտվել էր և գործն ուղարկվել է դատարան։ Գործը՝ դատաքննության նախապատրաստելիս դատավոր Կարեն Ֆարխոյանը, ում վարույթում այժմ գտնվում է քրեական գործը, քննել է Սուքիասյանի խափանման միջոցի հարցը և վերջինիս նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը թողել անփոփոխ։

Դատավոր Կարեն Ֆարխոյանի որոշումից հետո Վերաքննիչ քրեական դատարանը քննել է դեռևս նախաքննության ընթացքում Սուքիասյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ դատախազության բողոքը և բավարարել այն՝ կայացնելով Սուքիասյանին կալանավորելու որոշում, Սուքիասյանը կալանավորվել է։

Փաստաբանը դիմում է ներկայացրել առաջին ատյանի դատարան՝ Սուքիասյանի խափանման միջոցի փոփոխման հարցի քննարկման նպատակով նիստ հրավիրելու վերաբերյալ։ Արդյունքում՝ դատարանը քննել է Սուքիասյանի խափանման միջոցի հարցը և որոշել նրա նկատմամբ նորից որպես խափանման միջոց կիրառել գրավը՝ 55 մլն դրամի չափով։

Դատական հաջորդ նիստը կկայանա 2022թ հունվարի 19-ին, ժամը՝ 15.30-ին։

Հիշեցնենք, որ Սուքիասյանի եղբոր մասնակցությամբ զինված միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 18-ին՝ մի կնոջ ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ առաջացած տարաձայնության պատճառով։ Հնչել էին կրակոցներ, որի հետևանքով կան նաև տուժածներ։ ՔԿ պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հրազենը կիրառել է Սուքիասյանի եղբայրը, որին մեղադրանք է առաջադրվել զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեջ, իսկ «BROWNING» տեսակի հրազենը, որը գտնվել է վերջինիս մոտ, եղել է օրինական հիմքով։

Նախաքննական մարմինը մեղադրանք է առաջադրել Ռոբերտ Սուքիասյանին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով՝ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար։ Սուքիասյանից բացի քրեական գործով մեղադրյալի կարգավիճակում է ևս երեք անձ.Արման Ապինյանը, որը ևս մեղադրվում է զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեջ, Սարգիս Աբգարյանը, որը մեղադրվում է մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու մեջ և Վարազդատ Գասպարյանը, որը մեղադրվում է խուլիգանություն կատարելու մեջ։

PastInfo.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն