Եմենի զորքերը հակագրոհ են սկսել հութիների դեմ՝ փորձելով վերադարձնել մայրաքաղաք Սանան
Եմենի միջազգայնորեն ճանաչված կառավարությանը պատկանող ուժերը հակագրոհներ են սկսել «Անսար Ալլահ» շարժման հութիների դեմ` նպատակ ունենալով վերադարձնել մայրաքաղաք Սանան, որը գտնվում է խմբավորման վերահսկողության տակ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։
Աճող լարվածության պայմաններում Եմենի պաշտպանության փոխնախարար, գեներալ-մայոր Սամիր ալ-Սաբրին պետական հեռուստատեսությամբ հեռարձակված ելույթում նշել է, որ կառավարությունը որոշել է «վերագրավել Սանան»:
Եմենի կառավարությանն առընթեր ուժերի խոսնակ Մաջիդ ալ-Նուզաիլին ասել է, որ արշավի նպատակն է «ազատագրել Եմենը հութիների գերությունից» և վերականգնել Սանան՝ որպես բոլոր եմենցիների մայրաքաղաք:
Նա նաև զգուշացրել է քաղաքացիներին խուսափել Սանա տանող մի քանի հիմնական ճանապարհից։
Սեպտեմբերի 7-ից մարտերը սրվել են Թաիզի, ալ-Բայդայի և ալ-Ջաուֆի նահանգներում։ Սաուդյան Արաբիայի կողմից աջակցվող Եմենի կառավարական ուժերը հայտարարել են, որ հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել հութիների դիրքերին։
Հութիներն իրենց հերթին հայտարարել են, որ հետ են մղել ալ-Ջաուֆի ուղղությամբ հարձակումը, և որ ալ-Հազմ քաղաքի բանտին ավիահարվածի հետևանքով զոհվել է առնվազն յոթ մարդ։ Նրանք հարձակման համար մեղադրել են Էր Ռիադին՝ շեշտելով, որ «ագրեսիան անպատիժ չի մնա»։
Մյուս կողմից, Սաուդյան Արաբիան մեղադրել է հութիներին թագավորության հարավային նահանգների վրա վերջերս կատարված հարձակումների համար, որոնց հետևանքով առնվազն 73 քաղաքացիական անձ, այդ թվում՝ կանայք և երեխաներ են վիրավորվել։ Էր Ռիադը նաև խոստացել է արձագանքել «վտանգավոր սրացմանը»։
Այս ռազմական գործողություններն ամենալուրջ սրացումն են 2022 թվականին ՄԱԿ-ի միջնորդությամբ կնքված զինադադարից հետո, որը դադարեցրեց լայնածավալ մարտական գործողությունները։
Եմենում պատերազմը սկսվել է 2014 թվականին, երբ հութիները գրավեցին Սանան, ինչը հաջորդ տարի հանգեցրեց Սաուդյան Արաբիայի կողմից ռազմական միջամտության։
Մարտերը վերսկսվեցին 2026 թ․ հուլիսին, երբ կառավարական ուժերը հարվածեցին հութիների կողմից վերահսկվող Սանայի օդանավակայանին՝ խոչընդոտելով Իրանից եկող ինքնաթիռի վայրէջքը։ Այնուհետև նախորդ շաբաթ հութիները խոշոր հարձակում սկսեցին՝ փորձելով առաջ շարժվել արևմտյան Թաիզով և հարավային Հոդեյդայով դեպի ալ-Մոխա նավահանգստային քաղաք և Կարմիր ծովում գտնվող Բաբ էլ-Մանդեբի նեղուց։
Հութիները հայտարարել են ջրային ճանապարհով անցնող սաուդյան նավերի ծովային շրջափակման մասին: Բաբ էլ-Մանդեբի նեղուցը նոր նշանակություն է ստացել սաուդյան նավթի արտահանման համար, քանի որ Իրանը սահմանափակել է Հորմուզի նեղուցով անցումն ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից հրահրված պատերազմի ֆոնին:







































