Ինչ է կատարվում Թոխմախի գերեզմանատանը.Քաղաքացին ահազանգում է` «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ը կտրականապես հերքում
«Իրավունք» թերթի ֆեյսբուքյան պաշտոնական էջին քաղաքացի Ի.Մ.-ն ահազանգել է: Քաղաքացին խայտառակություն է համարում այն, ինչ կատարվում է Թոխմախի գերեզմանատանը գտնվող 1941 թվականի զոհերի հիշատակին նվիրված պանթեոնում:
Այսպես, Ի.Մ.-ն պնդում է. «Պանթեոնի տարածքը, որպես գերեզմանատեղի, շատ բարձր գներով` 20-30 հազար դոլարով վաճառել է քաղաքացիներին Թաղման բյուրոյի տնօրեն»:
Եթե այդպես է, ապա դա արդեն անգամ միայն կոռուպցիոն սկանդալ չես համարի: Այստեղ կա նաեւ պատմական հիշողության ոչնչացման դրվագ, գումարած, որ սա սպառնում է մեր թիվ 1 դաշնակցի` Ռուսաստանի հետ հարաբերություններին նոր հարվածով:
Բողոքն օբյեկտիվորեն ներկայացնելու համար մենք փորձեցինք Թաղման բյուրոյի պատասխանը եւս ստանալ, որտեղից մեզ խնդրեցին հարցը գրավոր ուղարկել: Այնուհետեւ, ի պատասխան մեր հարցման, մասնավորապես տեղեկացրեցին. «Բնակչության հատուկ սպասարկում" ՀՈԱԿ-ի կողմից գերեզմանատեղիները տրամադրվում են օրենքով սահմանված կարգով: Սույն տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը եւ հերյուրանք է: Մեր խնդրանքն է լրատվամիջոցին` բացահայտել կեղծ լուրեր տարածողի իսկությունը, որպեսզի նա զրպարտության համար պատասխանատվության ենթարկվի օրենքի ողջ խստությամբ»:
Ինչեւէ, մնում է ուսումնասիրել ողջ պատկերը, այդ թվում տեղում պարզել, թե 1941 թվականի զոհերի հիշատակին նվիրված պանթեոնում իրականում ի՞նչ պատկեր է:
Ներկայացնում ենք նաեւ քաղաքացու նամակի սքրինը, որպեսզի ասվածը մերկապարանոց չհնչի։
Պատրաստեց` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԸ
iravunk.com